Գլխավոր տեղեկություն
Համար
N 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.1995-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.08.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.08.1995
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
19.08.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
19 օգոստոսի 1995 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 օգոստոսի 1995 թվականի N 4

 

քաղ. Երևան

 

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Մինչև ապրանքային և սպասարկման նշանների մասին Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերի ընդունումը, ապրանքային նշանների գրանցումն ու իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգը (կցվում է) և այն կիրարկել սույն որոշման ընդունման պահից 3 ամիս անց, իսկ ժամանակավոր կանոնակարգի 17-րդ կետը` 9 ամիս անց:

2. Սահմանել, որ ապրանքային և սպասարկման նշանների հայտերի ընդունումը, դրանց փորձաքննությունն ու պետական գրանցումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչությունը:

3. Սահմանել, որ ապրանքային և սպասարկման նշանների նախկին ԽՍՀՄ-ում գործող վկայականները նշանների սեփականատերերի դիմումների հիման վրա, 10 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչության կողմից սահմանված կարգով կարող են վերագրանցվել ապրանքային և սպասարկման նշանների Հայաստանի Հանրապետության պետական մատյանում:

Դիմումները ներկայացվում են սույն որոշմամբ հաստատված ապրանքային և սպասարկման նշանների ժամանակավոր կանոնակարգի կիրարկման պահից 6-ամսյա ժամկետում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1995 թվականի օգոստոսի 19-ից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
օգոստոսի 19-ի N 4 որոշմամբ

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր  Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ժամանակավոր կանոնակարգով կարգավորվում են ապրանքային և սպասարկման նշանների (այսուհետև` նշաններ) գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները:

2. Օտարերկրյա ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կամ փոխադարձության սկզբունքով օգտվում են սույն ժամանակավոր կանոնակարգով նախատեսված իրավունքներից և պատասխանատվություն կրում Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների հետ համահավասար:

 

II. Նշանների իրավական պաշտպանությունը

 

3. Հայաստանի Հանրապետությունում նշանների իրավական պաշտպանությունն իրականացվում է համաձայն սույն ժամանակավոր կանոնակարգի` նշանների պետական գրանցման հիման վրա կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

Նշանը կարող է գրանցվել ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անունով:

4. Գրանցված նշանի սեփականատիրոջը տրվում է նշանի վկայական: Վկայականը հաստատում է նշանի գրանցման փաստը, առաջնությունը, ինչպես նաև վկայականում նշված ապրանքների և ծառայությունների (այսուհետև` ապրանքներ) նկատմամբ նշանի օգտագործման բացառիկ իրավունքը:

5. Նշանի սեփականատերն ունի նշանը տնօրինելու և օգտագործելու բացառիկ իրավունք: Առանց նշանի սեփականատիրոջ թույլտվության ոչ ոք իրավունք չունի օգտագործելու Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվող նշանը:

Նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում են համարվում առանց նրա թույլտվության այդ նշանի կամ դրանով նշված արտադրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը և դրա առաջարկը, ինչպես նաև այլ ձևերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ նշանի նույն նպատակով պահեստավորումը և սույն ժամանակավոր կանոնակարգի 26-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններով նախատեսված գործողությունների իրականացումը: Նշանի սեփականատիրոջ բացառիկ իրավունքի խախտում է համարվում նաև այդ նշանին շփոթելու աստիճանի նման մեկ այլ նշանի օգտագործումը նույնատիպ ապրանքների համար:

6. Որպես նշան կարող են գրանցվել բառային, պատկերային, ծավալային և այլ նշաններ կամ դրանց համակցությունը: Նշանը կարող է գրանցվել ցանկացած գույնով կամ գունային հարաբերությամբ:

7. Նշանները չեն կարող գրանցվել, եթե դրանք բաղկացած են միայն այնպիսի նշաններից, որոնք`

ա) չունեն տարբերակիչ հատկանիշ.

բ) պետական զինանշաններ, դրոշներ և խորհրդանիշեր, պետությունների պաշտոնական անվանումներ, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումներ, պաշտոնական խորհրդանիշեր, պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմներ, կնիքներ, պարգևներ և այլ տարբերանշաններ են կամ թվարկվածներին շփոթելու աստիճանի նման նշաններ: Այդպիսի նշանները, դրանց սեփականատիրոջ կամ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությամբ, կարող են որպես չպահպանվող տարրեր ներառվել նշանի մեջ.

գ) համընդհանուր օգտագործման մեջ են մտել որպես որոշակի տեսակի ապրանքներ բնորոշող նշաններ.

դ) համընդհանուր ճանաչում ստացած խորհրդանիշեր և տերմիններ են.

ե) նշում են ապրանքի տեսակը, որակը, քանակը, հատկությունները, արժեքը, ստեղծման նպատակը, ինչպես նաև ապրանքի արտադրության ու իրացման տեղն ու ժամանակը:

Սույն կետի «ա», «գ», «դ», «ե» ենթակետերում նշված նշանները, որպես չպահպանվող տարրեր, կարող են ներառվել նշանի մեջ, եթե դրանք չեն կազմում նշանի գերիշխող մասը:

8. Չեն կարող գրանցվել նաև այն նշանները, որոնք ապրանքի կամ արտադրողի մասին պարունակում են կեղծ կամ սպառողին մոլորության

մեջ գցող տեղեկություններ, հակասում են հասարակական շահերին, մարդասիրության և բարոյականության սկզբունքներին:

9. Սույն ժամանակավոր կանոնակարգի համաձայն չեն կարող գրանցվել այն նշանները, որոնք նույնական են կամ շփոթելու աստիճանի նման`

ա) նույնատիպ ապրանքների համար Հայաստանի Հանրապետությունում այլ անձի անունով արդեն գրանցված կամ գրանցման ներկայացված նշանին.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան առանց գրանցման պահպանվող` այլ անձանց նշաններին.

գ) սահմանված կարգով գրանցված հավաստագրային նշաններին.

դ) Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնի և այլ անձանց պատկանող ֆիրմային անվանումներին (կամ դրանց մի մասին), եթե այդ անվանումների իրավունքը նրանք ստացել են մինչև նույնատիպ ապրանքների համար նշանի հայտի ներկայացման թվականը:

10. Գրանցման ենթակա չեն նաև այն նշանները, որոնք վերարտադրում են`

ա) արդյունաբերական նմուշներ, որոնց տնօրինման իրավունքը պատկանում է այլ անձանց.

բ) Հայաստանի Հանրապետության գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ կամ դրանցից մեջբերումներ և գործող անձանց, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ` առանց դրանց հեղինակների կամ նրանց իրավահաջորդների համաձայնության.

գ) հռչակավոր անձանց անուններ, ազգանուններ, կեղծանուններ և դրանցից ածանցյալներ, դիմանկարներ և ֆաքսիմիլե` առանց այդ անձանց կամ նրանց ժառանգորդների, համապատասխան իրավասու մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության թույլտվության, եթե դրանք Հայաստանի Հանրապետության պատմության և մշակույթի սեփականությունն են:

 

III. Նշանի գրանցումը

 

11. Նշանի գրանցման հայտը (այսուհետև` հայտ) Հայաստանի Հանրապետության արտոնագրային վարչություն (Հայարտոնագիր) է ներկայացնում այն ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը, որի անունով խնդրարկվում է նշանի գրանցումը (այսուհետև` հայտատու):

Հայտը կարող է ներկայացվել Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարի միջոցով:

Հայաստանի Հանրապետությունից դուրս ապրող անհատ ձեռներեցները և օտարերկրյա ձեռնարկությունները նշանների գրանցման հետ կապված գործերը վարում են Հայարտոնագրում գրանցված արտոնագրային հավատարմատարների միջոցով: Արտոնագրային հավատարմատարի իրավասությունը վավերացվում է այն անձի կողմից տրված լիազորագրով, որի անունով խնդրարկվում է նշանի գրանցումը:

12. Հայտը պետք է վերաբերի մեկ նշանի և պարունակի`

ա) նշանի գրանցման մասին դիմում, որում նշվում են հայտատուն և նրա գտնվելու կամ բնակության վայրը.

բ) հայտարկվող նշանի պատկերը և դրա նկարագրությունը.

գ) ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման դասերին համապատասխան խմբավորված այն ապրանքների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը:

13. Հայտին կցվում են`

ա) Հայտ ներկայացնելու և փորձաքննություն անցկացնելու համար սահմանված վճարի մուծումը հաստատող փաստաթուղթը.

բ) արտոնագրային հավատարմատարի իրավասությունը հաստատող փաստաթուղթը (լիազորագիրը), եթե հայտը ներկայացվում է արտոնագրային հավատարմատարի միջոցով.

գ) հայտատուների միջև կնքված պայմանագրի պատճենը, եթե նշանի գրանցումը խնդրարկվում է մի քանի հայտատուների անունով: Հայտը ներկայացվում է հայերեն:

Հայտի փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանվում են համաձայն սույն ժամանակավոր կանոնակարգի NN 1 և 2 հավելվածների:

14. Նշանի առաջնությունը սահմանվում է Հայարտոնագրի կողմից հայտի ստացման թվականով:

Նշանի առաջնությունը կարող է սահմանվել առաջին հայտը արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից որևէ պետություն ներկայացնելու թվականով (կոնվենցիայով առաջնություն), այն դեպքում, երբ հայտը Հայարտոնագիրն ստացել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել ոչ ավելի քան 2 ամսով, եթե կոնվենցիայով առաջնության խնդրանքով հայտը հայտատուից անկախ պատճառներով չի ներկայացվել սահմանված ժամկետում:

Արդյունաբերական սեփականության պաշտպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից պետություններից մեկի տարածքում պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսների ցուցանմուշների վրա տեղադրված նշանի առաջնությունը կարող է սահմանվել ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով (ցուցահանդեսային առաջնություն), եթե հայտը Հայարտոնագիրն ստացել է նշված թվականից 6 ամսվա ընթացքում:

Կոնվենցիայով առաջնության կամ ցուցահանդեսային առաջնության իրավունքից օգտվել ցանկացող հայտատուն պարտավոր է այդ մասին նշել հայտը ներկայացնելիս կամ Հայարտոնագրի կողմից դրա ստացման օրվանից 2 ամսվա ընթացքում` կցելով այդ պահանջի իսկությունը հաստատող փաստաթղթերը կամ` այդ փաստաթղթերը Հայարտոնագիր ներկայացնել հայտի ստացման թվականից 3 ամսվա ընթացքում:

Նշանի առաջնությունը կարող է սահմանվել նշանի միջազգային գրանցման թվականով` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան:

15. Հայտի փորձաքննությունն իրականացնում է Հայարտոնագիրը` սույն ժամանակավոր կանոնակարգին և դրա հիման վրա իր կողմից սահմանված կանոններին համապատասխան:

Հայարտոնագրի կողմից հայտի ստացման օրվանից 2 ամսվա ընթացքում, մինչև դրա մասին որոշման ընդունումը, հայտատուն իրավունք ունի իր նախաձեռնությամբ լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ մտցնելու հայտի նյութերի մեջ:

Եթե լրացուցիչ նյութերը գրանցման ներկայացված նշանը փոփոխում են ըստ էության, կամ, եթե հայտի մեջ նշված ապրանքների ցանկում ներառվել են ոչ նույնատիպ ապրանքներ, ապա այդ նյութերը քննարկման չեն ընդունվում և կարող են հայտատուի կողմից ձևակերպվել որպես ինքնուրույն հայտ:

Փորձաքննության ընթացքում Հայարտոնագիրը կարող է հայտատուից պահանջել լրացուցիչ նյութեր, առանց որոնց փորձաքննության անցկացումն անհնարին է: Լրացուցիչ նյութերը պետք է ներկայացվեն այդ մասին հարցումն ստանալու օրվանից 2-ամսյա ժամկետում:

Հայտատուի խնդրանքով նշված ժամկետը կարող է երկարաձգվել, եթե այդ մասին դիմումն ստացվել է մինչև այդ ժամկետի ավարտը: Նշված ժամկետում փորձաքննության հարցումը հայտատուի կողմից անպատասխան թողնվելու դեպքում հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն:

Հայտատուի խնդրանքով հայտը կարող է հետ կանչվել փորձաքննության ցանկացած փուլում:

16. Հայտի ստացման օրվանից 1-ամսյա ժամկետում ստուգվում են դրա անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Ստուգման արդյունքների հիման վրա հայտատուն ծանուցվում է հայտը քննարկման ընդունելու կամ չընդունելու մասին:

Հայտը քննարկման ընդունելու դեպքում հայտատուն ծանուցվում է նշանի առաջնության սահմանման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա խնդրարկում է կոնվենցիայով առաջնություն կամ ցուցահանդեսային առաջնություն, բայց հայտը քննության ընդունելու պահին չի ներկայացրել այդ պահանջի իրավասությունը հաստատող անհրաժեշտ փաստաթղթերը:

17. Ստուգման արդյունքով հայտը քննարկման ընդունելու դեպքում անցկացվում է հայտարկվող նշանի փորձաքննություն: Փորձաքննության ընթացքում ստուգվում է հայտարկվող նշանի համապատասխանությունը սույն ժամանակավոր կանոնակարգի 7, 8, 9 և 10-րդ կետերով սահմանված պահանջներին և սահմանվում է նշանի առաջնությունը, եթե այն մինչ այդ չի սահմանվել:

Փորձաքննության արդյունքների հիման վրա ընդունվում է նշանը գրանցելու կամ դրա գրանցումը մերժելու մասին որոշում:

Նշանի գրանցման մասին փորձաքննության որոշումը կարող է վերանայվել սույն ժամանակավոր կանոնակարգի 14-րդ կետի համաձայն ավելի վաղ առաջնությունից օգտվող հայտի ստացման կապակցությամբ:

18. Փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից 3-ամսյա ժամկետում գանգատ ներկայացնելու Հայարտոնագրի գանգատարկման խորհուրդ (այսուհետև` գանգատարկման խորհուրդ): Գանգատը պետք է քննարկվի դրա ստացման օրվանից 2-ամսյա ժամկետում:

Գանգատարկման խորհրդի որոշման հետ չհամաձայնելու դեպքում հայտատուն իրավունք ունի դրա ստացման օրվանից 6-ամսյա ժամկետում գանգատարկելու դատական կարգով:

Հայտատուն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության որոշման մեջ նշված նյութերի հետ: Հայտատուն այդ որոշման ստացման օրվանից 1-ամսյա ժամկետում կարող է պահանջել այդ նյութերի պատճենները:

Հայարտոնագիրը սույն ժամանակավոր կանոնակարգի 15-րդ կետի չորրորդ պարբերությամբ և սույն կետի առաջին ու երրորդ պարբերություններով նախատեսված և հայտատուի կողմից բաց թողնված ժամկետը կարող է վերականգնել դրա լրանալուց հետո 3 ամսվա ընթացքում, հայտատուի տված դիմումի համաձայն, սահմանված վճարի մուծման դեպքում:

19. Հայարտոնագիրը, նշանը գրանցելու մասին որոշման հիման վրա սահմանված վճարի մուծման փաստաթուղթն ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում նշանը գրանցում է նշանների գրանցման Հայաստանի Հանրապետության պետական մատյանում (այսուհետև` գրանցամատյան): Գրանցամատյան են մտցվում նշանը, նշանի սեփականատիրոջ մասին տեղեկությունները, նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների ցանկը, որոնց համար գրանցված է նշանը, և այլ տեղեկություններ, որոնք վերաբերում են նշանի գրանցմանը, ինչպես նաև այդ տեղեկությունների հետագա բոլոր փոփոխությունները:

20. Նշանի վկայականը հանձնում է Հայարտոնագիրը` նշանը գրանցամատյանում գրանցման օրվանից 1 ամսվա ընթացքում: Վկայականի ձևը և դրա մեջ նշվող տեղեկությունների ցանկը սահմանում է Հայարտոնագիրը:

21. Նշանի գրանցումը գործում է Հայարտոնագրի կողմից հայտի ստացման թվականից 10 տարվա ընթացքում:

Նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվում է գրանցման գործողության ժամկետի վերջին տարվա ընթացքում, նշանի գրանցման գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս 10 տարով:

Գրանցման գործողությունը կարող է երկարաձգվել նաև նշանի սեփականատիրոջ դիմումի համաձայն, որը տրվել է նշանի գրանցման գործողության ժամկետի ավարտից հետո 6 ամսվա ընթացքում, լրացուցիչ վճար մուծելու դեպքում:

Հայարտոնագիրը նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման մասին նշում է կատարում գրանցամատյանում և նշանի վկայականում:

22. Նշանի սեփականատերն իր անվանման, ազգանվան, անվան և հայրանվան փոփոխման, այն ապրանքների անվանացուցակի կրճատման, որոնց համար գրանցված է նշանը, առանց նշանի էությունը փոխելու նրա առանձին տարրերի փոփոխման և նշանի գրանցմանը վերաբերող այլ փոփոխությունների մասին տեղեկացնում է Հայարտոնագրին:

Գրանցամատյանում և նշանի վկայականում փոփոխությունները մտցվում են սեփականատիրոջ դիմումի համաձայն, համապատասխան վճար մուծելու դեպքում:

23. Հայարտոնագիրը նշանի գրանցմանը վերաբերող և սույն ժամանակավոր կանոնակարգի 19-րդ կետին համապատասխան գրանցամատյան մտցված տեղեկությունները գրանցամատյանում դրանց գրանցման օրվանից 6-ամսյա ժամկետում հրապարակում է իր պաշտոնական տեղեկագրում:

24. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունները և անհատ ձեռներեցներն իրավունք ունեն նշանը գրանցելու օտարերկրյա պետություններում կամ կատարելու դրա միջազգային գրանցում:

Նշանի միջազգային գրանցման հայտը ներկայացվում է Հայարտոնագրի միջոցով:

25. Սույն ժամանակավոր կանոնակարգի 33-րդ կետին համապատասխան նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու դեպքում գրանցման գործողության դադարեցման օրվանից 3 տարվա ընթացքում նշանը նախկին սեփականատիրոջից կամ նրա իրավահաջորդից բացի այլ անձանց անունով չի կարող գրանցվել:

Այս պահանջը չի գործում նշանի գրանցումը սույն ժամանակավոր կանոնակարգի 32-րդ կետի համաձայն անվավեր ճանաչվելու դեպքում:

 

IV. Նշանի օգտագործումը և այն չօգտագործելու հետևանքները

 

26. Նշանի օգտագործում է համարվում նշանի սեփականատիրոջ կամ, սույն ժամանակավոր կանոնակարգի 30-րդ կետի համաձայն, թույլատրական պայմանագրով այդ իրավունքն ունեցող անձի կողմից դրա կիրառումն այն ապրանքների նկատմամբ, որոնց համար գրանցված է նշանը, և (կամ) դրանց փաթեթավորման վրա:

Նշանի օգտագործում է համարվում նաև նշանի կիրառումը գովազդներում, հրատարակություններում, ինչպես նաև պաշտոնական բլանկների, ցուցանակների, Հայաստանի Հանրապետությունում կազմակերպվող ցուցահանդեսների և տոնավաճառների ցուցանմուշների վրա` միայն այն դեպքերում, երբ ապրանքների և (կամ) դրանց փաթեթավորման վրա նշանի կիրառումն անհնարին է:

Միջնորդական գործունեություն իրականացնող ձեռնարկություններն ու անհատ ձեռներեցները պայմանագրային հիմունքներով կարող են իրենց նշանն օգտագործել ապրանքն արտադրողի նշանի հետ համատեղ կամ վերջինիս նշանի փոխարեն:

Նշանի գրանցման գործողությունը կարող է ցանկացած անձի դիմումի հիման վրա, դատարանի որոշմամբ դադարեցվել վաղաժամկետ, ամբողջովին կամ մասնակիորեն, եթե նշանի գրանցման թվականից կամ դիմումին նախորդող 5 տարվա ընթացքում այն ընդհանրապես չի օգտագործվել:

Նշանը չօգտագործելու դեպքում, դրա գրանցման գործողության դադարեցման հարցը որոշելիս, հաշվի են առնվում իրենից անկախ պատճառներով նշանը չօգտագործելու մասին նշանի սեփականատիրոջ ներկայացրած փաստարկները:

 

V. Նշանի գրանցումից բխող իրավունքները

 

27. Գրանցված նշանի սեփականատերն իրավունք չունի արգելելու այլ անձանց կողմից տվյալ նշանի օգտագործումն այն ապրանքների համար, որոնք դրա նշումով տնտեսական շրջանառության մեջ են մտցվել նշանի սեփականատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

28. Նշանի սեփականատերը կարող է նշանի կողքին զետեղել Հայաստանի Հանրապետությունում տվյալ նշանի գրանցված լինելը վկայող նախազգուշական մակնիշ:

29. Նշանը պայմանագրով կարող է զիջվել այլ անձանց` բոլոր այն ապրանքների կամ նրանց մի մասի համար, որոնք նշված են նշանի վկայականում:

30. Նշանի սեփականատերը (թույլատու) թույլատրական պայմանագրի հիման վրա կարող է նշանի օգտագործման իրավունք տալ այլ անձի (թույլատեր):

Թույլատրական պայմանագիրը պետք է բովանդակի հետևյալ պայմանը. թույլատիրոջ ապրանքը որակապես չպետք է զիջի թույլատուի ապրանքին, և վերջինս հսկողություն պետք է իրականացնի այդ պայմանի կատարման նկատմամբ:

Եթե նշանը գրանցված է մի քանի սեփականատիրոջ անունով, ապա նրանցից յուրաքանչյուրն այն կարող է օգտագործել իրենց միջև կնքված պայմանագրի համաձայն: Այս դեպքում նրանցից ոչ մեկն իրավունք չունի առանց մյուս սեփականատերերի համաձայնության իր իրավունքները զիջելու կամ թույլատրագիր տալու այլ անձի:

31. Նշանի զիջման պայմանագիրը և թույլատրական պայմանագիրը գրանցվում են Հայարտոնագրում: Չգրանցված պայմանագիրը համարվում է անվավեր:

 

VI. Նշանի գրանցման գործողության դադարեցումը

 

32. Նշանի գրանցումը դրա գործողության ամբողջ ժամկետի ընթացքում կարող է ամբողջովին կամ մասնակիորեն ճանաչվել անվավեր, եթե այն կատարվել է սույն ժամանակավոր կանոնակարգի 3-րդ կետի երկրորդ պարբերությամբ և 7, 8-րդ կետերով սահմանված պահանջների խախտմամբ, նշանի գրանցման մասին տեղեկությունները պաշտոնական տեղեկագրում հրապարակելու թվականից 5 տարվա ընթացքում` սույն ժամանակավոր կանոնակարգի 9 և 10-րդ կետերի համաձայն:

Նշանի գրանցումը վիճարկելու մասին գանգատը սույն կետի առաջին պարբերությամբ նախատեսված ժամկետներում կարող է գանգատարկման խորհուրդ ներկայացնել ցանկացած ձեռնարկություն կամ ֆիզիկական անձ: Գանգատը պետք է քննարկվի դրա ստացման օրվանից 4-ամսյա ժամկետում:

Գանգատարկման խորհրդի որոշումը դրա ընդունման օրվանից 6-ամսյա ժամկետում կարող է գանգատարկվել դատական կարգով:

33. Հայարտոնագիրը նշանի գրանցումը չեղյալ է ճանաչում`

ա) սույն ժամանակավոր կանոնակարգի 21-րդ կետով նախատեսված նշանի գործողության ժամկետի ավարտման դեպքում.

բ) նշանը չօգտագործելու պատճառով, սույն ժամանակավոր կանոնակարգի 26-րդ կետի չորրորդ պարբերության համաձայն, նշանի գործողության վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ դատարանի որոշման հիման վրա.

գ) նշանի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում` համաձայն սույն ժամանակավոր կանոնակարգի 32-րդ կետի.

դ) նշանի սեփականատիրոջ լուծարման (մահվան) դեպքում.

ե) նշանի` որոշակի տեսակի ապրանքների նշման համար օգտագործվող, համընդհանուր կիրառում ունեցող նշանի վերածվելու դեպքում, ցանկացած ձեռնարկության կամ ֆիզիկական անձի դիմումի համաձայն, դատարանի որոշման հիման վրա.

զ) նշանից դրա սեփականատիրոջ հրաժարվելու դեպքում:

 

VII. Նշանի նկատմամբ իրավունքների պաշտպանությունը

 

34. Նշանի բացառիկ իրավունքի խախտման, թույլատրական պայմանագրերի կնքման և կատարման, ինչպես նաև նշանի զիջման պայմանագրի հետ կապված վեճերը ևս լուծվում են դատական կարգով:

35. Նշանի ապօրինաբար օգտագործումը կամ նույնատիպ ապրանքների համար դրան շփոթելու աստիճանի նման նշանի օգտագործումն առաջացնում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն:

Նշանի ապօրինաբար օգտագործման դեպքում դրա սեփականատիրոջ իրավունքների պաշտպանությունը, բացի անօրինական օգտագործման դադարեցման և վնասների փոխհատուցման պահանջի իրավունքից, իրականացվում է նաև`

ա) տուժողի հեղինակությունը վերականգնելու նպատակով դատարանի որոշման հրապարակմամբ.

բ) ապօրինաբար օգտագործվող նշանը կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանն ապրանքի կամ դրա փաթեթավորման վրայից հանելով, նշանի կամ դրան շփոթելու աստիճանի նման նշանի համար պատրաստված դրոշմապատկերների ոչնչացմամբ:

 

VIII. Եզրափակիչ դրույթներ

 

36. Նշանի գրանցման հայտ ներկայացնելու, վկայական ստանալու, ինչպես նաև սույն ժամանակավոր կանոնակարգից բխող այլ գործողությունների համար գանձվում են վճարներ:

37. Վճարները գանձվում են հանրապետական բյուջե. դրանց տեսակները, չափերն ու վճարման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ N1
աՊՐԱՆՔԱՅԻՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ
ժԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ

 

ՀԱՅՏԻ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայտը ներկայացվում է ժամանակավոր կանոնակարգի թիվ 2 հավելվածում տրված բլանկի տեսքով և պետք է պարունակի այնտեղ նշված բոլոր տեղեկությունները`

ա) նշանի գրանցման մասին դիմումը.

դիմումի մեջ նշվում են`

հայտարկվող նշանը որպես ապրանքային նշան գրանցելու վերաբերյալ հայտատուի խնդրանքը և ձեռնարկության լրիվ անվանումը կամ անհատ ձեռներեցի անունը, հայրանունը, ազգանունը.

ձեռնարկության նույնականացման ութանիշ ծածկագիրը, օտարերկրյա հայտատուների համար` երկրի ծածկագրին ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի.

կոնվենցիայով առաջնություն կամ ցուցահանդեսային առաջնություն խնդրարկելու դեպքում` նշանի առաջնությունը սահմանելու մասին տվյալներ. առաջին հայտի թիվ, խնդրարկվող առաջնության թվականը, առաջին հայտի ստացման երկրի ծածկագրին ըստ ՄՍՀԿ ՍՏ 3 ստանդարտի.

հայտատուի (ների) փոստային հասցեն, նամակագրության հասցեն.

արտոնագրային հավատարմատարը.

բ) նշանի պատկերը.

հայտարկվող նշանը ներկայացվում է լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի տեսքով` 5 x 5 սմ չափսով (կախված նշանի չափսերից` լուսանկարը կամ դրոշմվածքը կարող է լինել 5 x 10 սմ): Եթե որպես նշան գրանցման է ներկայացված պիտակը, ապա որպես հայտարկվող նշանի պատկեր իր բնական մեծությամբ կարող է ներկայացվել պիտակը.

եթե հայտարկվում է եռաչափ նշան, ապա ներկայացվող լուսանկարի կամ տպագրական դրոշմվածքի չափերը կարող են լինել 5 x 5 սմ-ից մինչև 9 x 12 սմ.

հայտարկվող նշանի լուսանկարները կամ տպագրական դրոշմվածքները ներկայացվում են 25 հատով և այն գույնով կամ գունային հարաբերությամբ, որով խնդրարկվում է նշանի գրանցումը.

նշանի պատկերը պետք է ունենա որակյալ գրաֆիկական կատարում: Նշանի տպագրական դրոշմվածքները պետք է ներկայացվեն որակյալ սպիտակ թղթի վրա (առնվազն 80 գ/քառ. սմ տեսակարար կշռով).

գ) նշանի նկարագրությունը և գույները (գունաշար).

եթե բառային նշանը կամ դրա մի մասը չունի իմաստային նշանակություն, ապա տրվում է դրա կազմման եղանակը (օրինակ, մի քանի բառերի առաջին վանկերը, հապավումները, մտացածին բառը և այլն).

եթե բառային նշանը հայերենով չի ներկայացված, ապա տրվում է դրա գրադարձությունը հայոց լեզվի այբուբենի տառերով: Եթե նշանն ունի բառային իմաստ, ապա տրվում է նաև դրա հայերեն թարգմանությունը.

եթե նշանը կամ դրա մի մասը պատկերային է, ապա տրվում է դրա մեջ մտնող բոլոր տարրերի նկարագրությունը և նշվում դրա իմաստային նշանակությունը.

եթե պատկերային նշանը վերացական բնույթի է, ապա տրվում է դրա խորհրդանշական իմաստը.

եթե նշանի գրանցումը խնդրարկվում է գունային լուծմամբ, ապա նշվում է դրա գույնը կամ գունաշարը: Գույների նկարագրությունը պետք է համապատասխանի նշանի մեջ օգտագործված գույներին.

դ) ապրանքների և ծառայությունների ցանկը.

ապրանքները և ծառայությունները, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը, պետք է խմբավորվեն ըստ ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման (այսուհետև` ԱԾՄԴ) դասերի (գերադասելի են ԱԾՄԴ տերմիններ):

2. Հայտին կից փաստաթղթերի ներկայացվող պահանջները`

ա) հայտատուների միջև կնքված պայմանագրի նկատմամբ պահանջները.

ժամանակավոր կանոնակարգի 13-րդ կետի «գ» ենթակետի համաձայն նշանը մի քանի սեփականատիրոջ անունով գրանցելու դեպքում խնդրարկվող նշանի պայմանագիրը պետք է պարունակի գրանցման նպատակը, այդ նշանով նշվող ապրանքների անվանացանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրերը, նշանի օգտագործման պայմանները, օգտագործման վերահսկողության կարգը, պատասխանատվությունը նշանի պայմանագրի խախտման համար.

բ) ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը.

ժամանակավոր կանոնակարգի 14-րդ կետի երրորդ պարբերության համաձայն ցուցահանդեսային առաջնությունից օգտվելու դեպքում հայտատուն պարտավոր է ներկայացնել այդ իրավունքը հաստատող փաստաթուղթը, որի մեջ պետք է նշվեն միջազգային ցուցահանդեսի անցկացման վայրը, երկրի անվանումը, ապրանքը ցուցադրող ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի անվանումը, նշանի պատկերը, նշանով նշված` ցուցադրված ապրանքների ցանկը և դրանց բաց ցուցադրումն սկսելու թվականը: Փաստաթղթերը վավերացվում են ցուցահանդեսը կազմակերպող մարմնի կողմից:

3. Հայտի փաստաթղթերի ձևակերպումը`

ա) ստորագրությունը.

հայտը ստորագրում է հայտատուն: Եթե հայտատուն ձեռնարկություն է, ապա հայտը ստորագրում է դրա ղեկավարը կամ լիազորված անձը, նշվում է ստորագրող անձի պաշտոնը: Ստորագրությունը վավերացվում է ձեռնարկության կնիքով.

արտոնագրային հավատարմատարի միջոցով ներկայացվող հայտը ստորագրվում է նրա կողմից.

ժամանակավոր կանոնակարգով նախատեսված փաստաթղթերի ստորագրությունների կողքին նշվում են ստորագրող անձի ազգանունը, անունը և հայրանունը.

բ) հայտի լեզուն.

հայտը ներկայացվում է հայերեն: Եթե հայտին կից փաստաթղթերն այլ լեզվով են, ապա դրանց հայերեն թարգմանությունը պետք է ներկայացվի հայտի ստացման օրվանից 2-ամսյա ժամկետում.

գ) օրինակների թիվը.

հայտը և դրան կից փաստաթղթերը, բացառությամբ գրանցման ներկայացված հայտարկվող նշանի պատկերի, ներկայացվում են 1 օրինակով. հայտը և դրան կցվող փաստաթղթերը ներկայացվում են տպագիր (առաջին օրինակները):

4. Հայտին կցվող մյուս փաստաթղթերը`

անհրաժեշտության դեպքում հայտին կարող են կցվել`

նշանի մեջ պետական զինանշանների, դրոշների և խորհրդանիշների, պետությունների պաշտոնական անվանումների, միջազգային, միջպետական կազմակերպությունների լրիվ կամ կրճատ անվանումների, պաշտոնական խորհրդանիշների ընդգրկման կապակցությամբ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը, եթե հայտարկվող նշանի մեջ ներառված են նշված տարրերը կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրեր.

հայտարկվող նշանի մեջ ներառված պատկերների և այլ տարբերանշանների իսկությունը հաստատող փաստաթուղթը.

նշանի մեջ պաշտոնական վերահսկողական, երաշխիքային և հարգորոշիչ դրոշմների և կնիքների կամ դրանց շփոթելու աստիճանի նման պատկերների ընդգրկման կապակցությամբ համապատասխան իրավասու մարմնի համաձայնությունը, եթե նշված տարրերը ներառված են հայտարկվող նշանի մեջ.

հռչակավոր մարդկանց կամ նրանց իրավահաջորդների, համապատասխան իրավասու մարմնի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունը` գրանցելու այն նշանները, որոնք վերարտադրում են նրանց անունները, ազգանունները, կեղծանունները և դրանց ածանցյալները, դիմանկարները և ֆաքսիմիլեն.

հեղինակային իրավունքի սեփականատիրոջ կամ նրա իրավահաջորդի համաձայնությունը` գրանցելու այն նշանները, որոնք Հայաստանի Հանրապետությունում գիտության, գրականության, արվեստի հայտնի ստեղծագործությունների անվանումներ, դրանցից մեջբերումներ կամ գործող անձինք են, արվեստի և մշակույթի ստեղծագործություններ կամ դրանցից հատվածներ են.

հայտատուի` արդյունաբերական նմուշի, ֆիրմային անվանման (կամ դրա մի մասի), ապրանքային նշանի, ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ, եթե դրանք կամ դրանց շփոթելու աստիճանի նման տարրերը ներառված են հայտարկվող նշանի մեջ:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2
ԱՊՐԱՆՔԱՅԻՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ

 

Հ Ա Յ Տ

ապրանքային (սպասարկման) նշանի գրանցման

 

Հայաստանի Հանրապետության
արտոնագրային վարչություն

Երևան 10, Գլխավոր պող. 
Կառավարական տուն, 3|

Դ Ի Մ Ո Ւ Մ

Ներկայացնելով հայտը և ստորև նշված փաստաթղթերը, խնդրում եմ (ենք) |հայտի մեջ նշված նշանը հայտատուի (ների) անունով գրանցել որպես ապրանքային (սպասարկման) նշան:

Ձեռնարկության նույնականացման

.__.
|71 | Հայտատու (ներ)
.__.

(նշվում է ձեռնարկության լրիվ անվանումը կամ անհատ ձեռներեցի անունը, հայրանունը, ազգանունը)

ութանիշ ծածկագիրը, օտարերկրյա
հայտատուների համար` երկրի
ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ՍՏ 3
ստանդարտի
._.
._. Խնդրում եմ (ենք) նշանի առաջնությունը սահմանել` առաջին հայտի (հայտերի) ներկայացման թվաքանակով` ժամանակավոր կանոնակարգի 14-րդ կետի |երկրորդ պարբերությանը համապատասխան.
._. 
._. ցուցահանդեսում ցուցանմուշի բաց ցուցադրումն սկսելու թվականով` ժամանակավոր կանոնակարգի 14-րդ կետի երրորդ |պարբերությանը համապատասխան:
Առաջին հայտի թիվ

Խնդրարկվող առաջնության թվականը

Առաջին հայտի ստացման երկրի ծածկագիրն ըստ ՄՍՀԿ ՍՏ ստանդարտի (կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու դեպքում)


.__.
|33 |
.__. 

Հայտատուի (ների) փոստային հասցեն (ները)
Հեռախոս  Հեռատիպ Ֆաքս
.__. Նամակագրության հասցեն (փոստային հասցեն, հասցեատիրոջ անունը կամ անվանումը)
|98 |
.__.
Հեռախոս Հեռատիպ Ֆաքս
.__.Արտոնագրային հավատարմատար (անունը, հայրանունը, ազգանունը, գրանցման համարը)
|74 |
.__.
Հեռախոս Հեռատիպ Ֆաքս
.__.Հայտարկվող նշանի պատկերը
|54 |
.__.
Հայտարկվող նշանի նկարագրությունը
.__.Գույնը կամ գունային հարաբերությունը (եթե խնդրարկվում է գրանցել նշանի գունավոր տարբերակը)
|59 |
.__.
.__.Հայտի ստացման թվականը 
|22 |
.__.

Մտից թիվ

.__.Հայտի պետական գրանցման թիվ
|21 |
.__.

Առաջնությունը .__.
|51 | ԱԾՄԴ
.__.

       

ԱԾՄԴ-ի դասերին համապատասխան խմբավորված և ճշգրիտ տերմիններով նշված (գերադասելի է այդ դասակարգման տերմիններով)

 ապրանքների և ծառայությունների ցանկը, որոնց համար խնդրարկվում է նշանի գրանցումը *)

.__.
|57 |
.__.
Դասը Ապրանքների և (կամ) ծառայությունների անվանումը
*) Եթե ցանկը չի տեղավորվում հատկացված սյունակում, ապա այն որպես հայտի հավելված ամբողջապես ներկայացվում է առանձին թերթի վրա (2 օրինակով)

Կցվող փաստաթղթերի ցանկ
._.
._.համապատասխան վճարի մուծման փաստաթուղթը
 ._. հայտարարվող նշանի լուսանկարների
._. (տպագրական դրոշմվածքների) լրակազմը
._. հայտատուների միջև կնքված պայմա-
._. նագրի պատճենը
._. հայտին կից
փաստաթղթերը` հայերեն
._. թարգմանությամբ
._. արտոնագրային հավատարմատարի
._. իրավասությունը հաստատող
փաստաթուղթը (լիազորագիր)
._. ապրանքների և ծառայությունների
._. ցանկը, եթե այն ներկայացվում է
հավելվածի ձևով
._.
 ._. այլ փաստաթղթեր

Թերթերի թիվը Օրինակների թիվը

Լրացուցիչ տվյալներ`
.__.
.__. ավելի վաղ գրանցված նշանի վկայականի թիվ
 .__.
.__. ծավալային նշան

.__.
.__. մի քանի հայտատուի անունով գրանցված նշան

Ստորագրություն
Հայտատուի կամ արտոնագրային հավատարմատարի ստորագրությունը, թվականը (ձեռնարկության ղեկավարի ստորագրությունը վավերացվում է կնիքով)