Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-68
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.11.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1998/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
14.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.11.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

14 նոյեմբերի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար Ս. Սարգսյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների և քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժման և կազմակերպված հանգստի կազմակերպման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` հիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ս. Սարգսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագրով Կողմերը պարտավորվում են սահմանապահ զորքերի զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժումն ու հանգիստն անցկացնել Կողմերի սահմանապահ զորքերի և այլ գերատեսչությունների բուժառողջարանային հաստատություններում` հաշվի առնելով Կողմերի օրենսդրական և այլ նորմատիվ ակտերով սահմանված արտոնությունները:

Կողմերը պարտավորվում են առողջարանային հանգստի և բուժման մեջ գտնվող զինծառայողներին ու նրանց ընտանիքների անդամներին, քաղաքացիական անձնակազմին ցույց տալ անհապաղ և անհատույց բժշկական օգնություն:

Համաձայնագրով նախատեսված են առաջացող վեճերի լուծման կարգը և համաձայնագրի գործողության ժամկետը:

Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կառավարությունն ստորագրել է հատուկ կարծիքով` առաջարկել է հանել 4 հոդվածը, իսկ 11 հոդվածը շարադրել է հետևյալ խմբագրությամբ. «Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից նրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին ծանուցումներն ավանդապահին պահպանման հանձնելու օրվանից»: 11 հոդվածի վերաբերյալ նման վերապահումը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6 հոդվածի 5-րդ մասի պահանջներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների սահմանապահ զորքերի զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների և քաղաքացիական անձնակազմի առողջարանային բուժման և կազմակերպված հանգստի կազմակերպման մասին 1996 թվականի հոկտեմբերի 18 -ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները (ներառյալ 4 հոդվածը) համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


14 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ-68

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան