ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՆԴՐԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
23 հունիսի 1999 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56, 67 և 21 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1999 թվականի փետրվարի 18-ին` Տոկիոյում:
Համաձայնագրի նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետությունում էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի իրականացմանը:
Համաձայնագրի անբաժանելի մասն են հանդիսանում 1987 թվականի նոյեմբերին ընդունված վարկային համաձայնագրերի նկատմամբ կիրառելի` Հիմնադրամի ընդհանուր դրույթները և պայմանները:
Ըստ համաձայնագրի Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամը պարտավորվում է Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրել հինգ միլիարդ երեք հարյուր իննսունինը միլիոն ճապոնական իենը չգերազանցող գումար` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության հետ համատեղ ֆինանսավորման ձևով, վարկային համաձայնագրում սահմանված պայմաններով:
Վարկառուն իր հերթին պարտավորվում է ապահովել, որպեսզի վարկային միջոցներն օգտագործվեն վարկ ստանալու իրավասու արտադրող երկրների մատակարարների, կապալառուների կամ խորհրդատուների կողմից` ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գնման համար:
Վարկառուն պարտավորվում է նաև սկսած 2009 թվականի փետրվարից մինչև 2039 թվականի փետրվարի 20-ը կիսամյակային վճարումներով Հիմնադրամին վերադարձնել վերջինիս կողմից տրամադրված վարկային միջոցները, վարկի օգտագործման դիմաց վճարել տարեկան 0.75%-ի (խորհրդատվական ծառայություններ) և 1.8%-ի (ապրանքների մատակարարում և այլ ծառայությունների մատուցում) չափով շահութատոկոս, ինչպես նաև յուրաքանչյուր դեպքում մուծել բաց թողնվող գումարի սպասարկման վճար` 0.1%-ի չափով:
Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում թվով 6 ցանկերը, որոնք վերաբերում են ծրագրի նկարագրությանը, վարկի միջոցների բաշխմանը, վարկի մարմանը, մատակարարման, պարտավորության և փոխհատուցման ընթացակարգերին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև 1999 թվականի փետրվարի 18-ին Տոկիոյում ստորագրված էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|