040.0586.16.12.97
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1997 Թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 դեկտեմբերի 1997 թ. N 586
քաղ. Երևան
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում կենցաղային սպասարկումը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել կենցաղային սպասարկման հիմնական կանոնները (կցվում է):
2. Սահմանել, որ կենցաղային սպասարկման կանոններն ըստ մատուցվող ծառայության տեսակների հաստատում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Հաստատված է |
ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Սույն կանոններով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կազմակերպական-իրավական բոլոր տեսակի ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների (այսուհետև` ձեռնարկություն) կողմից իրականացվող կենցաղային սպասարկման կանոնները:
2. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադիր փաստաթղթերով և սույն կանոններով:
3. Սույն կանոններում օգտագործվող հիմնական հասկացությունները`
կենցաղային ծառայություն` կատարողի և սպառողի անմիջական համագործակցության, ինչպես նաև սպառողների կենցաղային կարիքների բավարարման համար կատարողի սեփական գործունեության արդյունք.
կենցաղային սպասարկում` կատարողի գործունեությունը ծառայությունների սպառողի հետ անմիջական շփման ընթացքում.
կատարող` սպառողին կենցաղային ծառայություններ մատուցող ձեռնարկություն:
սպառող` կենցաղային կարիքների բավարարման նպատակով ծառայություններ ստացող, պատվիրող անձ:
4. Ձեռնարկության կողմից իրականացվող կենցաղային ծառայության տեսակներն են`
կոշիկի նորոգում
կոշիկի անհատական կար
հագուստի նորոգում
հագուստի անհատական կար
տրիկոտաժե իրերի անհատական կար և հյուսք
տրիկոտաժե իրերի նորոգում
կենցաղային մեքենաների նորոգում
մետաղյա իրերի նորոգում և պատրաստում
կահույքի նորոգում
կահույքի անհատական պատրաստում
քիմիական մաքրում և ներկում
լվացք
բնակարանների նորոգում
վարսավիրական ծառայություն
վարձութային ծառայություն
ծիսակատարությունների և հանդիսավոր միջոցառումների ծառայություն
կինոլուսանկարչական լաբորատորիաների և լուսանկարչական ծառայություն
նվերների, հուշանվերների գնում, տեղ հասցնում կամ առաքում
ոսկերչական իրերի պատրաստում, նորոգում և դրոշմում
բաղնիքային ծառայություն
ոչ փոստային ծանրոցների տեղ հասցնում
պահեստային ծառայություններ
աղացների ծառայություն
կտրող գործիքների սրում
այլ ծառայություններ:
5. Ձեռնարկության մուտքի մոտ փակցվում է ցուցանակ, որտեղ նշվում են ձեռնարկության անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, իրավաբանական հասցեն և աշխատանքային ռեժիմը:
6. Ձեռնարկության պատվերների ընդունման կետերում, տեսանելի տեղերում զետեղվում են հետևյալ փաստաթղթերը`
ձեռնարկության գրանցման վկայականի պատճենը
սույն կանոնները
ծառայությունների գնացուցակը, իսկ թանկարժեք նյութերի և պահեստամասերի օգտագործմամբ կատարվող ծառայությունների դեպքում` նաև նյութերի և պահեստամասերի գները:
Ձեռնարկությունն սպառողի պահանջով ներկայացնում է`
պատվերների ձևակերպման փաստաթղթերի ձևերը
սպասարկող բանկի ռեկվիզիտները (անվանումը, հասցեն, հաշվի համարը)
մատուցվող ծառայություններին վերաբերող ստանդարտների և այլ նորմատիվ փաստաթղթերի ցանկը
բժշկական զննության անձնական գրքույկը (վարսավիրական և դիմահարդարման ծառայություններ)
կատարողի մասնագիտական որակավորման վկայականը, եթե այն նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
տվյալ ծառայության մատուցման լիցենզիան, եթե այդ գործունեության լիցենզավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
7. Ձեռնարկությունն ընդունում է ծառայությունների պատվերներ, որոնք համապատասխանում են իր գործունեության բնագավառին: Ծառայությունների պատվերների ընդունման տեղը և ձևը որոշում է ձեռնարկությունը:
8. Ծառայությունների մատուցման պատվերները ձևակերպվում են պայմանագրով (անդորրագրով)` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9. Սպասարկող անձը պարտավոր է կրել անվանաքարտ` լուսանկարով, անվան, ազգանվան և մասնագիտության նշումով` վավերացված ձեռնարկության կնիքով:
10. Սույն կանոնները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում բնակչությանը կամ ձեռնարկություններին մատուցվող այն ծառայությունների վրա, որոնց կանոնները հաստատում են պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինները` իրենց իրավասության սահմաններում:
11. Ձեռնարկությունն իր գործունեության ընթացքում պարտավոր է ապահովել սանիտարահիգիենիկ նորմերի և հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումը:
12. Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Սույն կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է պետական կառավարման համապատասխան լիազորված մարմինը:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.05.2005, N 577-Ն | 01.01.2006, N 586 | |
04.12.2003, N 1606-Ն | 31.12.2003, N 586 | |
13.12.2002, N 2035-Ն | 30.12.2002, N 586 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|