ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1957 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՐԿԱԴԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
28 սեպտեմբերի 2004 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Վարդանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1957 թվականի հունիսի 25-ին Ժնևում ստորագրված` Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Կոնվենցիան Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից ընդունվել է 1957 թ. հունիսի 25-ին` հարկադիր կամ պարտադիր աշխատանքն արգելելու նպատակով:
Կոնվենցիան հիմնվում է հարկադիր կամ պարտադիր աշխատանքի վերացմանը նպատակաուղղված` Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակներում կնքված մի շարք միջազգային իրավական փաստաթղթերի, մասնավորապես, Ստրկության մասին 1926 թ. կոնվենցիայի, Աշխատավարձի պահպանման մասին 1949 թ. կոնվենցիայի վրա:
2. Կոնվենցիայով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել արդյունավետ միջոցներ` լրիվ և արագ վերացնելու համար հարկադիր կամ պարտադիր աշխատանքի բոլոր ձևերը, որոնք կարող են դրսևորվել`
- որպես քաղաքական ներգործության կամ դաստիարակության միջոց կամ որպես պատժամիջոց քաղաքական հայացքների կամ դրանց արտահայտման համար կամ քաղաքական, սոցիալական կամ տնտեսական համակարգի գաղափարախոսությանն ընդդիմադիր հայացքների համար,
- որպես աշխատուժի հավաքագրման և օգտագործման մեթոդ` տնտեսական զարգացման նպատակներով,
- որպես աշխատանքային կարգապահության միջոց,
- որպես պատժամիջոց` գործադուլներին մասնակցելու համար,
- որպես ռասայական, սոցիալական, ազգային կամ կրոնական խտրականության միջոց:
3. Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը, ըստ անհրաժեշտության, Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովին ներկայացնում է զեկույց` կոնվենցիայի կիրառման վերաբերյալ:
Կոնվենցիան նախատեսում է դրա չեղյալ հայտարարման և վերանայման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1957 թ. հունիսի 25-ին Ժնևում ստորագրված` Հարկադիր աշխատանքի վերացման մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|