ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 նոյեմբերի 1993 թվականի N 564
քաղ. Երևան
ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության փախստականների հարցերի պետական վարչությունում հաշվառման վերցված և 1993 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ավանդներ ստանալու խնդրանքով դիմած Ադրբեջանից բռնագաղթված նախկին ԽՍՀՄ խնայբանկի ադրբեջանական հանրապետական բանկի ավանդատու հանդիսացող քաղաքացիների անվամբ, ըստ նրանց բնակության վայրի, Հայխնայբանկի հիմնարկություններում բացել ավանդային հաշիվներ` համաձայն նրանց կողմից ներկայացվող խնայողական գրքույկներում նշված պայմանների և դրանցում եղած մնացորդների չափի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված փախստականների ավանդային հաշիվներում Հայխնայբանկում խնայողական գրքույկի բացման օրվա դրությամբ մնացորդներն ինդեքսավորվում են 180 տոկոսով` Հայխնայբանկի միջոցների հաշվին, մինչև պետական պարտքի կազմում այդ միջոցների ընդգրկումը:
Ինդեքսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայխնայբանկի կողմից սահմանված կարգով:
3. Սահմանել, որ ավանդների ինդեքսավորման սույն որոշմամբ նախատեսված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում անվավեր են ճանաչվում և Հայխնայբանկի կողմից չեն ընդունվում նախկին ԽՍՀՄ խնայբանկի ադրբեջանական հանրապետության բանկի կողմից ավանդային հատուկ հաշիվներով տրված խնայողական գրքույկները (1991 թվականի ապրիլին հաշվարկված 40 տոկոսի փոխհատուցումը):
4. Հայխնայբանկին` մինչև 1993 թվականի դեկտեմբերի 30-ը ի պահ ընդունել նախկին ԽՍՀՄ խնայբանկի ադրբեջանական հանրապետական բանկի կողմից տրված և Հայաստանի Հանրապետությունում բնակվող փախստականներին պատկանող նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը, հաշվարկային չեկերը, ակրեդիտիվները և սերտիֆիկատները, գանձապետական պարտավորությունները և 1982 թվականի ԽՍՀՄ ներքին շահող փոխառության պարտատոմսերը` դրանց քանակներն ու հանրագումարները պարզելու և ինդեքսավորման կամ վճարման մասին մինչև 1994 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություններ ներկայացնելու նպատակով:
5. Սահմանել, որ Հայխնայբանկի հիմնարկներին ավանդային գրքույկները, նպատակային անտոկոս փոխառության պարտատոմսերը, հաշվարկային չեկերը, ակրեդիտիվները և սերտիֆիկատները, գանձապետական պարտավորությունները և 1982 թվականի ԽՍՀՄ ներքին շահող փոխառության պարտատոմսերը սույն որոշմամբ սահմանված ժամկետներում հարգելի պատճառներով (գործուղում, հիվանդություն և այլն) չհանձնած փախստականների դիմումները քննարկվում են Հայխնայբանկի վարչության կողմից:
6. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը և զանգվածային լրատվության այլ միջոցներին` լայնորեն լուսաբանել փախստականների խնայողությունների ինդեքսավորման և վճարման մասին հարցը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |