Գլխավոր տեղեկություն
Համար
N 116
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.1995-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.12.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.12.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
22.12.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.1995

«Վավերացնում եմ» 
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
22 դեկտեմբերի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 դեկտեմբերի 1995 թվականի N 116

 

քաղ. Երևան

 

ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՎԹԱՐԱՅԻՆ ԴԱՐՁԱԾ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ՇԵՆՔԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲՆԱԿԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված պետական և հանրային բնակելի ֆոնդի շենքերի (այսուհետ` ամրացված շենքեր) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհված բնակարանները հանձնվում են նրանց սեփականատերերին:

Եթե ամրացման ընթացքում շենքի սեփականաշնորհված բնակարանի բնակելի սենյակների քանակն ավելացել է կամ պակասել, ապա բնակարանի սեփականատիրոջը տվյալ շենքում սեփականության իրավունքով հատկացվում է նրա կողմից սեփականաշնորհված բնակարանին համարժեք բնակարան:

Եթե ամրացման ընթացքում շենքի սեփականաշնորհված բնակարանը վերացել է, ապա բնակարանի սեփականատիրոջը սեփականության իրավունքով հատկացվում է բնակարան սույն որոշման 2-րդ կետի 4-րդ պարբերությամբ սահմանված կարգով:

Եթե ամրացված շենքի սեփականաշնորհված բնակարանի սեփականատիրոջը սույն կետով սահմանված կարգով հնարավոր չէ հատկացնել համապատասխան բնակարան, ապա նրան տրվում է սեփականաշնորհված բնակարանի շուկայական արժեքին համարժեք փոխհատուցում կամ նրա համաձայնությամբ սեփականության իրավունքով հատկացվում է համարժեք այլ բնակարան:

Նշված փոխհատուցումը կատարվում է պետական (տեղական) բյուջեի միջոցների հաշվին:

2. Սահմանել, որ երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված պետական և հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակարանները հատկացվում են այդ բնակավայրում մշտապես բնակվող տվյալ շենքի վարձակալներին (այսուհետ` վարձակալներ), եթե նրանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ բնակարաններ չեն հատկացվել կամ, եթե ամրացման ընթացքում շենքի բնակարանների բնակելի սենյակների քանակը չի ավելացել կամ պակասել:

Այն բնակարանները, որոնց բնակելի սենյակների քանակն ամրացման ընթացքում ավելացել է կամ պակասել, բաշխվում են ելնելով վարձակալների նախկինում զբաղեցրած սենյակների քանակից:

Եթե ամրացման ընթացքում շենքի որոշ բնակարանների վերացման հետևանքով հնարավոր չէ տվյալ շենքի բոլոր վարձակալներին հատկացնել նախկինում զբաղեցրած բնակարանները, ապա վերացած բնակարանների վարձակալներին հատկացվում են շենքի ազատ բնակարաններից:

Եթե ամրացված շենքի բնակարանների բաշխումը հնարավոր չէ իրականացնել սույն կետով սահմանված կարգով, ապա շենքի բնակարանների բաշխումն իրականացվում է վարձակալների միջև Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրությամբ սահմանված կարգով: Այս դեպքում յուրաքանչյուր վարձակալի անկախ նրա ընտանիքի անդամների քանակից հատկացվում է միայն մեկ բնակարան:

3. Ամրացված շենքում բնակարան ստանալու իրավունք ունեցող բոլոր վարձակալների համաձայնության դեպքում աղետի գոտում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված պետական և հանրային բնակելի ֆոնդի շենքերի բնակարանների բաշխումը կարող է իրականացվել այլ կարգով` պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործկոմների ներկայացմամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվությամբ:

4. Ամրացված շենքերի բնակարանների բնակեցման ընթացքում սույն որոշմանը համապատասխան բնակարան չստացած քաղաքացիները համարվում են երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցողներ, իսկ նրանց հաշվառումը և բնակարանների հատկացումը կատարվում է Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի և ՀԱՄԽ-ի 1989 թվականի հուլիսի 25-ի «Երկրաշարժից տուժած քաղաքացիներին Հայկական ԽՍՀ բնակավայրերում հաշվառման վերցնելու և բնակարան հատկացնելու կարգի մասին» N 371 որոշմամբ հաստատված ժամանակավոր կանոնադրությամբ սահմանված կարգով:

5. Բաշխման ընթացքում ամրացված շենքերի ազատ մնացած բնակարանները բաշխվում են սույն որոշման 4-րդ կետում նշված ժամանակավոր կանոնադրությամբ սահմանված կարգով:

6. Սահմանել, որ աղետի գոտում երկրաշարժի հետևանքով վթարային դարձած և պետական միջոցների հաշվին ամրացված բնակարանային շինարարական կոոպերատիվների շենքերի բնակարանները բաշխում է կոոպերատիվների ընդհանուր ժողովը` կոոպերատիվի անդամների փայերին համամասնորեն:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի դեկտեմբերի 22-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան