Գլխավոր տեղեկություն
Համար
N 261
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.1999-02.10.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.06.06/29(553)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.04.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.1999

040.0261.22.04.99

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22 ապրիլի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 1999 թվականի N 261
քաղ. Երևան

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Սևանա լճից ոռոգման և էներգետիկ նպատակներով ջրի բացթողումների և լճի ավազանում ջրի չկարգավորված օգտագործման պատճառով լճի մակարդակի կտրուկ անկման, նրա էկոլոգիական վիճակի վատթարացման հանգամանքը և ստեղծված վիճակը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրի բացթողումները 52 մլն խոր. մետրով կրճատելու վերաբերյալ առաջարկությանը և 1999 թվականին ոռոգման նպատակով Սևանա լճից ջրառը սահմանել 198 մլն խոր. մետր:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը`

ա) 1999 թվականի ընթացքում ավարտել Հրազդանի ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի աշխատանքային նախագծերի կազմման աշխատանքները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված կայանի կառուցման համար` ըստ տարիների, անհրաժեշտ ֆինանսական ներդրումների վերաբերյալ.

բ) մինչև 1999 թվականի մայիսի 15-ը ավարտել Սևան-Հրազդան համակարգի ՀԷԿ-երի կարգավորիչ ջրամբարների բացվածքների և ջրի ելքերի չափաբերումն ու աստիճանավորումը.

գ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ մինչև ոռոգման շրջանի սկսվելը վերացնել ապօրինի ջրառը Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից.

դ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ համատեղ կարգավորել Գեղամավանի դիտակետից ներքև տեղադրված` ջրանցքից դեպի գետ ջրհոսքը կարգավորող ջրարգելակիչի (սեգմենտ) աշխատանքային ռեժիմը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը`

ա) ոռոգման նպատակով 1999 թվականին Սևանա լճից բաց թողնվելիք ջրի ծավալի կրճատման հետևանքով առաջացած ջրի պակասը լրացնելու նպատակով ապահովել Մխչյանի, Արևշատի և Ռանչպարի ջրհան կայանների միջոցով Սևան-Հրազդան համակարգին տրվող անհրաժեշտ ջրի լրացուցիչ ծավալ.

բ) մինչև 1999 թվականի ոռոգման շրջանի սկսվելը կարգավորել Սևան-Հրազդան համակարգից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասային ջրաչափական կառույցները և Արփա-Սևան թունելի Ծովինարի դիտակետի աշխատանքը.

գ) Հայաստանի Հանրապետության ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի շրջանակներում ապահովել Արզնի-Շամիրամ ջրանցքի ոռոգման համակարգի վերականգնման, ինչպես նաև Ապարանի և Ազատի ջրամբարների հակաֆիլտրացիոն միջոցառումների իրականացումը` կրճատելով ջրի կորուստները ջրանցքից և ջրամբարներից:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ելնելով ձկնապաշտպան կառույցների աշխատանքի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունից` Սևանա լճից ջրի բացթողումների ժամային ռեժիմները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության հետ:

5. Երևանի քաղաքապետին` Երևանյան լճից ջրի օգտագործման ռեժիմը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ և լճից ջրի բացթողումն իրականացնել նախարարության հայտերով:

6. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզպետներին և Երևանի քաղաքապետին` կազմակերպել Սևանա լիճ թափվող գետերից և Սևան-Հրազդան համակարգի դերիվացիոն ջրանցքներից ջրառ իրականացնող ջրօգտագործողների կողմից ջրօգտագործման թույլտվությունների ստացումը` եռամսյա ժամկետում:

7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և 1999 թվականի մայիսի 1-ից վերսկսել կեղտաջրերի վարակազերծումը Մարտունի ու Վարդենիս քաղաքների կենսաբանական մաքրման կայաններում:

8. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` 1999-2000 թվականների գիտահետազոտական թեմաների պետական պատվերի ցանկում ընդգրկել թեմաներ`

Սևանա լճի ջրային հաշվեկշռի և ակտիվ ջրատվության ճշգրտման,

Սևանա լճի բնական ներհոսքի և արտահոսքի փոփոխականության ուսումնասիրության ու դրա կանխատեսման մեթոդիկայի մշակման,

Սևանա լճի և դրա մեջ թափվող գետերի էկոլոգիական վիճակի գնահատման ու դրանց ջրերի որակի բարելավման միջոցառումների, էկոլոգիական փոփոխությունների կանխատեսման մեթոդների մշակման,

Սևանա լճի ձկնային համակարգի էկոլոգիակենսաբանական փոփոխությունների օրինաչափությունների բացահայտման հարցերի վերաբերյալ:

9. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության հետ համատեղ երկամսյա ժամկետում չափաբերել Գեղամավանի դիտակետը և ներկայացնել առաջարկություն դիտակետի աշխատանքի ավտոմատացման վերաբերյալ.

բ) ապահովել Սևանա լճի ջրի մակարդակի չափման աշխատանքների կատարումը թերակղզու հյուսիսային և հարավային ջրեզրերին, ինչպես նաև Մարտունու և Շորժայի դիտակետերում` միաժամանակ կատարելով ուսումնասիրություններ լճի մակերևույթի վրա.

գ) 1999 թվականի մայիսի 1-ից վերսկսել Սևանա լճի ջրի աղտոտվածության դիտարկման աշխատանքները.

դ) 1999 թվականին կահավորել Սևանա լիճ թափվող գետերի հիդրոլոգիական դիտակետերը և ապահովել դրանց անխափան աշխատանքը.

ե) մեկամսյա ժամկետում ապահովել Հրազդան-Լուսակերտ դիտակետի անխափան աշխատանքը.

զ) մշտական վերահսկողություն սահմանել Սևան-Հրազդան համակարգում ջրի օգտագործման հաշվառման աշխատանքների նկատմամբ:

10. Սևանա լճում հազվագյուտ և անհետացող ձկնատեսակների պաշարների վերականգնման ու վերարտադրության նպատակով պետական պատվերի տեղադրումը` սկսած 2000 թվականից, իրականացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջոցով:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` լուծել`

ա) Ախպարայի ջրամբարը նստվածքներից մաքրելու համար նախագծով նախատեսված գումարի հատկացման հարցը.

բ) Հրազդանի (Աթարբեկյան) ՀԷԿ-ի բազայի վրա նախատեսվող ջրակուտակիչ կայանի կառուցման աշխատանքային նախագծերի կազմման համար անհրաժեշտ գումարների հատկացման հարցը:

12. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը` մեկամսյա ժամկետում շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների հետ համատեղ իրականացնել Սևանա լճի ավազանում առկա լողամիջոցների գույքագրում, կատարել դրանց տեխնիկական վիճակի զննում ու գնահատում և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն:

13. Սևանա լճի բնապահպանական և տնտեսական արժեքների վերականգնման գործընթացը բարելավելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի ապրիլի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1999 թվականի
ապրիլի 22-ի N 261 որոշմամբ

 

Կ Ա Զ Մ

 

ՍԵՎանա լճի բնապահպանական ԵՎ տնտեսական արժեքների վերականգնման գործընթացը բարելավելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի

 

Գ. Վարդանյան - ՀՀ բնապահպանության նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ֆ. Սարգսյան - ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ
Ա. Անդրեասյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ
Ա. Ասլիկյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
Խ. Դումիկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ
Ֆ. Զաքարյան - ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարարի տեղակալ
Ռ. Նազարյան - ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
Վ. Դավիդյանց - ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկ
Վ. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ
Վ. Հակոբյան - ՀՀ Գեղարքունիքի մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար
Հ. Կիրակոսյան - ՀՀ բնապահպանության նախարարության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)