Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-429
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.06.2003-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2003/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.06.2003
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2003
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2003

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 56 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

23 հունիսի 2003 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու` սույն գործով դիմումատու Ա. Երկանյանի ներկայացուցիչներ Գ. Մանուկյանի, Վ. Ասլանյանի, Ա. ՈՒմրշատյանի,

պատասխանող կողմի` թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչներ` հանձնաժողովի նախագահ Հ. Ադամյանի, հանձնաժողովի նախագահի տեղակալ Ա. Աբազյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետի, 101 հոդվածի 3 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետի, 20 հոդվածի առաջին մասի, 21 հոդվածի, 25 հոդվածի 3 կետի, 57 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 2003 թվականի մայիսի 25-ի ընտրության արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Երկանյանի դիմումն է սահմանադրական դատարան:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը 2003 թվականի հունիսի 9-ի նիստում գործն ընդունել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչել թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը, կողմերի միջնորդությունները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են 2003 թվականի մայիսի 25-ին` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 117 հոդվածում նախատեսված ժամկետում, նույն օրենսգրքի 31, 32, 36, 37 հոդվածներին համապատասխան ստեղծվել են թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ու 43 տեղամասային ընտրական հանձնաժողով:

Թիվ 56 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով գրանցվել ու քվեաթերթիկներում ընդգրկվել է Ազգային ժողովի պատգամավորության 4 թեկնածու: Ըստ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության` ընտրողների ընդհանուր թիվը 43722 է, իսկ ընտրություններին մասնակցել է 27543 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 26530, որը բաշխվել է հետևյալ կերպ. Հ. Աբովյան` 13006, Վ. Աբրահամյան` 1073, Հ. Աթոյան` 771, Ա. Երկանյան` 11680: Անճշտությունների չափը կազմել է 84:

Թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 2003 թ. մայիսի 30-ի որոշումով թիվ 56 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր է ճանաչել առավել կողմ ձայներ ստացած Հ. Աբովյանին:

2. Ըստ դիմող կողմի` թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընդունել է անօրինական որոշում, քանի որ ընտրատարածքի թվով 9 ընտրական տեղամասերում կատարվել են բազմաթիվ ընտրակեղծիքներ, խախտվել են ընտրողների իրավունքները, ինչպես նաև չեն բավարարվել ստուգումներ կատարելու վերաբերյալ ընտրական գործընթացի մասնակից իրավասուբյեկտների պահանջները: Դիմումատուն նշում է, որ թիվ 1854 ընտրատեղամասում ստուգումների արդյունքում պատգամավորության թեկնածու Հ. Աբովյանին կողմ տրված ձայները պակասել են 65-ով: Թիվ 1854 ընտրատեղամասի ընտրացուցակում հայտնաբերվել են նաև 140 կեղծված անձնագրային տվյալներ և ստորագրություններ:

Դիմումատուն գտնում է, որ Կողբ գյուղի ընտրատեղամասերում 469 բացակայող ընտրողների փոխարեն կատարվել է քվեարկություն, իսկ թիվ 1824 ընտրատեղամասում 161-ով ավելացվել է մեծամասնական ընտրակարգով քվեարկությանը մասնակցածների թիվը: Դիմող կողմը սահմանադրական դատարան է ներկայացրել ՀՅԴ գերագույն մարմնի կողմից 17.06.2003 թ. Կոթի, Կողբ և Ոսկեվան գյուղերի գյուղապետերից պահանջված և 20.06.2003 թ. ստացված ցուցակները` գյուղից բացակայող չափահաս բնակչության վերաբերյալ: Դիմող կողմը գտնում է, որ բացակա ընտրողների փոխարեն կատարվել է քվեարկություն և կարծում է, որ տեղ են գտել լցոնումների դեպքեր:

Դիմող կողմը գտնում է նաև, որ ստուգումներ կատարելու պահանջն իրականացնելու առումով ԸԸՀ-ից իրենք որևէ պահանջ չունեն, սակայն հակաօրինական են համարում ԿԸՀ-ի կողմից 14.05.2003 թ. ընդունված թիվ 131-Ա որոշումը:

Պատգամավորության թեկնածուն գտնում է, որ իրենց կողմից ներկայացվող խախտումներն էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա և խնդրում է թիվ 56 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները ճանաչել անվավեր:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ինչպես նաև նույն օրենսգրքի պահանջներից ելնելով և ՀՀ ԿԸՀ կողմից սահմանված կարգին համապատասխան քննարկվել ու ընթացք են ստացել ներկայացված բոլոր դիմում-բողոքները: Ըստ պատասխանող կողմի` դիմումում հիշատակված 1853, 1854, 1855, 1856, 1857, 1858 և 1861 ընտրատեղամասերի հետ կապված մեծամասնական ընտրակարգով ընտրախախտումների վերաբերյալ որևէ դիմում-բողոք չի ներկայացվել: Ինչ վերաբերում է թիվ 1824, 1825 ընտրատեղամասերում կուսակցության վստահված անձանց` քվեարկության փաստացի արդյունքների ստուգման պահանջին, ապա դիմում-բողոքները վերաբերում են համամասնական ընտրակարգով ընտրության արդյունքներին, որը հաստատվում է նաև դիմումատուների պահանջի հստակեցման վերաբերյալ հանձնաժողովին 28.05.2003 թ. հղած երկրորդ դիմումով: Բացի դրանից, դիմումները ներկայացվել են ՀՀ ԿԸՀ-ի կողմից 14.05.2003 թ. ընդունված թիվ 131-Ա որոշման պահանջների խախտումով, իսկ Վ. Ամիրաղյանն ընդհանրապես չի հանդիսացել պատգամավորության թեկնածու Ա. Երկանյանի վստահված անձ: Այս հանգամանքներից ելնելով` մերժվել է այդ դիմումների հիման վրա ստուգումների կազմակերպումը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի պահանջով ստուգվել են թիվ 1854 ընտրատեղամասի ամփոփիչ արձանագրությունները, ըստ որի` Հ. Աբովյանի օգտին տրված ձայները պակասել են 63-ով, իսկ Ա. Երկանյանինը` 3-ով: Պատգամավորության այլ թեկնածուի վստահված անձի պահանջով ստուգվել է նաև թիվ 1822 ընտրատեղամասի մեծամասնական ընտրակարգով ընտրության արդյունքները, ըստ որի Հ. Աբովյանի օգտին տրված ձայները պակասել են 2-ով, իսկ Ա. Երկանյանինը` 13-ով: Պատասխանող կողմը գտնում է նաև, որ դիմումատուի նշած ինն ընտրատեղամասերում ձայների կեղծման մասին տվյալներն անհիմն են, քանի որ ընտրատեղամասերից ոչ մի ահազանգ չի ստացվել, ինչպես նաև Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան, մարզային դատախազություն և ոստիկանություն որևէ բողոք չի մուտքագրվել: Ինչ վերաբերում է ընտրություններից շուրջ մեկ ամիս անց բնակավայրերից ընտրողների բացակայելու փաստի ստուգման կազմակերպմանը, ապա դա համարում է ոչ հիմնավոր և ապացուցողական նշանակություն չունեցող հանգամանք, քանի որ քվեարկության արդյունքներն այդ տեղամասերում օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում չեն բողոքարկվել:

Պատասխանող կողմն անհիմն է համարում սահմանադրական դատարանին ներկայացրած դիմումատուի պահանջը` ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ:

4. Սահմանադրական դատարանում գործի քննության ընթացքում պարզվեց, որ թիվ 56 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն ընտրության արդյունքներն ամփոփել է ՀՀ ընտրական օրենսգրքի 116 և 62 հոդվածներով սահմանված կարգով:

Ստուգումներ կազմակերպելիս ԸԸՀ-ն առաջնորդվել է ինչպես ՀՀ ընտրական օրենսգրքով, այնպես էլ ՀՀ ԿԸՀ-ի կողմից 14.05.2003 թ. ընդունված թիվ 131-Ա որոշմամբ, որի օրինականությունը նորմատիվ վերահսկողության կարգով դատարաններում չի բողոքարկվել: ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ենթաօրենսդրական ակտերի օրինականությունը կարող է բողոքարկվել միայն ընդհանուր իրավասության դատարան և քննության առնվել վարչական արդարադատության իրականացման ընթացակարգով:

5. Գործի քննությամբ պարզվեց նաև, որ թվով 43 ընտրատեղամասային ոչ մի հանձնաժողովի անդամ քվեարկության արդյունքների վերաբերյալ հատուկ կարծիք և ստուգման մասին գրավոր պահանջ չի ներկայացրել: Սահմանված կարգով ու ժամկետներում մեծամասնական ընտրակարգով քվեարկության արդյունքների ստուգման հստակ պահանջ չեն ներկայացրել նաև թեկնածուի վստահված անձինք: ՀՀ ԸՕ 139 հոդվածում ամրագրված` ընտրական օրենսգիրքը խախտելու համար պատասխանատվություն առաջացնող ոչ մի հանգամանք չի բողոքարկվել ընդհանուր իրավասության դատարան: Չեն եղել նաև դիմումներ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 153 և 154 հոդվածներով սահմանված` հատուկ հայցային վարույթի կարգով:

Սահմանադրական դատարանն արդարացված չի համարում, երբ ԸԸՀ-ն իր որոշմամբ, առանց օրենքով նախատեսված համապատասխան իրավասուբյեկտների գրավոր պահանջի, թիվ 1854 ընտրատեղամասում ստուգել է քվեարկության արդյունքները:

Սահմանադրական դատարանը միաժամանակ գտնում է, որ ԸԸՀ-ի կողմից բավարար ուշադրություն չի դարձվել ընտրացուցակներում խախտումներ թույլ տալու վերաբերյալ ահազանգերին, մասնավորապես, ԸԸՀ անդամ Ա. Փայտյանի հատուկ կարծիքին:

6. Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դիմող կողմի ներկայացրած ընտրողների ընտրացուցակից գրառված անձնագրային տվյալները (թվով 140) որպես փաստական հանգամանքներ չեն կարող քննության առարկա հանդիսանալ, սակայն ԸԸՀ-ն պարտավոր էր այս թիվը և Ա. Փայտյանի հատուկ կարծիքում մատնանշվող 161 թվային տարբերությունը կամ հիմնավոր հակափաստարկով հերքել, կամ հաշվի առնել ՀՀ ԸՕ 116 հոդվածի 5 կետի հիման վրա անճշտությունների ազդեցությունը գնահատելիս:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ դիմումատուի կողմից օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում բողոքարկված և ապացուցողական նշանակություն ձեռք բերած անճշտություններն անհնարին չեն դարձնում ընտրված թեկնածուին պարզելու հանգամանքը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Ա. Երկանյանի դիմումը` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 56 ընտրատարածքում 2003 թ. մայիսի 25-ի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ, մերժել:

2. Դիմումատուի կողմից սահմանադրական դատարան ներկայացված` թիվ 56 ընտրատարածքի Կողբ, Կոթի և Ոսկեվան գյուղերի ընտրողների ընտրացուցակների հնարավոր կեղծմանն առնչվող փաստաթղթերն ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` ընտրակեղծիքների վերաբերյալ դիմումատուի հայտարարություններին օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


23 հունիսի 2003 թվականի
ՍԴՈ-429

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան