Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.11.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.12.15/42(316)
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
21.11.2008
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.11.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

 

21 նոյեմբերի 2008 թ.

թիվ 1 

 

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետև` Օրենք) որպես «վաճառատեղ» պետք է հասկանալ առևտրի իրականացման վայրում (այսուհետև` Վայր) առևտրի գործունեություն կազմակերպելու նպատակով առևտրի իրականացման վայրի կազմակերպչի (այսուհետև` Կազմակերպիչ) կողմից Վաճառողներին տրամադրված առևտրի օբյեկտները, ինչպես նաև առևտուր իրականացնելու նպատակով նրանց փաստացի տրամադրված այլ բաց վաճառատեղերը (վաճառասեղանները):

Եթե անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը առևտուր իրականացնելու նպատակով նույն վայրում (նույն հասցեում) համապատասխան վաճառատեղեր է տրամադրում մեկից ավելի Վաճառողների, ապա տվյալ վայրը համարվում է Վայր, իսկ անձը` Կազմակերպիչ, որը պարտավոր է ապահովել «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով Վայրին և Կազմակերպչին ներկայացվող պահանջները:

Վայրում առևտուր իրականացնելու նպատակով տրամադրված բաց վաճառատեղը (վաճառասեղանը) նույնպես հանձնվում է օգտագործման Կազմակերպչի և Վաճառողների միջև կնքած պայմանագրին համապատասխան:

Օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ Վայրում առուվաճառքն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (Վաճառող), որոնք 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան առևտրի գործունեություն իրականացնելու համար, համապատասխան պայմանագրով, վարձակալում են Վայրում գտնվող վաճառատեղը` առևտրի օբյեկտը (խանութ, տաղավար, կրպակ), վաճառասեղանը: Վաճառատեղին ներկայացվող պահանջները սահմանվում են Օրենքով:

2. Վաճառատեղերը անհատույց կամ վճարովի հանձնելու պայմանագրերի ցանկում չեն առանձնացված «ժամանակավոր տիրապետման և (կամ) օգտագործման հանձնման» պայմանագրերը, քանի որ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան Կազմակերպիչը վաճառատեղերը վճարովի կամ անհատույց օգտագործման նպատակով տրամադրում է Վաճառողներին` նրանց հետ օրենքով սահմանված կարգով կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա: Այստեղից հետևում է, որ վաճառատեղերի տրամադրման պայմանագրի կնքման ժամանակ, օրենքով սահմանված պայմանագրերի ընտրությունը վերապահված է կողմերին:

3. Տեղական ինքնակառավարման մարմինը Կազմակերպիչ հանդիսանալ չի կարող, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն նա կարող է իրականացնել տնտեսական գործունեություն միայն ավագանու որոշմամբ ստեղծված առևտրային կազմակերպությունների միջոցով:

Նշված կազմակերպությունների միջոցով, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացված տարածքում, կարող են կազմակերպվել նաև Օրենքի 2-րդ հոդվածով սահմանված տոնավաճառները (վերնիսաժները):

Եթե նախկինում Վայր հանդիսացած տարածքը օրենքով սահմանված կարգով վարձակալական պայմանագրի հիման վրա տրամադրվում է ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատեր), որն իր հերթին նոտարական վավերացմամբ և պետական գրանցմամբ կամ առանց դրանց տարածքները տրամադրում է ենթավարձակալության առևտրական գործունեություն իրականացնող մեկից ավելի սուբյեկտների, այդ դեպքում ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) համարվում է Կազմակերպիչ:

4. Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր), որը նույն տարածքում` (նույն հասցեում) գտնվող իր առանձին շինությունները առևտուր իրականացնելու համար նոտարական վավերացմամբ և պետական գրանցմամբ վարձակալության է տրամադրում մեկից ավելի իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի` համարվում է Կազմակերպիչ:

Քանի որ Օրենքով չի սահմանափակված Վայրերում այլ գործունեություն իրականացնելու իրավունքը (օրինակ` տարադրամի փոխանակում, առողջապահական ծառայություններ և այլն), ուստի նույն տարածքում (նույն հասցեում) բացի առևտրական գործունեություն իրականացնելու նպատակից, տարածքներ կարող են տրամադրվել նաև արտադրական գործունեություն իրականացնողներին: Անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) այս պարագայում ևս հանդիսանում է որպես Կազմակերպիչ, եթե նույն տարածքում (նույն հասցեում) մեկից ավելի վաճառատեղեր վարձակալվել են առևտուր իրականացնելու նպատակով:

Որպես Կազմակերպչի գործունեություն կարող է դիտվել նաև նույն տարածքում (նույն հասցեում) գյուղատնտեսական արտադրանքի շուկա կազմակերպողի գործունեությունը:

5. Որպեսզի անշարժ գույքի սեփականատեր հանդիսացող ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) ճանաչվի Կազմակերպիչ, իսկ գործունեությունը առևտրի իրականացման վայրի կազմակերպում` անհրաժեշտ է նշել վարձակալների կողմից տարածքների օգտագործման նպատակը:

Եթե վաճառատեղեր տրամադրելու պայմանագրերում չի նշված նպատակը, սակայն` փաստացի այդ վաճառատեղերում Վաճառողների կողմից իրականացվում է առևտուր, ապա գործունեությունը համարվում է առևտրի իրականացում, իսկ վայրը` առևտրի իրականացման վայր:

Եթե նույն վայրում (նույն հասցեում) մեկից ավելի տարածքներ վարձակալվել են առևտուր իրականացնելու նպատակով, ապա անշարժ գույքի սեփականատեր ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) համարվում է Կազմակերպիչ և պարտավոր է ապահովել Օրենքով սահմանված Վայրին և Կազմակերպչին ներկայացվող պահանջները:

6. Ֆիզիկական անձը (անհատ ձեռնարկատեր) կամ կազմակերպությունը իր սեփականության իրավունքով պատկանող կամ վարձակալած շինությունը կամ շինությունները կամ դրանց առանձին մասերը (տարածքները) մեկից ավելի առևտուր իրականացնող Վաճառողներին, ինչպես նաև այլ գործունեություն իրականացնող սուբյեկտներին վարձակալության կամ անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում, համարվում է Կազմակերպիչ և պարտավոր է ապահովել Օրենքով սահմանված Վայրին և Կազմակերպչին ներկայացվող պահանջները:

 

Նախարար

Ն. Երիցյան