Գլխավոր տեղեկություն
Համար
N 564
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.1997-30.12.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.05.16/25(549)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
05.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.12.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
05.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.03.2023

040.0564.05.12.97

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐԵՏՐՈՍՅԱՆ

5 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 1997 թվականի N 564

քաղ. Երևան

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» հրամանագրի 1.7-րդ կետի պահանջին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել մարզպետարանի օրինակելի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մինչև 1997 թվականի դեկտեմբերի 31-ը հաստատել մարզպետարանների կանոնադրությունները:

3. 1998 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի ապրիլի 30-ի «Արարատի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 129, «Սյունիքի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 130, «Կոտայքի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 131, «Գեղարքունիքի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 132, «Լոռվա մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 133, «Արմավիրի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 134, «Շիրակի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 135, «Արագածոտնի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 136, «Տավուշի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 137 և «Վայոց ձորի մարզպետարանի ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 138 որոշումները:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի դեկտեմբերի 5-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 564 ՈՐՈՇՄԱՄԲ

 

ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Պետական կառավարումը մարզում իրականացնում է մարզպետը` մարզպետարանի միջոցով:

2. Մարզպետարանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողությունը, մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների նախապատրաստումը, մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության նկատմամբ վերահսկողությունը, ինչպես նաև մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման աշխատանքների վերաբերյալ մարզպետին ներկայացվող առաջարկությունների նախապատրաստումը:

3. Մարզպետարանն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այդ թվում` սույն կանոնադրությամբ:

4. Մարզպետարանն իրավաբանական անձ է, ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթղթեր:

5. Մարզպետարանի շենքի վրա և մարզպետի աշխատասենյակում տեղադրվում են Հայաստանի Հանրապետության դրոշն ու Հայաստանի Հանրապետության զինանշանը:

6. Մարզպետարանը բյուջետային հիմնարկ է և նրա ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:

 

II. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Մարզպետարանի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մարզպետին վերապահված լիազորությունների իրականացման կազմակերպումը և մարզպետի գործունեության օպերատիվության ու արդյունավետության ապահովումը.

բ) մարզի սոցիալ-տնտեսական վիճակի պարբերաբար վերլուծումը, հրատապ հարցերի բացահայտումը և դրանց վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

գ) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից մարզին անհրաժեշտ ամենամյա հատկացումների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումն ու մարզպետին ներկայացնելը.

դ) մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների հաշվեկշիռների ամփոփումը և դրանց վերաբերյալ մարզպետին ներկայացվելիք առաջարկությունների նախապատրաստումը.

ե) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ և համաձայնեցված գործունեության կազմակերպման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.

զ) մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

է) մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեության համակարգման նպատակով առաջարկությունների նախապատրաստումը.

ը) մարզպետի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացվող հարցերի վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

8. Մարզպետարանն իր հիմնական խնդիրներին համապատասխան`

ա) նախապատրաստում է մարզպետի քննարկմանը ներկայացվող կամ մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկվելիք հարցերի վերաբերյալ վերլուծական և տեղեկատվական բնույթի նյութեր ու առաջարկություններ.

բ) նախապատրաստում է մարզպետարանի աշխատանքային ծրագրերի նախագծերը, իրականացնում վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ, նախապատրաստում առաջարկություններ` ծրագրում ընդգրկված առանձին հարցերի վերաբերյալ.

գ) իրականացնում է վերահսկողություն մարզպետի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ և այդ կապակցությամբ մարզպետին է ներկայացնում համապատասխան առաջարկություններ.

դ) ուսումնասիրում և ամփոփում է մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության արդյունքները.

ե) մարզային ենթակայության ձեռնարկություններին ու կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին, ինչպես նաև մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններին և քաղաքացիներին է հասցնում մարզպետի որոշումները, կարգադրություններն ու հանձնարարականները.

զ) իրականացնում է գործող օրենսդրությամբ, այդ թվում` մարզպետի որոշումներով ու կարգադրություններով սահմանված այլ գործառույթներ:

 

III. ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

9. Մարզպետարանի գործունեությունը ղեկավարում է մարզպետը:

10. Մարզպետին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

11. Մարզպետարանի կազմակերպական կառուցվածքն է` մարզպետի աշխատակազմ և կառուցվածքային ստորաբաժանումներ:

12. Մարզպետարանի կառուցվածքը և աշխատողների թիվը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի ներկայացմամբ:

13. Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի համաձայնությամբ:

14. Մարզպետարանի քարտուղարին, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և աշխատողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում մարզպետը:

15. Մարզպետն իր որոշմամբ սահմանում է մարզպետի տեղակալի, մարզպետարանի քարտուղարի, ինչպես նաև իր կողմից անմիջականորեն համակարգվող բնագավառները:

16. Մարզպետի տեղակալը`

ա) ղեկավարում է մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

բ) քննության է առնում հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացվող առաջարկությունները մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց ղեկավարների աշխատանքի կամ պաշտոնին անհամապատասխանության վերաբերյալ և համապատասխան եզրակացություններ ներկայացնում մարզպետին.

գ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների, ինչպես նաև մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարների պաշտոնի նշանակման և պաշտոնից ազատման վերաբերյալ.

դ) մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումներից ստացած առաջարկությունների հիման վրա կազմում է մարզպետարանի գործունեության ամենամյա և մարզի ընդհանուր սոցիալ-տնտեսական վիճակի մասին համապատասխան մասով հաշվետվություններ, նախապատրաստում նյութեր մարզպետի գործունեության ընթացիկ հաշվետվության վերաբերյալ.

ե) մարզպետին ներկայացնում է առաջարկություններ հանրապետական գործադիր մարմինների իրավասությանը վերաբերող և մարզին առնչվող հարցերը նրանց քննարկմանը ներկայացնելու վերաբերյալ.

զ) առաջարկություններ է ներկայացնում մարզպետին` իր կողմից համակարգվող բնագավառներին առնչվող հանրապետական գործադիր մարմնի տարածքային ծառայության գործունեության, ինչպես նաև դրա ղեկավարի` իր զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին տվյալ մարմին առաջարկություն ներկայացնելու համար.

է) մարզպետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, փոխարինում է նրան.

ը) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

17. Մարզպետարանի գործավարությունը կազմակերպում է մարզպետարանի քարտուղարը: Մարզպետարանում գործավարության կարգը հաստատում է մարզպետը` քարտուղարի ներկայացմամբ:

18. Մարզպետարանի քարտուղարը`

ա) պատասխանատու է մարզպետի որոշումների և կարգադրությունների, այլ պաշտոնական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման ու հրապարակման, մարզպետարանի գործավարության, նամակագրության, կադրային և արխիվային գործի կազմակերպման համար.

բ) կազմակերպում է քաղաքացիների ընդունելությունը, նրանց դիմումների, գանգատների և առաջարկությունների սահմանված կարգով քննարկումը, ապահովում կապը հասարակության հետ.

գ) կազմակերպում է մարզպետի որոշումների ու կարգադրությունների առաքումը համապատասխան պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ, մարզային ենթակայության ձեռնարկություններ ու կազմակերպություններ, ինչպես նաև քաղաքացիներին.

դ) ղեկավարում է իր կողմից համակարգվող բնագավառների` մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքները.

ե) ապահովում է մարզպետի որոշումների ու կարգադրությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.

զ) ապահովում է մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ անհրաժեշտ նյութերի նախապատրաստումը.

է) առաջարկություններ է ներկայացնում մարզպետարանի` իր կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների պաշտոնի նշանակման ու պաշտոնից ազատման վերաբերյալ.

ը) իրականացնում է մարզի խորհրդի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքները.

թ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ լիազորություններ:

19. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումներն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությամբ իրենց վերապահված լիազորությունները:

20. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրություններն ու կառուցվածքը, մարզային ենթակայության ձեռնարկությունների ու կազմակերպությունների կանոնադրությունները հաստատում է մարզպետը` տվյալ բնագավառը համակարգող մարզպետի տեղակալի կամ մարզպետարանի քարտուղարի ներկայացմամբ, իսկ մարզպետի կողմից անմիջականորեն համակարգվող կառուցվածքային ստորաբաժանումներինը` դրանց ղեկավարների ներկայացմամբ:

21. Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումը`

ա) մշակում է մարզպետի` Հայաստանի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականության իրականացմանն ուղղված որոշումների ու կարգադրությունների նախագծերը և դրանք ներկայացնում մարզպետարանի քարտուղարին.

բ) մարզպետին ներկայացնում է առաջարկություն մարզային ենթակայության ձեռնարկությունների և կազմակերպությունների, դրանց ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող իրավական ակտերը վերացնելու կամ կասեցնելու վերաբերյալ.

գ) մշակում է առաջարկություններ համապատասխան բնագավառին առնչվող Հայաստանի Հանրապետության օրենսդրության կիրառման պրակտիկայի և կատարելագործման վերաբերյալ.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք է տալիս քաղաքացիների առաջարկություններին, դիմումներին և գանգատներին.

ե) կատարում է մարզպետի, ինչպես նաև համապատասխան բնագավառը համակարգող մարզպետի տեղակալի, մարզպետարանի քարտուղարի հանձնարարությունները.

զ) ներկայացնում է առաջարկություններ տեղական ինքնակառավարման մարմինների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները գանգատարկելու վերաբերյալ:

22. Մարզպետարանի գործունեությունն իրականացվում է աշխատանքային ծրագրերին համապատասխան:

23. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերը կազմվում են յուրաքանչյուր տարվա համար` հունվար-դեկտեմբեր ամիսների ընդգրկմամբ: Տարեկան ծրագրերը կազմվում են ըստ եռամսյակների:

24. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերը քննարկում և հաստատում է մարզպետը:

25. Մարզպետարանի աշխատանքային ծրագրերի նախագծերի նախապատրաստումն ու հաստատված աշխատանքային ծրագրերի կատարումը վերահսկում է մարզպետի տեղակալը:

26. Մարզպետի տեղակալը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում` նախապատրաստում և մարզպետին է ներկայացնում տեղեկանք տվյալ եռամսյակում աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ:

27. Յուրաքանչյուր տարվա ավարտից հետո մեկամսյա ժամկետում մարզպետի տեղակալը մարզպետին է ներկայացնում հաշվետվություն մարզպետարանի տարեկան աշխատանքային ծրագրերի կատարման վերաբերյալ:

28. Մարզպետի աշխատակազմն անմիջականորեն ենթարկվում է մարզպետին և կատարում նրա հանձնարարությունները:

 

IV. ՄԱՐԶՊԵՏԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՐՑԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

29. Մարզպետի քննարկմանը հարցեր ներկայացնում են մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները` իրենց իրավասության սահմաններում:

30. Մարզպետի քննարկմանը հարցերը ներկայացվում են, որպես կանոն, մարզպետի որոշումների և կարգադրությունների նախագծերի տեսքով:

31. Մարզպետի որոշումների նախագծերը կարող են քննարկվել մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններում, որոնք հրավիրվում են մարզպետի նախաձեռնությամբ` առնվազն յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ:

32. Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցությունների մասնակիցներին, ըստ անհրաժեշտության, որոշում է մարզպետը:

Մարզպետի կողմից հրավիրվող խորհրդակցություններին պարտադիր կարգով մասնակցում են մարզպետի տեղակալը, մարզպետարանի քարտուղարը, մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

33. Մարզպետի քննարկմանը կարող են ներկայացվել միայն հիմնավորված, միմյանց չկրկնող և արդեն լուծում ստացած հարցերին սկզբունքորեն նոր լուծում տալու կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին դրանց համապատասխանեցնելու նպատակ հետապնդող հարցեր:

34. Մարզպետի քննարկմանը ներկայացվող հարցերի հիմնավորվածության, դրանց որակի, ներկայացված նյութերի արժանահավատության և ամբողջականության համար պատասխանատու են հարցեր ներկայացնողները:

35. Մարզպետի քննարկմանը ներկայացվող որոշումների և կարգադրությունների նախագծերը նախապես համաձայնեցվում են մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման հետ:

36. Մարզպետի որոշումները և կարգադրությունները գրանցվում, հաշվառվում ու հերթական համարներով համարակալվում են մարզպետի որոշումների և կարգադրությունների գրանցման մատյաններում:

37. Յուրաքանչյուր տարվա համար որոշումների և կարգադրությունների համարակալումներն սկսվում են հունվարի առաջին որոշմամբ ու կարգադրությամբ և ավարտվում դեկտեմբերի վերջին որոշմամբ և կարգադրությամբ:

38. Մարզպետի որոշումներն ու կարգադրություններն ընդունվելուց հետո եռօրյա ժամկետում առաքվում են շահագրգիռ պետական մարմիններ, կազմակերպություններ և քաղաքացիներին` մարզպետարանի քարտուղարի սահմանած կարգով:

39. Մարզպետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումներն ու կարգադրություններն ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ դատարանի որոշմամբ:

40. Յուրաքանչյուր ամսվա վերջին մարզպետի տվյալ ամսում ընդունած որոշումներն ու կարգադրություններն ուղարկվում են Հայաստանի Հանրապետության վարչապետին: