«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 հունիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 1998 թվականի N 353
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐԱԼԶԱՄԻ ԳՅՈՒՂՈՒՄ ՀՈՂԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 4-ի «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1991 թվականի փետրվարի 19-ի «Լքված, լեռնային, ծայրամասային, աղետի գոտու մի շարք գյուղական բնակավայրերում հողամասերը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական հողատեսքերը երկրագործության նպատակով որպես սեփականություն տրամադրելու արտոնությունների և այդ հողամասերի օտարման կարգի մասին» որոշմամբ, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Վարդանիձորի գյուղական համայնքի ավագանու և Մարալզամի գյուղի բնակիչների ընդհանուր ժողովի խնդրանքն ու Սյունիքի մարզպետի միջնորդությունը Սյունիքի մարզի Մարալզամի գյուղում հողերի սեփականաշնորհում իրականացնելու վերաբերյալ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սյունիքի մարզի Մարալզամի գյուղում «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան իրականացնել հողերի սեփականաշնորհում:
Գյուղի ընդհանուր տարածքը 687 հեկտար, որից վարելահող` 74 հեկտար, այդ թվում ջրովի` 10, բազմամյա տնկարկներ` 7, տնամերձ հողեր` 4, բնական խոտհարքներ` 16, արոտավայրեր`121, այլ անօգտագործելի հողեր` 465 հեկտար:
Սեփականաշնորհման ենթակա է 101 հեկտար հողատարածք, որից վարելահող` 74, բազմամյա տնկարկներ` 7, տնամերձ հողեր` 4 և խոտհարքներ` 16 հեկտար:
2. Սահմանել, որ`
ա) գյուղացիական տնտեսություն վարելու համար հողամասերը որպես սեփականություն առաջին հերթին տրամադրվում են Սյունիքի մարզի Մարալզամրի գյուղում 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ մշտապես բնակվող քաղաքացիներին.
բ) Սյունիքի մարզի Մարալզամի գյուղի հողային բարեփոխումների ու սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15-օրյա ժամկետում ընդունում է հողը որպես սեփականություն առաջին հերթին ստանալու իրավունք ունեցող քաղաքացիների դիմումները, իսկ հաջորդ հերթերում գտնվողների կողմից հողի սեփականության իրավունքի իրացումն սկսվում է 1998 թվականի հոկտեմբերի 1-ից, ընդ որում, վերջիններիս դիմումներն ընդունվում են 1998 թվականի հոկտեմբերի 1-ից` 15-օրյա ժամկետում:
3. Սյունիքի մարզպետին` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Սյունիքի մարզի Մարալզամի գյուղին ամրակցված վարելահողերից և այլ հողատեսքերից` «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պահեստային ֆոնդում թողնելու վերաբերյալ:
4. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 15-ի «Ծայրամասային, լեռնային և լքված գյուղական բնակավայրերի ցանկերը հաստատելու մասին» N 219 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված` լքված գյուղական բնակավայրերի ցանկը լրացնել «Սյունիքի մարզ Մարալզամի» տողով:
5. Սեփականաշնորհված տարածքները ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1990 թվականի օգոստոսի 1-ի «Հողամասերի հատկացման մասին» N 375 որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը:
7. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Սյունիքի մարզպետի վրա:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Դարբինյան |