«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
15 նոյեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1996 թվականի N 358
քաղ. Երևան
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՆՐԱՅԻՆ) ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԸ (ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ) ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման կարգը (կցվում է):
2. Հաստատել անավարտ շինարարության բազմաբնակարան բնակելի տների սեփականաշնորհումն ապահովող միջոցառումների ժամկետացանկը` համաձայն հավելվածի:
3. Բնակելի տների շինարարությունն ավարտելու նպատակով ապագա բնակարանատերերը պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և պետական կառավարման տարածքային մարմինների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են սեփականատերերի միավորումներ, որոնք իրականացնում են բնակելի տան շինարարության պատվիրատուի պարտականությունները:
Սեփականատերերի միավորումներ չձևավորվելու դեպքում պատվիրատուի պարտականություններն իրականացնում են համապատասխանաբար պատգամավորների գյուղական և քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները, համապատասխան մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը կամ հանրային բնակարանային ֆոնդի սեփականատերը:
4. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված` քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության պետական (հանրային) բնակելի տների և բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհումն իրականացվում է «Հայաստանի Հանրապետության պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, պատվիրատուներին` իրենց հաշվեկշռում գտնվող` փախստականների համար նախատեսված անավարտ շինարարության բնակելի տները մեկամսյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության հաշվեկշռին:
6. Սույն որոշման կատարման պատասխանատվությունը դնել պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինների և մարզպետների (Երևանի քաղաքապետի) վրա` այս ուղղությամբ ծավալելով բացատրական աշխատանք:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի նոյեմբերի 15-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հաստատված է |
Կ Ա Ր Գ
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ՀԱՆՐԱՅԻՆ) ՍԱԿԱՎԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ (ԻՐԱՎՈՒՆՔԻ) ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են անավարտ շինարարության այն պետական (հանրային) սակավաբնակարան (1-4 բնակարան ունեցող) բնակելի տների և բնակարանների (իրավունքի) սեփականաշնորհման հիմնական դրույթները, որոնց համար մինչև 1993 թվականի հունիսի 22-ը պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներն ընդունել են համապատասխան որոշումներ բնակելի տուն (բնակարան) հատկացնելու վերաբերյալ:
2. Պատգամավորների գյուղական, քաղաքային խորհուրդների գործադիր մարմինները և պետական կառավարման տարածքային մարմիններն իրենց տնօրինության տակ գտնվող` քաղաքացիներին ամրակցված առանձին կանգնած կամ կցված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տները, քաղաքացիների գրավոր համաձայնությամբ, երկամսյա ժամկետում, համապատասխան որոշումներով անհատույց սեփականության իրավունքով հատկացնում են դրանց ապագա բնակարանատերերին` հինգ տարվա ընթացքում շինարարությունը պարտադիր ավարտելու պայմանով:
Ապագա բնակարանատերերը կարող են սահմանված կարգով փոփոխություններ կատարել շենքի նախագծում` այն համաձայնեցնելով համապատասխան մարմինների հետ:
3. Քաղաքացիներին ամրակցված այն սակավաբնակարան բնակելի տները և բնակարանները, որոնք սեփականության իրավունքով քաղաքացիները հրաժարվել են ստանալ, ներկայացվում են աճուրդի` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 22-ի «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների աճուրդով վաճառքի ու պետական ձեռնարկություններն առանց գնման իրավունքի աճուրդով վարձակալության հանձնելու ընդհանուր կարգը հաստատելու մասին» N 196 որոշման: Իսկ քաղաքացիներին ամրակցված բնակելի տները (բնակարանները) սեփականության իրավունքով ստանալուց հրաժարված քաղաքացիները պահպանում են բնակելի տարածություն ստանալու համար հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:
Աճուրդին մասնակցած` տվյալ բնակավայրում բնակարանային պայմանների բարելավման համար հերթագրված քաղաքացիներն իրավունք են ձեռք բերում բնակելի տունը կամ բնակարանը գնելու աճուրդի արդյունքով ձևավորված վաճառքի գնի նկատմամբ հետևյալ գործակիցների կիրառմամբ`
20 - 15 տարվա հերթագրվածները, ինչպես նաև բնակելի տարածություն արտահերթ ստանալու իրավունք ունեցողները` | 0,1 |
15 - 10 տարվա հերթագրվածները, ինչպես նաև բնակելի տարածություն առաջնահերթ ստանալու իրավունք ունեցողները` | 0,2 |
10 - 5 տարվա հերթագրվածները` | 0,3 |
5 - 1 տարվա հերթագրվածները` | 0,4 |
մինչև 1 տարվա հերթագրվածները` | 0,5: |
4. Պատգամավորների քաղաքային, գյուղական խորհուրդների գործադիր մարմիններին և պետական կառավարման տարածքային մարմիններին` անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների սեփականության իրավունքով հատկացման մասին որոշումները ենթակա են ձևակերպման Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման հետ կապված փաստաթղթերը ձևակերպելու նպատակով գանձվող վարձի մուծման կարգը հաստատելու մասին» N 451 որոշմամբ սահմանված կարգով:
5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տները սեփականության իրավունքով հատկացնելու մասին որոշում կայացնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճշտվում են տների տակ գտնվող ու դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները և ձևակերպվում հողի նկատմամբ իրավունքի փաստաթղթերը:
6. Քաղաքացիներին ամրակցված անավարտ շինարարության սակավաբնակարան բնակելի տների և բնակարանների սեփականության իրավունքն օտարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված բնակելի տների կամ բնակարանների նոր սեփականատերը դրանց շինարարությունն իրականացնում են սույն կարգի 2-րդ կետի դրույթներին համապատասխան:
Հավելված |
Ժ Ա Մ Կ Ե Տ Ա Ց Ա Ն Կ
ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN Ը/Կ |
ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ | ՄՇԱԿՎՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ | ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԿԱՏԱՐՈՂԸ | ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. | Հայաստանի Հանրապետության բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող քաղաքացիների հաշվառման և նրանց բնակտարածություն հատկացնելու կարգ |
ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն Երևանի քաղաքապետարան ՀՀ արդարադատության նախարարություն |
1996 թ. 4-րդ եռամսյակ |
2. |
Հայաստանի Հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառման կանգնած քաղաքացիների պետական հովանավորության ծրագիր |
ՀՀ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ մարզպետարաններ Երևանի քաղաքապետարան |
1997 թ. 2-րդ եռամսյակ |
3. | Փախստականների, զոհված ազատամարտիկների ընտանիքների համար կառուցվող անավարտ բնակելի տների, աղետի գոտու անավարտ բազմաբնակարան տների, հատկացված տարածքի իրացման կապակցությամբ քաղաքացիներին ամրակցված բնակելի տների (բնակարանների) սեփականաշնորհման կարգը կամ դրանց շինարարության ավարտման պայմանները |
ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն |
1997 թ. 1-րդ եռամսյակ |
4. | Քաղաքացիներին ամրակցված բազմաբնակարան (այդ թվում` կոոպերատիվ) բնակելի տների անավարտ շինարարության ավարտման կամ սեփականաշնորհման կարգ |
ՀՀ կառավարության որոշման նախագիծ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ՀՀ քաղաքաշինության նախարարություն |
1996 թ. 4-րդ եռամսյակ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|