Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-327
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.10.2001-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2002/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.10.2001
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2001
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2001

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՕԴԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ԿԱՀԻՐԵՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

16 հոկտեմբերի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Հ. Երիցյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի և 21(1) հոդվածի,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 2001 թվականի մայիսի 6-ի Կահիրեում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Հ. Երիցյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Սույն համաձայնագիրն ստորագրվել է 2001 թվականի մայիսի 6-ին Կահիրեում` Կողմերի միջև կանոնավոր օդային հաղորդակցություն հաստատելու նպատակով:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնում են հետևյալ պարտավորությունները.

- տրամադրել մյուս Կողմի նշանակած ավիաընկերությանը, մասնավորապես, հետևյալ իրավունքները.

ա) առանց վայրէջքի թռիչքներ կատարել իր տարածքով,

բ) ոչ առևտրային նպատակով վայրէջք կատարել իր տարածքում` սույն համաձայնագրի հավելվածում նշված կետերում,

գ) օգտվել բոլոր ավիաուղիներից, օդանավակայաններից և այլ միջոցներից,

դ) նշանակել մեկ կամ մի քանի ավիաընկերություն` սահմանված երթուղիներով համաձայնեցված ծառայություններ իրականացնելու համար,

ե) հետ վերցնել գործունեության թույլտվությունը, կասեցնել նշանակված ավիաընկերության կողմից սույն համաձայնագրի 3-րդ հոդվածով նախատեսված իրավունքների իրականացումը.

- յուրաքանչյուր օդանավակայանից օգտվելու վճարները և այլ գանձումները կատարել Պայմանավորվող կողմի հաստատած գներին և սակագներին համապատասխան.

- նշանակած ավիաընկերության կողմից համաձայնեցված ծառայություններ իրականացնելիս հաշվի առնել մյուս Կողմի նշանակած ավիաընկերության շահերը.

- ազատել բոլոր մաքսատուրքերից և այլ գանձումներից Կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավերը, դրանց հիմնական սարքավորումները և պաշարները,

- անհրաժեշտ օգնություն ցույց տալ քաղաքացիական ավիացիայի անվտանգությանն սպառնացող վտանգների կանխման գործում:

3. Համաձայնագրով նախատեսվում են նաև համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված վեճերի լուծման, համաձայնագրի փոփոխման, դրա ուժի մեջ մտնելու, գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները:

Համաձայնագիրն ունի հավելված, որով սահմանվում են Կողմերի նշանակած ավիաընկերության (ավիաընկերությունների) կողմից օգտագործվող երթուղիները:

4. Համաձայնագիրը համահունչ է Միջազգային քաղաքացիական ավիացիային վերաբերող` «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» 1944 թ. դեկտեմբերի 7-ին Չիկագոյում ստորագրված, «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» 1971 թ. սեպտեմբերի 23-ին Մոնրեալում ստորագրված և այլ կոնվենցիաների դրույթներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին 2001 թվականի մայիսի 6-ին Կահիրեում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


16 հոկտեմբերի 2001 թվականի
ՍԴՈ-327