«Վավերացնում եմ» |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 փետրվարի 1996 թվականի N 64
քաղ. Երևան
ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾ ԱՆՁԱՆՑ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ, ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ ԶԲԱՂՎԱԾՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՏՈԿՈՍԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել գյուղացիական տնտեսությունների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների տոկոսաչափերը սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական հողատարածքների տվյալ տարվա համար հաշվարկված կադաստրային զուտ եկամտի նկատմամբ` ամսական 1,5 տոկոսի չափով:
2. Սահմանել, որ անհատ ձեռներեցները, գիտական, ստեղծագործական աշխատանքով զբաղվածները սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումներ են կատարում իրենց տարեկան եկամտի 18 տոկոսի չափով:
Անհատ ձեռներեցների սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների գումարը չպետք է պակաս լինի Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 19-ի N 300 որոշմամբ հաստատված կարգի հավելվածում փոփոխություններ կատարելու մասին» N 376 որոշմամբ սահմանված ամենամյա եկամտահարկի նվազագույն վճարի չափի 54 տոկոսից:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարությանը` սկսած 1996 թվականից, յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին ներկայացնել սեփականաշնորհված գյուղատնտեսական հողատարածքների կադաստրային զուտ եկամտի մասին տվյալները` հիմնադրամի հաջորդ տարվա բյուջեի նախագծի կազմման համար:
4. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը, պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին` անհրաժեշտ օժանդակություն ցույց տալ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի տեղական մարմիններին գյուղացիական տնտեսություններից սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումների մուտքերի սահմանված ժամկետներում ապահովման գործում:
5. Սկսած 1996 թվականի հունվարի 1-ից գործատուների կողմից և քաղաքացիների աշխատավարձից Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին սոցիալական ապահովագրության պարտադիր վճարումները կատարվում են «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9 հոդվածի «ա» և «բ» ենթակետերով սահմանված տոկոսաչափերով:
6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 30 որոշման 3-րդ կետը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.08.1998, N 493 | --------- |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|