Գլխավոր տեղեկություն
Համար
N 161
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.03.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.06.01/33(405)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.03.1999
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.1999
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
18.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.1999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 1999 թվականի N 161
քաղ. Երևան

 

«ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ՎԱՆԱՁՈՐԻ ՔԻՄԻԱԿԱՆ ՄԱՆՐԱԹԵԼԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՎԱՆԱՁՈՐԻ ՋԷԿ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասերը միջազգային մրցույթով մասնավորեցնելու ընթացքում բանակցությունների, ինչպես նաև «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների արդյունքները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` նախաձեռնել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության` պետությանը պատկանող բաժնեմասերի (այսուհետև` պետական բաժնեմաս) մասնավորեցման համար նախապատրաստական միջոցառումների սահմաններում, նշված ընկերությունների մասնակցությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադրումը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությունում իրականացնել գույքագրման աշխատանքներ.

բ) մինչև 1999 թվականի մարտի 20-ը կազմակերպել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության ֆինանսատնտեսական գործունեության աուդիտի իրականացումը.

գ) մինչև 1999 թվականի մարտի 30-ը կազմակերպել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների և պարտավորությունների վերագնահատումը.

դ) որոշել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունների սահմանները և բանակցություններ վարել պարտատերերի հետ` պարտքերի մարման ժամկետների ու պայմանների վերաբերյալ:

4. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրել «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը և «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունում իրենց բաժնեմասի դիմաց ներդնել հիմնական միջոցները:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` մինչև 1999 թվականի մարտի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ու Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի հանդեպ «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության ունեցած պարտքերի գծով արտոնություններ տրամադրելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության աշխատանքային կոլեկտիվներին պատկանող բաժնետոմսերի հետգնման վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` մինչև 1999 թվականի մարտի 30-ը ավարտել «ԱՆԳՇ-Պրոմեթևս» բաց բաժնետիրական ընկերության հետ բանակցությունները և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` ապահովել «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո, նրա հայտով, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության օգտագործմանը հատկացված այն հողատարածքների սահմանների ճշտումը և սահմանված կարգով ձևակերպումը, որոնք կտրամադրվեն «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությանը:

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել`

ա) «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո, նրա հայտով, «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերությանը և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերությանը հատկացված այն հողատարածքների օգտագործման իրավունքի պետական գրանցումը, որոնք կտրամադրվեն «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությանը:

բ) սույն որոշման համաձայն, որպես կանոնադրական կապիտալի համալրում, «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերությունում ներդրված շենքերի և շինությունների սեփականության իրավունքի պետական գրանցումը:

10. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննարկել և հաստատել «Պրոմետեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցումից հետո, նրա հայտով, ջրօգտագործման, ինչպես նաև արտահոսքերի ու արտանետումների սահմանաքանակները և նրա հետ կնքել համապատասխան պայմանագրեր:

11. «Վանաձորի քիմիական գործարան» փակ բաժնետիրական ընկերության, «Վանաձորի քիմիական մանրաթելերի գործարան» փակ բաժնետիրական ընկերության և «Վանաձորի ՋԷԿ» պետական փակ բաժնետիրական ընկերության տարածքների սեյսմիկ վտանգի գնահատման նպատակով պատվիրատու ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը, իսկ գլխավոր կապալառու` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության կենտրոնական բաժանմունքի սեյսմիկ վտանգի գնահատման համալիր կենտրոնը:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` սույն որոշման 11-րդ կետում նշված աշխատանքների ֆինանսավորման նպատակով`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 25,0 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) աշխատանքների դիմաց վճարումը կատարել փաստացի կատարողականների հիման վրա:

13. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` ապահովել հետազոտական աշխատանքների կատարումը 4 ամսվա ընթացքում և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

14. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 18-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան