Գլխավոր տեղեկություն
Համար
N 396
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1995-01.06.1997)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
01.07.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.06.1997

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հուլիսի 1995 թվականի N 396

 

քաղ. Երևան

 

ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐԵՐԻՆ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՆՉԵՎ 2 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱՄՍՅԱ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Միայնակ մայրերին և մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման և վճարման հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել`

ա) միայնակ մայրերի ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է).

բ) մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին կանոնադրությունը (կցվում է):

2. Սույն որոշումը կիրարկել 1995 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 1-ի N 396 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

միայնակ մայրերին ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Միայնակ մայրերին (ամուսնության մեջ չգտնվող) պետական նպաստներ (հետագայում` նպաստ) նշանակվում ու վճարվում է երեխաներին կերակրելու և դաստիարակելու համար, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է երեխայի հոր մասին գրանցումը, կամ, եթե երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է սահմանված կարգով` մոր ցուցումով:

2. Նպաստ ստանալու իրավունք ունեցող մայրերը նպաստի նշանակման համար կարող են դիմել այդ իրավունքը ծագելուց հետո ցանկացած ժամանակ, առանց ժամկետի սահմանափակման:

3. Անկախ երեխաների թվից, միայնակ մորը վճարվում է նպաստ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:

Միայնակ մայրերին նպաստ վճարվում է մինչև 17 տարեկան երեխաների (պետպատվերով սովորող և կրթաթոշակ չստացողներին` մինչև 18 տարեկան), բացի ուսման 10 ամսից ավելի տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) համար:

4. Նախկինում ամուսնության մեջ եղած կանանց նպաստ նշանակվում է այն երեխաների համար, ովքեր ծնվել են ամուսնալուծությունից, ամուսնու մահվանից կամ նրա անհայտ կորչելուց առաջ, կամ հետո` այլ անձանցից, եթե երեխայի ծննդյան վկայականում բացակայում է հոր մասին գրանցումը, կամ, եթե երեխայի հոր մասին գրանցումը կատարվել է սահմանված կարգով` մոր ցուցումով:

5. Միայնակ մոր ամուսնանալու դեպքում նրան իրավունք է վերապահվում ստանալու նշանակված նպաստը:

6. Նպաստ չի նշանակվում և նախկինում նշանակված նպաստի վճարումը դադարեցվում է այն դեպքում, երբ մայրը երեխայի համար կերակրողին կորցնելու գծով կենսաթոշակ կամ ալիմենտ է ստանում, ինչպես նաև այն դեպքում, եթե այն անձը, որից մայրը նախկինում երեխա է ունեցել, սահմանված կարգով իրեն ճանաչել է երեխայի հայր, կամ եթե երեխան որդեգրված է, կամ, եթե երեխան գտնվում է պետության լրիվ ապահովության տակ:

7. Կինը, որը երեխաներ ունի այն անձից, որի հետ եղել և մնում է չգրանցված ամուսնության մեջ, բայց ապրում է նրա հետ համատեղ, վարում է ընդհանուր տնտեսություն և համատեղ դաստիարակում երեխաներին` որպես միայնակ մայր, սահմանված պետական նպաստի իրավունք չունի:

8. Միայնակ մոր երեխաներին սահմանված կարգով խնամակալի դաստիարակությանը հանձնելու դեպքում (մոր մահվան, նրա հիվանդության և այլ պատճառներով) հասանելիք պետական նպաստը նշանակվում և վճարվում է խնամակալին, անկախ մոր մահվան համար երեխաներին կենսաթոշակ նշանակելուց:

9. Եթե ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվող կինը որդեգրման ակտի ծնողների սյունակում գրանցվել է որպես իր կողմից որդեգրվող երեխայի մայր, և, եթե որդեգրման ակտի ծնողների գրանցման սյունակում հոր անունը բացակայում է, կամ լրացված է մոր ցուցումով, ապա նրան, որպես միայնակ մոր, նպաստ նշանակվում է ընդհանուր հիմունքներով, բայց ոչ շուտ այն ամսվանից, երբ նա գրանցվել է որպես մայր:

 

II. ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

10. Նպաստի նշանակման համար գրավոր դիմումները ներկայացվում են ըստ բնակության վայրի պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժիններին:

11. Նպաստի նշանակման համար դիմումին կցվում են`

ա) երեխայի ծննդյան վկայականի պատճենը, որը վավերացված է նոտարական կարգով կամ սոցիալական ապահովության բաժնի կողմից.

բ) տեղեկանք բնակության վայրի և ընտանիքի կազմի մասին` տրված բնակշահագործման մարմինների կողմից.

գ) քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի (բյուրոյի) տեղեկանքը` երեխայի ծննդյան վկայականում հոր մասին տեղեկություններ մտցնելու հիմքի վերաբերյալ:

12. Նպաստը նշանակվում է պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի սոցիալական ապահովության բաժինը:

13. Նպաստի նշանակման համար դիմումը քննության է առնվում բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի ստացման օրվանից` 10-օրյա ժամկետում:

14. Նպաստի նշանակումը մերժելու մասին համապատասխան որոշում ընդունելուց հետո սոցիալական ապահովության բաժինը ոչ ուշ` որոշման ընդունման օրվանից սկսած 5-օրյա ժամկետում դիմողին գրավոր կամ բանավոր տեղյակ է պահում մերժման մասին, նշելով պատճառներն ու գանգատարկման կարգը, միևնույն ժամանակ դիմողին վերադարձնելով բոլոր փաստաթղթերը:

Նպաստի նշանակման համար դիմումը և մերժման արձանագրությունը պահվում են սոցիալական ապահովության բաժնում: Նպաստի նշանակման կամ մերժման մասին ընդունված որոշումը կարող է գանգատարկվել երկշաբաթյա ժամկետում` վերադասության կամ դատական կարգով:

15. Նպաստի գործերը պահվում են մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնում:

16. Սոցիալական ապահովության բաժինը նպաստի նշանակման օրվանից երկշաբաթյա ժամկետում միայնակ մորը տալիս է գրքույկ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարությունը:

17. Նպաստը նշանակվում է դիմելու ամսվանից, սույն կանոնադրության 11-րդ կետում նշված բոլոր փաստաթղթերի ներկայացման դեպքում:

Փաստաթղթերը ոչ լրիվ ներկայացնելու դեպքում դիմողին գրավոր տեղյակ է պահվում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու մասին, դրանք 3-ամսյա ժամկետում ներկայացնելու դեպքում նպաստ նշանակվում է դիմելու ամսվանից, իսկ նշված ժամկետն անցնելուց հետո` վերջին փաստաթղթերը ներկայացնելու ամսվանից:

Երեխա ծնվելու դեպքում նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան հաջորդ ամսվանից, եթե նպաստի նշանակման համար դիմում են երեխայի ծնվելուց հետո 3-ամսյա ժամկետում:

18. Այլ պետություններից մշտական բնակության համար Հայաստանի Հանրապետությունում վերաբնակեցված քաղաքացիներին միայնակ մայրերի համար սահմանված նպաստը նշանակվում է սույն կանոնադրությամբ նախատեսված կարգով, բայց ոչ շուտ Հայաստանի Հանրապետություն ժամանելու օրվանից:

 

III. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. Նպաստի սահմանված չափով վճարումը կատարում են պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեների սոցիալական ապահովության բաժինները:

20. Միայնակ մայրերին ամենամսյա նպաստը վճարվում է ընթացիկ ամսվա համար:

21. Միայնակ մոր` այլ բնակավայր մշտական բնակության համար տեղափոխվելու դեպքում նրա նախկին բնակության վայրից պահանջվում է նպաստի գործը և նոր բնակության վայրում շարունակվում է նպաստի վճարումը` դրա դադարեցման պահից:

22. Նշանակված նպաստի գումարը մոր կողմից ժամանակին չպահանջվելու դեպքում, դիմումը ներկայացնելուց, անցած ժամանակի համար վճարվում է ոչ ավելի քան երեք տարվա համար: Նպաստներ նշանակող և վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված նպաստի գումարը վճարվում է անցած ժամանակի համար, առանց որևէ ժամկետի սահմանափակման:

Այդ դեպքում նպաստի գումարը վճարվում է միանվագ:

23. Նպաստի վճարումը դադարեցնելու կամ վերականգնելու հանգամանքների առաջացման դեպքում (երեխայի` պետության լրիվ ապահովության տակ գտնվելու, մանկական հիմնարկներից հետ վերցնելու, երեխային որդեգրելու, հայրությունը ճանաչելու, երեխայի մահանալու և այլ դեպքերում) նպաստի վճարումը դադարեցվում կամ վերականգնվում է նշված հանգամանքների առաջացմանը հաջորդող ամսվանից:

24. Նպաստ ստացող միայնակ մայրերը պարտավոր են սոցիալական ապահովության բաժնին տեղյակ պահել ընտանիքի կազմում տեղի ունեցած այն բոլոր փոփոխությունների մասին, որոնք ազդում են նպաստի վճարման վրա:

Միայնակ մոր երեխայի հայրությունը ճանաչելու և հոր վերաբերյալ տվյալները երեխայի ծննդյան մասին գրանցման ակտ մտցնելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժինը (բյուրոն) երեխայի մոր բնակության վայրի սոցիալական ապահովության բաժնին հայտնում է երեխայի ծննդյան գրանցման ակտում փոփոխություն մտցնելու մասին:

25. Միայնակ մայրերի կողմից ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացվելու, նպաստի վճարման վրա ազդող հանգամանքները թաքցվելու հետևանքով նպաստի ավելի վճարված գումարները գանձվում են նպաստ նշանակող սոցիալական ապահովության բաժնի կամ դատարանի որոշմամբ` յուրաքանչյուր ամիս նպաստի 20 տոկոսի չափով կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ` ավելի չափով, մինչև նպաստի ավելի վճարված գումարի մարումը: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նպաստի ավելի վճարված գումարները կարող են հետ պահվել նաև մոր վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից:

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թվականի
հուլիսի 1-ի N 396 որոշմամբ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

մինչԵՎ 2 տարեկան երեխա ունեցող անձանց երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման ու վճարման կարգի մասին

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մինչև 2 տարեկան երեխա ունեցող անձանց երեխաներին խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամենամսյա պետական նպաստ (հետագայում` նպաստ) ստանալու իրավունք ունեցող մայրերը նպաստի նշանակման համար կարող են դիմել մինչև երեխայի 2 տարին լրանալը:

2. Որդեգրված երեխայի խնամքի համար նպաստը նշանակվում և վճարվում է նրա որդեգրողին:

3. Նպաստի իրավունք ունեն նաև առանց մոր երեխաներ դաստիարակող հայրերը (մոր մահվան, ծնողական իրավունքներից զրկելու, երեխաների նկատմամբ մոր խնամքի բացակայության և այլ դեպքերում), ինչպես նաև երեխայի խնամակալը:

4. Հայաստանի Հանրապետությունում բնակվող օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն ունի մինչև 2 տարեկան երեխա, խնամքի նպաստի իրավունք ունի, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ բան չի նախատեսված:

 

II. ՆՊԱՍՏԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

5. Նպաստի նշանակման համար դիմումը ներկայացվում է ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության (անկախ սեփականության ձևից), ուսման վայրի ադմինիստրացիային, զորամասի հրամատարությանը:

6. Նպաստի նշանակման համար դիմումին կցվում են`

ա) մինչև 2 տարեկան երեխաների ծննդյան վկայականների պատճենները` վավերացված նոտարական կարգով կամ ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության կողմից.

բ) մինչև 2 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվելու մասին հրամանի քաղվածքը:

 

III. ՆՊԱՍՏ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ

 

7. Նպաստ ստանալու իրավունք ունեն`

ա) ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) աշխատող անձինք.

բ) պետական ուսումնական հաստատությունների ցերեկային բաժանմունքներում սովորող անձինք.

գ) զինծառայության մեջ գտնվող անձինք:

8. Նպաստ նշանակվում է այդ իրավունքը ծագելու օրվանից, ոչ շուտ հղիության և ծննդաբերության արձակուրդը վերջանալուց հետո:

Մինչև երեխայի 2 տարին լրանալը նրան խնամելու համար արձակուրդի ժամանակաշրջանում ձեռնարկության, հիմնարկի, կազմակերպության լուծարման հետևանքով աշխատանքից ազատված անձանց երեխայի խնամքի համար նպաստի վճարումը դադարեցվում է:

Գործազուրկի կարգավիճակ ստանալու դեպքում նպաստի վճարումը շարունակվում է նրանց համար նախատեսված կարգով:

9. Նպաստ վճարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով:

 

IV. ՆՊԱՍՏԻ ՎՃԱՐՈՒՄԸ

 

10. Նպաստի վճարումը կատարում են ձեռնարկությունները, հիմնարկները, կազմակերպությունները, զորամասերը, ուսումնական հաստատությունները:

11. Նշանակված նպաստի գումարը նպաստառուի կողմից ժամանակին չպահանջվելու դեպքում, դիմումը ներկայացնելուց, անցած ժամանակի համար վճարվում է ոչ ավելի քան մեկ տարվա համար:

Նպաստ նշանակող և վճարող մարմնի մեղքով ժամանակին չվճարված նպաստի գումարը վճարվում է անցած ժամանակի համար, առանց ժամկետի սահմանափակման: Այդ դեպքում նպաստի գումարը վճարվում է միանվագ:

12. Նպաստի վճարումը դադարեցնելու կամ վերականգնելու հանգամանքների առաջացման դեպքում (երեխայի` պետության լրիվ ապահովության տակ գտնվելու, այլ անձի կողմից երեխայի որդեգրման, երեխայի 2 տարին լրանալու, երեխայի մահանալու և այլ դեպքերում) նպաստի վճարումը դադարեցվում կամ վերականգնվում է այդպիսի հանգամանքների առաջացմանը հաջորդող օրվանից:

13. Նպաստի վճարումը սկսելու կամ դադարեցնելու հանգամանքների առաջացման դեպքում դրա չափը որոշվում է այդպիսի հանգամանքներ առաջանալու ամսվա օրացուցային օրերի թվից ելնելով:

14. Նպաստ ստացողները նպաստի վճարման վրա ազդող բոլոր փոփոխությունների մասին պարտավոր են հայտնել այն նշանակող մարմնին:

15. Հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի օրերի ընթացքում դադարեցվում է նպաստի վճարումը:

16. Նպաստ ստացողների կողմից ակնհայտ ոչ ճիշտ տվյալներով փաստաթղթեր ներկայացնելու, նպաստի վճարման վրա ազդող հանգամանքները թաքցնելու հետևանքով նպաստի ավելի վճարված գումարները գանձվում են նպաստ նշանակող մարմնի կամ դատարանի որոշմամբ` յուրաքանչյուր ամիս 20 տոկոսի չափով, կամ նպաստ ստացողի գրավոր համաձայնությամբ` ավելի չափով, մինչև ավելի վճարված նպաստի գումարի մարումը:

Նպաստի ավելի վճարված գումարները կարող են հետ պահվել նաև մոր վաստակից, կրթաթոշակից կամ կենսաթոշակից: