Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-110
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.06.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1998/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
09.06.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.06.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.1998

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

Քաղ. Երևան

9 հունիսի 1998 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Գ. Նանագուլյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ֆ. Թոխյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Նանագուլյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի ապրիլի 21-ին Երևանում` զբոսաշրջիկության բնագավառում առավել արդյունավետ երկկողմանի համագործակցություն հաստատելու նպատակով:

Կողմերը պայմանավորվում են նպաստել զբոսաշրջիկների փոխադարձ այցելությունների աճին` համապատասխան երկրների զբոսաշրջիկության ոլորտում գործող կազմակերպությունների և ֆիրմաների սերտ համագործակցության միջոցով:

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են ընդլայնել զբոսաշրջիկության ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծման և այլ ինվեստիցիոն ծրագրերի վերաբերյալ շահագրգիռ կազմակերպությունների շրջանակները:

Համաձայնագիրը կգործի 5 տարի ժամանակով և ինքնաբերաբար կերկարացվի ևս 5 տարով, եթե Կողմերից որևէ մեկը սույն համաձայնագրի ժամկետը լրանալուց առնվազն վեց ամիս առաջ մյուս Կողմին գրավոր չհայտնի այն դադարեցնելու իր մտադրության մասին:

Համաձայնագիրն ստորագրված է երկու բնօրինակով` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում, բոլորն էլ հավասարազոր են:

Տարաձայնություններ առաջանալու դեպքում հիմք է ընդունվում համաձայնագրի ռուսերեն տարբերակը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղրղզստանի Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջիկության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


9 հունիսի 1998 թվականի
ՍԴՈ-110

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան