Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-252
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
21.07.2000
Ստորագրող մարմին
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
21.07.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ (ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

21 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Հ. Բեգլարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի հուլիսի 7-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկի (Տրանսպորտի ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Բեգլարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրն ու գործում առկա մյուս փաստաթղթերը և ուսումնասիրելով տրանսպորտի ծրագրերի իրականացմանն ուղղված նախկին վարկային համաձայնագրերի իրավակիրառական պրակտիկան, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Քննության առարկա համաձայնագիրն ստորագրվել է 2000 թվականի հուլիսի 7-ին` Վաշինգտոնում: Ըստ համաձայնագրի` Միջազգային զարգացման ընկերակցությունը տրանսպորտի ծրագրի իրականացման համար Հայաստանի Հանրապետությանը տարբեր տարադրամներով տրամադրելու է քսանինը միլիոն ինը հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (SDR 29,9 միլիոն) վարկ: Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է պարբերաբար Ընկերակցությանը վճարել պարտավճար` վարկի չառհանված գումարների դիմաց` ոչ ավելի, քան տարեկան 0,5 տոկոսի չափով, և սպասարկման վարձ` վարկի առհանումների և մնացորդի դիմաց` տարեկան 0,75 տոկոսի չափով: Վարկի հիմնագումարը պետք է մարել կիսամյակային մուծումներով` 2010 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2035 թվականի հունիսի 1-ը:

2. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է իրագործել Տրանսպորտի ծրագրի նպատակները, անհրաժեշտության դեպքում հնարավորին չափ արագ տրամադրել ծրագրի համար պահանջվող միջոցներ, տարածքներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ, Ընկերակցության համար ընդունելի բանկում բացել և պահել ծրագրի հաշիվ և վարկի միջոցներից Հայկական երկաթուղու դեպարտամենտին տրամադրել ենթավարկ:

Տրանսպորտի ծրագրի նպատակներն են` Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտի հուսալիության և հիմնական ճանապարհացանցի բարելավումը, տրանսպորտային ծախսերի կրճատումը, Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների գործառնական արդյունավետության բարձրացումը, երկաթուղային ծառայությունների և Հայկական երկաթուղու դեպարտամենտի ֆինանսական և կառավարման աշխատանքների բարելավումը, ինչպես նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության պլանավորման հմտությունների ամրապնդումը: Այդ նպատակներով նախատեսվում է վերականգնել ընտրված ճանապարհահատվածները և կամուրջները, ստեղծել ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ, մշակել ճանապարհային պատահարների գրանցման համակարգ, իրականացնել անվտանգության ապահովման տեխնիկական աշխատանքներ, նորոգել Երևանից մինչև Հայաստանի և Վրաստանի սահմաններն ընկած երկաթգծերն ու կամուրջները, իրականացնել քարշերի, բեռնատար և մարդատար վագոնների մանրամասն զննում, փոխել մոտ 150 կմ երկարությամբ հաղորդակցության լարը և նորոգել ենթակայանների սարքավորումները, բաց լարերի փոխարեն անցկացնել 42 կմ երկարությամբ կաբել և տեղադրել համապատասխան սարքավորումներ: Նախատեսվում է նաև տեխնիկական աջակցություն Հայկական երկաթուղու դեպարտամենտին և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը:

3. «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67 հոդվածի առաջին մասի հիման վրա ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված տրանսպորտի ծրագրերի իրականացմանն ուղղված նախկին վարկային համաձայնագրերի գործադրման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանը միաժամանակ պարզեց.

1995 թ. հոկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև մայրուղիների ծրագրի վերաբերյալ կնքվել է վարկային համաձայնագիր, իսկ 1997 թ. հուլիսի 17-ին կնքվել է այդ համաձայնագրի փոփոխությունների մասին նոր համաձայնագիր: Նշված երկրորդ համաձայնագրի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով 1998 թ. հունվարի 16-ի ՍԴՈ-76 որոշմամբ սահմանադրական դատարանն արձանագրել է, որ առաջին վարկային ծրագրի իրականացման փուլում տեղ են գտել թերացումներ և բացթողումներ, որոնց հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ գործով ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթեր:

4. Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ՀՀ կառավարության կողմից նման վարկային ծրագրերի և դրանց կատարման արդյունքների քննարկումն ու գործադիր իշխանության հստակ վերաբերմունքը կարևոր նախադրյալ կհանդիսանան վարկային միջոցների արդյունավետ և նպատակային օգտագործման համար:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2000 թվականի հուլիսի 7-ին Վաշինգտոնում ստորագրված Զարգացման վարկի (Տրանսպորտի ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


21 հուլիսի 2000 թվականի
ՍԴՈ-252

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան