«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 նոյեմբերի 1995 թվականի N 82
քաղ. Երևան
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔՆ ԱՌԱՆՑ ԳՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման կարգը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 30-ը ավարտել սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան նախկինում կնքված վարձակալության պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարների (այդ թվում` պետական մասնակցությամբ ձեռնարկություններում) վերահաշվարկման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի նոյեմբերի 24-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
Պետական ձեռնարկությունների, հիմնարկների եվ կազմակերպությունների գույքն առանց գնման իրավունքի վարձակալության տրամադրելիս վարձակալական վճարի որոշման
1. Վարձակալի կողմից մուծվող վարձավճարի նվազագույն չափը որոշվում է հետևյալ կարգով`
Վ = Ա + Գ%ԳՀ (վարձակալական վճարի հաշվարկման օրինակները կցվում են), որտեղ`
Վ -վարձակալական վճարը եռամսյակային կտրվածքով (եթե վարձակալական պայմանագիրը կնքվել է ոչ եռամսյակի սկզբին, ապա վարձակալական վճարը վերահաշվարկվում է պայմանագրի կնքման պահից մինչև եռամսյակի վերջն ընկած ժամանակահատվածի համար).
Ա-վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.
Գ-վարձակալության տրամադրված հիմնական միջոցների (շենքեր, կառույցներ, դրանց առանձին մասեր, սարքավորումներ, փոխադրամիջոցներ, գործիքներ) հաշվեկշռային արժեքը վարձակալական պայմանագրի կնքմանը նախորդող եռամսյակում.
ԳՀ-գույքահարկի տարեկան դրույքաչափը եռամսյակային կտրվածքով:
Սույն կետում նշված բանաձևի 2-րդ գումարելի հաշվարկը չի տարածվում վարձակալության տրամադրված այն գույքի վրա, որի կազմը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 1-ի «Ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքահարկով հարկման օբյեկտ չհանդիսացող գույքի կազմը հաստատելու մասին» N 303 որոշմամբ:
2. Վարձակալական վճարի չափը կարող է փոփոխվել կողմերի համաձայնությամբ, սակայն ոչ շուտ, քան 5 տարին մեկ անգամ:
3. Սույն կարգով հաշվարկված վարձակալական վճարի մեծությունը հանդիսանում է`
ա) մեկնարկային գին` աճուրդով կամ մրցույթով վարձակալության տրամադրելիս.
բ) վերջնական գին` աշխատավորական կոլեկտիվների հայտով վարձակալական ձեռնարկությունների ստեղծման դեպքում:
4. Նախկինում կնքված վարձակալական պայմանագրերով նախատեսված վարձակալական վճարները վերահաշվարկվում են սույն կարգին համապատասխան:
Օ Ր Ի Ն Ա Կ Ն Ե Ր
ՎԱՐՁԱԿԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
Օրինակ 1. Վարձակալական պայմանագրի եռամսյակի սկզբին կնքման դեպքում
Դիցուկ, կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի հունվարի 1-ին:
Ձեռնարկության վարձակալության տրամադրված հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները 1994 թվականի 4-րդ եռամսյակում կազմել են 1.0 մլն դրամ: Վարձակալության տրամադրված հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքն այդ նույն ժամանակահատվածում կազմել է 60.0 մլն դրամ:
Գույքահարկի եռամսյակային դրույքաչափը (ելնելով դրա տարեկան դրույքաչափից) 0.2 տոկոս է: Այդ դեպքում 1995 թվականի 1-ին եռամսյակի համար վարձակալական վճարի չափը կկազմի`
Վ = 1.0 + (60.0x0.2) / 100
Վ = 1.12 մլն դրամ:
Օրինակ 2. Վարձակալական պայմանագրի ոչ եռամսյակի սկզբին կնքման դեպքում
Դիցուկ, կողմերի միջև վարձակալական պայմանագիրը կնքվել է 1995 թվականի մարտի 10-ին:
Այդ դեպքում, նախ, որոշվում է վերը նշված ամսաթվից մինչև մարտի 31-ն ընկած օրերի տարբերությունը (21 օր) և հարաբերվում եռամսյակի օրերի թվին (90 օր)` տոկոսներով արտահայտված.
21 / 90 x 100 = 23 տոկոս
Հետևաբար, վարձակալական վճարի չափը տվյալ դեպքում կկազմի լրիվ եռամսյակի համար հաշվարկված գումարի (1.12 մլն դրամ) 23 տոկոսը.
Վ = 1.12 x 23 / 100 = 0.25 մլն դրամ
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
22.02.2001, N 125 | 22.02.2001, N 82 | |
05.10.1999, N 624 | 05.10.1999, N 82 | |
02.02.1999, N 54 | 02.02.1999, N 82 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|