Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2008.04.01/11(285)
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
30.07.2003
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.07.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

30.07.2003 թ.

թիվ 2

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ ՈՒ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԻ» 2.5 ԵՎ 5.1 ԿԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «իէ» կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգի» վերաբերյալ (այսուհետև՝ ակտիվների դասակարգման կարգ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը պարզաբանում է.

1. Համաձայն ակտիվների դասակարգման կարգի 5.1 կետի, երբ ակտիվները դասակարգվում են չաշխատող, դրանք հաշվառվում են ոչ կուտակային մեթոդով, ինչը նշանակում է, որ մինչև ժամկետանց գումարների և բոլոր տուժանքների մարումը հաշվեգրված տոկոսները չեն կարող բանկի կողմից ճանաչվել որպես եկամուտ: Չնայած տոկոսների հաշվեգրումը շարունակվում է, այնուամենայնիվ, դրանք գրանցվում են «Չճանաչված տոկոսային եկամուտ և/կամ տուժանք» հաշվին, որը, փաստորեն, հանդիսանում է այդ տոկոսների կորստի գծով պահուստաֆոնդ, քանի որ ակտիվը անհուսալի դասակարգվելու դեպքում դրա հաշվին է իրականացվում հաշվեգրված տոկոսների հաշվեկշռից դուրսգրումը:

2. Չաշխատող ակտիվների գծով հաշվեգրված տոկոսները որպես «Չճանաչված տոկոսային եկամուտ և/կամ տուժանք» գրանցելը, ինչպես նաև ծանուցման հաշիվներում հաշվեկշռից դուրս գրված տոկոսների հետագա հաշվեգրման շարունակումը բխում են ակտիվների դասակարգման կարգի պահանջներից, և այս առումով, ակտիվների դասակարգման կարգի 5.1 կետի համաձայն՝ չաշխատող ակտիվների դիմաց հաշվեգրված տոկոսները տոկոսային եկամուտ չեն համարվում:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ

Տ. Սարգսյան