ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԵՎ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻՆ ԿԻՑ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ՌԵԺԻՄԻՑ ՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 հուլիսի 2000 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,
դռնբաց նիստում քննեց «1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրում և 1999 թվականի սեպտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Համաձայնագրի նպատակը երկու երկրների միջև ազատ առևտրի իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ստեղծումն է: Համաձայնագրի դրույթները համահունչ են ԱՊՀ երկրների միջև ստորագրված` «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» 1994 թ. ապրիլի 15-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրի (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 28.12.1999 թ.) և «1994 թ. ապրիլի 15-ի «Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին» համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 1999 թ. ապրիլի 2-ին Մոսկվայում ստորագրված արձանագրության (Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 28.12.1999 թ.) սկզբունքներին:
Համաձայնագրով Կողմերը պարտավորվել են չկիրառել ապրանքների արտահանման կամ ներմուծման ժամանակ ապրանքների համար նախատեսված մաքսատուրքեր և այլ հարկումներ ու գանձումներ, ինչպես նաև խուսափել ապրանքների ներմուծման կամ արտահանման հարցում քանակական սահմանափակումներից: Կողմերը պարտավորվել են նաև, որ ազատ առևտրի իրականացումը չի խոչընդոտի կիրառելու պետական կարգավորման այնպիսի միջոցներ, որոնք կառնչվեն հասարակական բարոյականությանը և հասարակական կարգի պաշտպանությանը, մարդկանց կյանքի և առողջության պաշտպանությանը, արդյունաբերական և մտավոր սեփականության պաշտպանությանը և այլն, ինչպես նաև պետական գաղտնիքի արտահոսքի կանխմանը, զենքի, ռազմական տեխնիկայի և այլնի մատակարարմանը:
Համաձայնագրին կից արձանագրությամբ Կողմերը պարտավորվում են ազատ առևտրի ռեժիմից հանվող ապրանքների մասով միմյանց տրամադրել առավել բարենպաստության ռեժիմ: Համաձայնագիրն ունի նաև հավելված, որով սահմանված է ազատ առևտրի ռեժիմից հանման ենթակա ապրանքների ցանկը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1999 թվականի սեպտեմբերի 2-ին Աստանայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրում և 1999 թվականի սեպտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին կից ազատ առևտրի ռեժիմից հանումների մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|