«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
13 սեպտեմբերի 1996 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 1996 թվականի N 296
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՀՈՂԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով 1995 թվականի ապրիլից հոկտեմբեր ամիսներին հանրապետության տարբեր շրջաններում ցրտահարության, կարկտահարության, հեղեղումների ու այլ բնական աղետների հետևանքով հողի սեփականատերերի և հողօգտագործողների կրած վնասները, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բնական տարբեր աղետներից տուժած Հայաստանի Հանրապետության որոշ բնակավայրերի (ցանկը կցվում է) հողի սեփականատերերի և հողօգտագործողների համար 1995 թվականի հողի հարկի վճարման ժամկետ սահմանել`
ա) գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի մինչև 50 տոկոս վնասվածության և կորստի դեպքում` մինչև 1996 թվականի նոյեմբերի 15-ը.
բ) գյուղատնտեսական մշակաբույսերի բերքի 50-100 տոկոս վնասվածության և կորստի դեպքում հարկի վճարումը կատարել հավասար մասերով` մինչև 1996 թվականի նոյեմբերի 15-ը և մինչև 1997 թվականի նոյեմբերի 15-ը:
2. Հողի հարկի վճարման ժամկետային արտոնություն ստացած հարկ վճարողներն ազատվում են մինչև սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետները 1995 թվականի հողի հարկը չվճարելու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերից ու տուգանքներից:
3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` մեկամսյա ժամկետում նախապատրաստել և Հայաստանի Հանրապետության հարկային տեսչություն ներկայացնել սույն որոշմամբ հաստատված ցանկում նշված բնակավայրերի այն հողի հարկ վճարողների ցուցակները, ովքեր օգտվում են 1995 թվականի հողի հարկի վճարման ժամկետային արտոնությունից:
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
ա) բնական աղետներից տուժած գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին և հողօգտագործողներին զիջել 1995 թվականի աշնանացան ցորենի սերմ-վարկը.
բ) իրականացնել միջոցառումներ գյուղացիական, գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին ու հողօգտագործողներին ընթացիկ տարվա գյուղատնտեսական աշխատանքների կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական միջոցների առաջնահերթ մատակարարման ուղղությամբ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության մարզպետներին` 1996 թվականին միջոցներ ձեռնարկել հանրապետությունում գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվողների` գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սպասվելիք բերքի և գույքի այլ տեսակների ապահովագրության համար:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի սեպտեմբերի 13-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|