Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-32
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.11.1996-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1997/3
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
27.11.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.11.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.1996

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

27 նոյեմբերի 1996 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Ստեփանյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Վ. Շիրխանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց 1996 թվականի հունվարի 26-ին ստորագրված` «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության հանրակրթական դպրոցներ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության հանրակրթական դպրոցներ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Շիրխանյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության հանրակրթական դպրոցներ ստեղծելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվա քաղաքում: Համաձայնագիրը կնքվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանյան Դաշնության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին 1995 թվականի մարտի 16-ին կնքված պայմանագրի հիման վրա: Համաձայնագիրը սահմանում է Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության 2 դպրոցի տրամադրման և դրանց շահագործման կարգը: Դպրոցների ֆինանսավորումն իրականացնելու է Ռուսաստանյան կողմը: Համաձայնագրով սահմանվում է նաև դպրոցները մանկավարժական կադրերով համալրելու կարգը:

Համաձայնագրի գործողության ժամկետը պայմանավորված է 1995 թվականի մարտի 16-ի վերոհիշյալ պայմանագրի գործողության ժամկետով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1996 թվականի հունվարի 26-ին Մոսկվա քաղաքում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանյան Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում Ռուսաստանյան Դաշնության պաշտպանության նախարարության հանրակրթական դպրոցներ ստեղծելու մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան

 

27 նոյեմբերի 1996 թվականի

ՍԴՈ-32