ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 13 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 հունիսի 2003 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ`
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու` սույն գործով դիմումատու Հ. Մանուկյանի և պատգամավորության թեկնածու Կ. Ռուբինյանի լիազոր ներկայացուցիչ Ս. Խլղաթյանի,
պատասխանող կողմի` թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` հանձնաժողովի քարտուղար Մ. Խաչատրյանի և հանձնաժողովի անդամ Յու. Գասպարյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը մեծամասնական ընտրակարգով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Հ. Մանուկյանի և Կ. Ռուբինյանի դիմումներն են սահմանադրական դատարան:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2003 թվականի հունիսի 10-ի նիստում, քննարկելով վերոհիշյալ դիմումները, որոշել է` ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45 հոդվածով, գործերը միավորել և դրանք քննության առնել նույն նիստում, միաժամանակ, առաջնորդվելով «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներով` պատասխանող կողմ է ճանաչել թիվ 13 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Թիվ 13 ընտրատարածքային, ինչպես նաև ընտրատարածքի թվով 22 տեղամասային ընտրական հանձնաժողովներն ստեղծվել են ՀՀ ընտրական օրենսգրքի 31, 32, 36 և 37 հոդվածներին համապատասխան: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրություններն այդ ընտրատարածքում անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում:
Ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել և քվեաթերթիկներում ընդգրկվել են Ազգային ժողովի պատգամավորության թվով 4 թեկնածուներ: Թիվ 13 ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության համաձայն` ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվն ըստ ընտրողների ցուցակի` 39926 է, իսկ ընտրություններին մասնակցել է 11869 ընտրող: Պատգամավորության թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվն ըստ ԸԸՀ-ի ամփոփիչ արձանագրության` կազմել է 9258: Քվեաթերթիկներում ընդգրկված թեկնածուների միջև ընտրությունների արդյունքում ձայները բաշխվել են հետևյալ համամասնությամբ. Սարգիս Հովհաննիսյան` 709, Հայկ Մանուկյան` 929, Գրիգորի Մարգարյան` 6585, Կարապետ Ռուբինյան` 1035: Անճշտությունների չափը կազմել է 7:
Թիվ 13 ԸԸՀ-ն 2003 թ. մայիսի 30-ի իր որոշմամբ ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Գրիգորի Մարգարյանին:
2. Դիմող կողմերը վիճարկում են թիվ 13 ԸԸՀ-ի որոշումը և գտնում, որ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղ են գտել ՀՀ Սահմանադրության և ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք հոդվածների խախտումներ, որոնք էապես ազդել են ընտրատարածքում ընտրությունների արդյունքների վրա: Մասնավորապես նշվում է, որ թույլ են տրվել նախընտրական քարոզչության և ընտրատարածքի կազմավորման հետ կապված խախտումներ: Այդ փաստերով դիմումներ են ներկայացվել թիվ 13 ԸԸՀ-ին, ԿԸՀ-ին, Շենգավիթի համայնքի թաղապետին և Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանին, սակայն զանազան պատճառաբանություններով վերը նշված մարմինները մերժել են դիմող կողմի պահանջները:
Ըստ դիմող կողմերի` ընտրություններից առաջ փոխվել են թիվ 0284 և 0285 ՏԸՀ-ների նախագահները, իսկ ընտրությունների ընթացքում նկատվել են ուրիշի փոխարեն քվեարկելու, քվեաթերթիկների լցոնման և ընտրակաշառքի բաժանման փաստեր, ինչպես նաև, իրենց կարծիքով, եղել են խախտումներ քվեաթերթիկների հաշվարկման ընթացքում:
Պատգամավորության թեկնածուները գտնում են, որ իրենց մատնանշած խախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, և խնդրում են թիվ 13 ընտրատարածքում 2003 թ. մայիսի 25-ին մեծամասնական ընտրակարգով կայացած ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր:
3. Պատասխանող կողմի կարծիքով` պատգամավորության թեկնածուների դիմումներն անհիմն են և ենթակա չեն բավարարման այն պատճառաբանությամբ, որ թիվ 13 ընտրատարածքում մատնանշվող խախտումները տեղի չեն ունեցել, դիմումատուների բոլոր դիմում-բողոքները ժամանակին քննության են առնվել և մերժվել են անհիմն լինելու պատճառով, իսկ պատգամավորության թեկնածու Կ. Ռուբինյանը, օգտվելով իր իրավունքից, նաև բողոքարկել է ԸԸՀ-ի առանձին որոշումներ` դիմելով ԿԸՀ և Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարան: Արդյունքում փաստվել է այդ բողոքների անհիմն լինելը: Ինչ վերաբերում է պատգամավորության թեկնածու Հ. Մանուկյանին, ապա նրա կողմից ընտրությունների նախապատրաստման և քվեարկության արդյունքների հետ կապված որևէ դիմում-բողոք չի ներկայացվել:
Պատասխանող կողմը նաև մատնանշեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետով սահմանված կարգով թիվ 13 ընտրատարածքի ընտրական տեղամասերի ստուգման վերաբերյալ պահանջ իրավասու սուբյեկտների կողմից չի ներկայացվել, սակայն դիմումատու Կ. Ռուբինյանի գրավոր պահանջի հիման վրա, նրա վստահված անձի մասնակցությամբ, ստուգվել է թիվ 0293 ընտրատեղամասի արձանագրությունների համապատասխանությունն ընտրության փաստացի արդյունքներին, որի արդյունքում որևէ էական խախտում չի արձանագրվել:
Ըստ պատասխանող կողմի` ընտրություններից առաջ թիվ 0284 և 0285 ՏԸՀ-ների նախագահների և անդամների փոփոխությունը կատարվել է նրանց դիմումների հիման վրա` ՀՀ ԸՕ-ի 38 հոդվածի 2-րդ կետին համապատասխան:
4. Թիվ 13 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Գ. Մարգարյանի կողմից քարոզարշավի ընթացքում ՀՀ ԸՕ-ի 18 հոդվածի 7-րդ կետի խախտման և նրա գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումատուների պահանջի կապակցությամբ սահմանադրական դատարանը պարզեց, որ այդ հարցն օրենքով սահմանված կարգով քննարկվել է և' թիվ 13 ԸԸՀ-ի 05.05.2003 թ. նիստում, և' ԿԸՀ-ի 12.05.2003 թ. նիստում, և 2 դեպքում էլ կայացվել է որոշում` գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը մերժելու վերաբերյալ:
Թիվ 13 ԸԸՀ-ի որոշումը դիմող կողմը ՀՀ ԸՕ-ի 40 հոդվածին համապատասխան բողոքարկել է Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարան: Գործի քննության արդյունքում դատարանը փաստել է, որ ԱԺ պատգամավորության թեկնածու Գ. Մարգարյանի կողմից քարոզարշավի ընթացքում ՀՀ ԸՕ-ի 18 հոդվածի 7-րդ կետը չի խախտվել, և իր վճռով մերժել է դիմումը: Սույն վճիռը դիմումատուի կողմից դատական կարգով չի բողոքարկվել:
5. Դիմումատուների կողմից սահմանադրական դատարան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից նաև պարզվեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 62 հոդվածի 10-րդ կետի համաձայն թվով 22 ընտրատեղամասային ոչ մի հանձնաժողովի անդամ քվեարկության արդյունքների վերաբերյալ ստուգման մասին գրավոր պահանջ չի ներկայացրել: Այդպիսիք օրենքով սահմանված կարգով չեն ներկայացվել նաև թեկնածուների վստահված անձանց կողմից: Դիմող կողմերը` հանձինս Կ. Ռուբինյանի լիազոր ներկայացուցիչ Ս. Խլղաթյանի և դիմումատու Հ. Մանուկյանի, սահմանադրական դատարանում հիմնականում վերաշարադրեցին դիմումի բովանդակությունը` չներկայացնելով որևէ ապացուցողական նշանակություն և պատշաճ իրավական ձևակերպում ունեցող փաստարկ` իրենց կողմից ներկայացված հարցադրումները և հայտարարությունները հիմնավորելու համար: Միաժամանակ, գործում առկա փաստաթղթերը, մասնավորապես` համապատասխան ընտրական հանձնաժողովների պատասխանները, Երևանի Շենգավիթի համայնքի առաջին ատյանի դատարանի վճիռը, վկայում են, որ ներկայացված դիմում-բողոքներին հիմնականում ժամանակին պատասխան է տրվել դրանց փաստական հանգամանքները գնահատելու իրավասությամբ օժտված մարմինների կողմից:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածուներ Կ. Ռուբինյանի և Հ. Մանուկյանի դիմումները` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 13 ընտրատարածքում 2003 թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|