Գլխավոր տեղեկություն
Համար
N 382
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.1999-08.11.2000)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.06.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
04.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.06.2005

040.0382.04.06.99

 

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

4 հունիսի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարություն

 

ո ր ո շ ու մ

 

4 հունիսի 1999 թվականի N 382

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության միջև համագործակցության ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը`

ա) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության համաձայն գործատուների ու անհատ ձեռնարկատերերի ու ապահովադիրների մոտ իրականացվող ստուգումների և ուսումնասիրությունների ժամանակ ճշտել շահութահարկի կամ եկամտահարկի հաշվարկման նպատակով նվազեցված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին, սահմանված ձևով կազմել տեղեկանք ու եռօրյա ժամկետում ուղարկել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի համապատասխան տարածքային մարմին.

բ) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց վճարված եկամուտների և պահված եկամտահարկի վերաբերյալ ամփոփ հաշվարկում նախատեսել հաշվարկված ու փաստացի վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների չափը նշելու հնարավորություն և, 1999 թվականի երկրորդ եռամսյակից սկսած, ամփոփ հաշվարկի պատճենն ուղարկել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամ:

2. Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին`

ա) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության հետ համատեղ սահմանել սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված տեղեկանքի ձևը.

բ) առանց լրացուցիչ ստուգում կամ ուսումնասիրություն կատարելու, սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության ներկայացրած տեղեկանքի հիման վրա կազմել ակտ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորությունների կատարումը:

3. Սահմանել, որ`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդը ձևավորվում է ապահովադիրների մոտ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված ստուգումների ու վերստուգումների արդյունքով պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների ժամկետանց պարտքերի նկատմամբ հաշվարկված և գանձված տույժերի ու տուգանքների, ինչպես նաև վերականգնված ոչ նպատակային ծախսերի ընդհանուր գումարի 10 տոկոսի մասհանումների հաշվին.

բ) Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարների օգտագործման ուղղությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի խորհուրդը` տարեկան ծախսերի նախահաշվի ձևով.

գ) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինների իրականացրած ստուգումների արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա արձանագրված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով հաշվարկված տույժերի ու տուգանքների գումարների` ապահովադիրների կողմից վճարմանը համամասնորեն` դրանց հաշվին նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդին մասհանված գումարների 80 տոկոսը Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամն ուղղում է Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության կողից ներկայացված ծախսերի ֆինանսավորմանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան