Գլխավոր տեղեկություն
Համար
N 263
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.08.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.04.12/22.1
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
11.07.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.07.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
11.07.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
11 հուլիսի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 1997 թվականի N 263
քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 150 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 150 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական հաստատության օրինակելի կանոնադրության II և VI բաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«II. Հաստատության կառավարումը

 

12. Հաստատության կառավարման բարձրագույն մարմինը հաստատության խորհուրդն է (այսուհետև` խորհուրդ): Խորհրդի քանակական կազմը, որը չի կարող լինել երեք անդամից պակաս և ինն անդամից ավելի, սահմանում է պետական կառավարման վերադաս մարմինը, համապատասխանաբար, ըստ ենթակայության` մարզպետը (Երևանի քաղաքապետը) կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը (այսուհետև` վերադաս մարմին):

Խորհրդի լիազորությունների ժամկետը երեք տարի է:

13. Խորհրդի կազմում թեկնածուներ են առաջադրում`

ա) հաստատության մանկավարժական խորհուրդը.

բ) հաստատության ծնողական խորհուրդը.

գ) վերադաս մարմինը:

14. Սահմանված կարգով ներկայացված թեկնածուներից խորհրդի անհատական կազմը նշանակում և դրանում փոփոխություններ է կատարում վերադաս մարմինը` ապահովելով հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առնվազն մեկական թեկնածուների ընդգրկումը խորհրդի կազմում:

15. Խորհուրդը`

ա) համաձայն նախարարության հաստատած չափորոշիչների և մրցութային կարգի` ընտրում է հաստատության գործադիր տնօրեն (այսուհետև` տնօրեն) ու սահմանված կարգով նրա հետ կնքում կոնտրակտ, որով սահմանվում է տնօրենի վարձատրության, փոխհատուցումների վճարման կարգը, ինչպես նաև այլ պայմաններ.

բ) որոշում է կայացնում հաստատության աուդիտն անցկացնելու մասին և հաստատում աուդիտն իրականացնողի վարձատրության չափը.

գ) տնօրենի ներկայացմամբ`

հաստատում է հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոններն ու կառուցվածքը.

հաստատում է հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը.

մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 15-ը հաստատում և տնօրենի միջոցով սահմանված կարգով ներկայացնում է հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

հաստատում է հաստատության ամենամյա ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության հաշվետվությունները.

դ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

16. Սահմանված կարգի խախտմամբ տնօրեն ընտրելու և նրա հետ կոնտրակտ կնքելու, հաստատության ֆինանսատնտեսական և ուսումնադաստիարակչական գործունեության ընթացքում խախտումների կապակցությամբ տնօրենի հետ կնքված կոնտրակտի չդադարեցման դեպքերում վերադաս մարմինը կարող է վաղաժամկետ դադարեցնել խորհրդի լիազորությունները: Այդ դեպքում նշանակվում է տնօրենի պաշտոնակատար և մեկամսյա ժամկետում սահմանված կարգով նշանակվում խորհրդի նոր կազմ:

17. Խորհրդի նախագահն ընտրվում է խորհրդի անդամների կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) գումարում է խորհրդի նիստերը.

գ) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:

Խորհրդի նախագահի բացակայության դեպքում խորհրդի որոշմամբ նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից որևէ մեկը:

18. Խորհրդի նիտստերը գումարվում են առնվազն եռամսյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի արտահերթ նիստ կարող է հրավիրվել խորհրդի նախագահի, ինչպես նաև տնօրենի և խորհրդի անդամի նախաձեռնությամբ:

19. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն կեսը:

Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի մեկ ձայն: Ձայների հավասարության դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

20. Խորհրդի նիստերն արձանագրվում են: Նիստի արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից հետո եռօրյա ժամկետում:

Խորհրդի նիստի արձանագրությունն ստորագրվում է նիստը նախագահողի կողմից:

21. Հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը:

22. Տնօրենը`

ա) կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, հաստատության բնականոն գործունեությունը.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում ֆինանսական միջոցները, հանդիսանում է վարկի կարգադրիչ.

գ) տնօրենը հաստատության գույքի օտարման, վարձակալության պայմանագրերը կնքում է նախապես համաձայնեցնելով խորհրդի և վերադաս մարմնի հետ.

դ) ներկայացնում է հաստատությունը պետական մարմիններում, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա կրթական հաստատություններում, ձեռնարկություններում, հիմնարկներում, կազմակերպություններում.

ե) առանց լիազորագրի գործում է հաստատության անունից.

զ) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

է) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հաստատության աշխատանքային ներքին կարգապահական կանոնները և կառուցվածքը.

ը) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

թ) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում հաստատության աշխատողներին.

ժ) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական ներգործության միջոցներ.

ժա) հաստատում է հաստատության ուսումնական պլանը` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) սահմանած օրինակելի ուսումնական պլանին համապատասխան.

ժբ) ապահովում է մանկավարժական կադրերի ճիշտ ընտրությունն ու տեղաբաշխումը, անհրաժեշտ պայմաններ ստեղծում նրանց մասնագիտական մակարդակի բարձրացման համար.

ժգ) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման նկատմամբ.

ժդ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան սահմանում է հաստատության աշխատողների պարտականությունները, ապահովում աշխատանքային ներքին կարգապահական կանոնների, սանիտարաառողջապահական ռեժիմի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

ժե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:

23. Տնօրենը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք առանց խորհրդի համաձայնության:

24. Տնօրենը կարող է ունենալ տեղակալ (տեղակալներ): Տնօրենի տեղակալին (տեղակալներին) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում տնօրենը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Տնօրենի բացակայության ժամանակ նրա պարտականությունները կատարում է տնօրենի տեղակալը` տնօրենի հրամանով:

25. Հաստատության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`

ա) պատասխանատու է հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների գիտելիքների համար.

բ) վերահսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքում սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնավորում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

գ) հրահանգավորում է հաստատության մանկավարժական անձնակազմին, դասղեկներին, հաստատությունում կազմակերպում մեթոդական աշխատանք, կազմում ուսումնական պարապմունքների դասացուցակ և ուսումնադաստիարակչական աշխատանքի վիճակի մասին հաշվետվություններ.

դ) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքը, ընդհանրացնում և տարածում լավագույն ուսուցիչների և դաստիարակների աշխատանքի դրական փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին:

26. Հաստատության դաստիարակչական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`

ա) կազմակերպում և ղեկավարում է սովորողների արտադասարանական, արտադպրոցական աշխատանքները.

բ) ապահովում է հաստատության և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

գ) կազմակերպում է սովորողների հանգիստը և ժամանցը, միջոցներ ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու ուղղությամբ:

27. Հաստատության տնտեսական աշխատանքի գծով տնօրենի տեղակալը`

ա) պատասխանատու է հաստատության շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, հաստատության սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի, հաստատության ուսումնական պարապմունքներին ժամանակին նախապատրաստման, հակահրդեհային պաշտպանության և սպասարկող անձնակազմի աշխատանքի կազմակերպման համար.

բ) միջոցներ է ձեռնարկում հաստատության ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

28. Հաստատության դասղեկը`

ա) դաստիարակչական աշխատանք է տանում իրեն հանձնված դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս ուսուցիչների հետ.

բ) ապահովում է սովորողների նկատմամբ դպրոցի և ընտանիքի մանկավարժական պահանջների միասնությունը.

գ) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.

դ) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հաստատության ղեկավարությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի վերաբերյալ տեղեկություններ.

ե) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանը և ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային շրջագայություններ, կանոնավորում օրվա ռեժիմը, հետևում տնային հանձնարարությունների կատարմանը, ուսման և հանգստի նպատակային կազմակերպմանը.

զ) հաստատության մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում վարքի կանոնները կոպտորեն խախտած սովորողի հարցը.

է) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն ձեռնարկումները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել կամ խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների կենսագործումը:

29. Համայնքի, ծնողների հետ հաստատության արդյունավետ համագործակցության, դրա գործունեությանն աջակցելու նպատակով հաստատությանը կից կարող են ստեղծվել հոգաբարձուների, ծնողական և այլ խորհուրդներ:

Նշված խորհուրդների իրավասության շրջանակները սահմանվում են նախարարության հաստատած օրինակելի կանոնադրություններով:

30. Հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով ստեղծվում են հաստատության մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց օրինակելի կանոնադրությունները հաստատում է նախարարությունը:

31. Հաստատության ղեկավարը (տնօրենը, տնօրենի տեղակալը), ինչպես նաև մանկավարժական աշխատողներն ատեստավորվում են նախարարության սահմանած կարգով»:

 

«VI. Հաստատության ֆինանսատնտեսական գործունեությունը և գույքը

 

68. Հաստատության ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և արտաբյուջետային միջոցներից:

Հաստատության բյուջետային միջոցները գոյանում են մեկ աշակերտի հաշվարկով պետական պատվերի կատարումից և դրանք օգտագործվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

69. Հաստատության բյուջետային ֆինանսավորման նորմացույցները սահմանում է նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:

70. Հաստատության արտաբյուջետային միջոցները գոյանում են`

ա) հաստատության գույքի (տարածքի) սահմանված կարգով օտարումից, վարձակալությունից ստացված միջոցներից.

բ) բարեգործական, նպատակային ներդրումներից, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվություններից.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հաստատության կանոնադրական խնդիրներին չհակասող գործունեությունից ստացված այլ միջոցներից:

Նշված աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցները չեն կարող հիմք հանդիսանալ բյուջետային միջոցներից հատկացումների նվազեցման համար:

71. Հաստատության բյուջետային միջոցներն սպասարկվում են հաստատության համար Հայաստանի Հանրապետության գանձապետարանի տեղական գանձապետական բաժանմունքներում բացվող հաշվով, իսկ արտաբյուջետային դրամական միջոցները` բանկերում բացվող հաշվարկային, դեպոզիտային (այդ թվում` տարադրամային) հաշիվներով:

72. Նպատակային գիտափորձ և մանկավարժական ծրագիր իրականացնող հաստատությանը նախարարության կամ համայնքի բյուջեից կարող են հատկացվել լրացուցիչ միջոցներ:

73. Հաստատությունն ինքնուրույնաբար տնօրինում է իր ֆինանսական միջոցները:

74. Հաստատության կողմից մատուցվող վճարովի ծառայությունները չպետք է իրականացվեն բյուջեից ֆինանսավորվող գործունեության փոխարեն և դրա որակի հաշվին:

75. Հաստատությունում, խորհրդի որոշմամբ, արտաբյուջետային միջոցների հաշվին աշխատողների դրույքաչափերի ու աշխատավարձի նկատմամբ կարող են կիրառվել տարբերակված հավելումներ` մասնագիտական վարպետության, որակյալ աշխատանքի, մասնագիտությունների համատեղման և այլնի համար:

76. Հաստատությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում, ֆինանսական և վիճակագրական հաշվետվություն է ներկայացնում համապատասխան պետական, այդ թվում` վերադաս մարմին:

Հաստատության գործունեությանը վերաբերող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վիճակագրական ու ֆինանսական հաշվետվությամբ չնախատեսված տեղեկությունները պետական մարմիններին տրամադրվում են հաստատության հայեցողությամբ:

77. Հաստատությունն իրավունք չունի իրականացնել վարկային գործառնություններ»:

Այդ կապակցությամբ օրինակելի կանոնադրության 23-58 կետերը համապատասխանաբար համարել 32-67-րդ կետեր:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` պետական հանրակրթական հաստատություններում սույն որոշմամբ սահմանված նոր կառավարման համակարգի ու ֆինանսատնտեսական գործունեության անցումն իրականացնել ըստ առանձին հաստատությունների պատրաստվածության աստիճանի:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ռ. Քոչարյան