Գլխավոր տեղեկություն
Համար
N 2
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.02.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2001.05.07/10(73)
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվ
26.02.2008
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
26.02.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

26 փետրվարի 2008 թ.

ք. Երևան

N 2

                                                                                                    

Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն  Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ

ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՌԻՍԿԵՐԻ ԳԾՈՎ ՎԵՐԱԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 32-րդ հոդվածի «բ» կետի համաձայն հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը նվազեցվում է նաև վերաապահովագրության փոխանցված ապահովագրավճարների չափով:

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 ապրիլի 2007 թվականի, ՀՕ-189-Ն` ուժի մեջ է մտել 2007 թվականի սեպտեմբերի 30-ին) համաձայն հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը նվազեցվում է նաև վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով:

Ստեղծված իրավիճակում տարաբնույթ է ընկալվում, թե այդ դեպքում շահութահարկով հարկման նպատակով ինչպես են հաշվառվելու մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը հաշվարկված վերաապահովագրավճարների վճարված և չվճարված գումարները:

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավական ակտի մեկնաբանման և դրա վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ տալու համար սահմանված նորմերով, պաշտոնապես պարզաբանում եմ.

ա) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածներին վերաբերող` հաշվապահական օրենսդրությանը համապատասխան ծախսագրված (ծախս ճանաչված) վերաապահովագրավճարների գծով վճարումները 2007 թվականի սեպտեմբերի 30-ից հետո կատարելու դեպքում, շահութահարկով հարկման նպատակով ապահովագրական ընկերությունները այդ ծախսերը ճանաչում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում: Ընդ որում` «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի համաձայն նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից կարող է հանվել միայն մեկ անգամ.

բ) մինչև 2007 թվականի սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածներին վերաբերող, սակայն հարկ վճարողի կողմից մինչ այդ հաշվապահական ձևակերպումների առումով չծախսագրված (ծախս չճանաչված) վերաապահովագրավճարները հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվում են համապատասխան հաշվապահական ձևակերպում և վճարում կատարելու հաշվետու ժամանակաշրջանում` հաշվապահական օրենսդրությանը համապատասխան դրանք ծախս ճանաչելուց հետո: Ընդ որում` հարկման նպատակով համախառն եկամուտը կարող է նվազեցվել հաշվետու տարում հայտնաբերված` դրան անմիջապես նախորդող 3 տարիներում պակաս ցույց տրված վերաապահովագրավճարների չափով:

 

ՀՀ կառավարությանն առընթեր

հարկային պետական ծառայության

պետի տեղակալ 

Ա. Ալավերդյան