Գլխավոր տեղեկություն
Համար
N 84
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.04.1997
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.1997
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
17.04.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.1997

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
17 ապրիլի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 1997 թ. N 84

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՈՂՋԱԲԵՐԴ ԳՅՈՒՂԻ ՎԹԱՐԱՅԻՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԸ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 10-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածքում սողանքային երևույթների հետևանքների կարգավորման միջոցառումների մասին» N 31 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը զարգացող սողանքային երևույթների պայմաններում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչների անվտանգությունն ապահովելու վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Կոտայքի մարզպետին`

ա) մեկամսյա ժամկետում ապահովել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի առավել վթարային 47 բնակելի տների բնակիչների վերաբնակեցումը նշված մարզի ժամանակավոր կացարաններում, իսկ մինչև 1997 թվականի հոկտեմբերի 1-ը կազմակերպել մնացած 46 բնակելի տների բնակիչների վերաբնակեցումը.

բ) Կոտայքի մարզի Ողջաբերդի գյուղական համայնքի հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակիչներին 1996 թվականի հողի հարկից ազատելու վերաբերյալ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի վերաբնակեցվող բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքը սահմանված կարգով փոխհատուցելու համար Կոտայքի մարզպետարանին հատկացնել 216.2 մլն դրամ, իսկ մինչև 1997 թվականի սեպտեմբերի 1-ը` ևս 211.6 մլն դրամ` Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» ենթակետում նշված բնակելի տներից բացի Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի մյուս վթարային բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման գումարը նախատեսել Հայաստանի Հանրապետության 1998 թվականի պետական բյուջեի նախագծում.

գ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Կոտայքի մարզպետի հետ համատեղ 15-օրյա ժամկետում հաստատել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցման կարգը:

3. Սահմանել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի բնակելի տների և օժանդակ շինությունների արժեքի փոխհատուցումը կատարվում է դրանք քանդելուց անմիջապես հետո:

Կոտայքի մարզպետին` գյուղատնտեսական աշխատանքների իրականացման նպատակով, ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, թույլատրել քանդման ենթակա օժանդակ շինությունների ժամանակավոր շահագործումը տնտեսական կարիքների համար:

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` երկամսյա ժամկետում ապահովել Երևան-Գառնի ավտոճանապարհի` Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածքով անցնող հատվածի անվտանգ շահագործումը` հենապատի վերականգնումով, Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեով նախարարությանը ճանապարհների պահպանման և շահագործման համար նախատեսված միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղի տարածքի և Երևան-Գառնի ավտոճանապարհի` Ողջաբերդ գյուղի տարածքով անցնող հատվածի սողանքային երևույթների հետագա վտանգավոր զարգացումը կանխող հակասողանքային միջոցառումների նախագծերի մշակումը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն նշված նախագծային աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 17-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ