Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-604
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
26.09.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

1983 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՄԱՆ ԵՎ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

26 սեպտեմբերի 2005 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահ Ա. Ավետիսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21(1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1983 թվականի հունիսի 14-ին Բրյուսելում ստորագրված` Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին միջազգային կոնվենցիայում և դրա փոփոխության արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և դրա փոփոխության արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

1. Քննության առարկա կոնվենցիան ստորագրվել է 1983 թ. հունիսի 14-ին, իսկ դրա փոփոխության արձանագրությունը` 1986 թ. հունիսի 24-ին` Բրյուսելում, նպատակ ունենալով ապրանքների նկարագրման, դասակարգման և ծածկագրման ներդաշնակ համակարգի ստեղծման միջոցով դյուրացնել միջազգային առևտրին վերաբերող վիճակագրական տվյալների հավաքումը, համադրումը և վերլուծությունը, փաստաթղթերի ստանդարտավորումը և տվյալների փոխանցումը:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1988 թ. հունվարի 1-ին:

Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիան և դրա փոփոխության արձանագրությունը չի ստորագրել:

2. Կոնվենցիան ունի հավելված, որը դրա անբաժանելի մասն է, և կոնվենցիային ցանկացած հղում ներառում է նաև հղումը սույն հավելվածին:

Հավելվածով ներկայացվում է Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգը, որը ներառում է ապրանքային դիրքերը և ենթադիրքերը, դրանց վերաբերող թվային ծածկագրերը, բաժինների, խմբերի և ենթախմբերի վերաբերյալ ծանոթությունները, սահմանվում է Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի մեկնաբանության հիմնական կանոնները:

3. Կոնվենցիան կարգավորում է Պայմանավորվող կողմերի պարտականություններն ու իրավունքները, Պայմանավորվող կողմ դառնալու ընթացակարգը, զարգացող երկրների կողմից Ներդաշնակ համակարգի մասնակի կիրառումը և տեխնիկական աջակցությունը զարգացող երկրներին, Ներդաշնակ համակարգի կոմիտեի կազմավորումը և քվեարկության կազմակերպումը Կոմիտեում, Կոմիտեի գործառույթները և Խորհրդի (ՀՄԿ) դերը:

4. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը չեն ստանձնում մաքսատուրքի դրույքաչափերին վերաբերող որևէ պարտավորություն:

5. Կոնվենցիայով նախատեսվում են դրույթներ դրա ուժի մեջ մտնելու, դրանում ուղղումներ կատարելու ընթացակարգի և դրա չեղյալ հայտարարման, տարածքային կիրառման, վեճերի կարգավորման, ծանուցումների և ՄԱԿ-ում գրանցման վերաբերյալ:

6. Կոնվենցիայի վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

7. Կոնվենցիայի արձանագրության նպատակը կոնվենցիայի 13 հոդվածի 1-ին կետում փոփոխություն կատարելն է, որը վերաբերում է դրա ուժի մեջ մտնելու կարգին:

8. Կոնվենցիան կնքված է մեկ բնօրինակով` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1983 թվականի հունիսի 14-ին Բրյուսելում ստորագրված` Ապրանքների նկարագրման և ծածկագրման ներդաշնակ համակարգի մասին միջազգային կոնվենցիայում և դրա փոփոխության արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


26 սեպտեմբերի 2005 թվականի
ՍԴՈ-604

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան