Գլխավոր տեղեկություն
Համար
N 94
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.1994-մինչ օրս)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն և ՀՀ կենտրոնական բանկ
Ընդունման ամսաթիվ
25.02.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 1994 թվականի N 94

քաղ. Երևան

 

Ձեռնարկությունների ԵՎ կազմակերպությունների դրամական միջոցները բանկային հաշիվներում մուտքագրելու, պահելու ԵՎ կանխիկ դրամով դուրս գրելու կարգի մասին

 

 Հայաստանի Հանրապետությունում ձևավորվող դրամավարկային շուկան կանոնակարգելու, տնտեսավարող սուբյեկտների միջև տնտեսական գործառնությունները բանկային համակարգի միջոցով իրականացնելու և ձևավորվող դրամական միջոցները բանկային հաշիվներին մուտքագրելու, ինչպես նաև այդ հաշիվներում պահելու առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու, առևտրային բանկերի կողմից վարվող դեպոզիտների ներգրավման և վարկային ռեսուրսների տեղաբաշխման ակտիվ քաղաքականությունը խթանելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշում են`

1. Սահմանել, որ 1994 թվականի մարտի 1-ից առևտրային բանկերը պարտավոր են իրենց կողմից սպասարկվող ձեռնարկությունների ու կազմակերպությունների (այսուհետև` ձեռնարկություններ) հաշվարկային և ընթացիկ հաշիվներում (բացառությամբ բյուջետային հաշիվների, կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի, սոցիալական ապահովագրության ֆոնդի, սոցիալական ապահովության կազմակերպությունների, ֆինանսավարկային կազմակերպությունների հաշիվների) մնացորդի ձևով գոյացած դրամական միջոցների դիմաց ձեռնարկություններին վճարել տոկոս` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով:

Առևտրային բանկերի կողմից ներգրավված ժամկետային դեպոզիտների դիմաց վճարվող տոկոսադրույքների նվազագույն չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից հաշվետերերին վճարման ենթակա նվազագույն տոկոսադրույքը սահմանվում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից, առևտրային բանկերին վերաֆինանսավորման նպատակով տրամադրվող վարկերի 14-ից ոչ պակաս և 17-ից ոչ ավելի տոկոսադրույքով:

3. Սահմանել, որ ձեռնարկությունների հաշվարկային և ընթացիկ հաշիվներում մնացորդի ձևով գոյացած դրամական միջոցների դիմաց տոկոսները վճարվում են սկսած 2500 դրամ նվազագույն մնացորդի գումարից (բացի գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մնացորդների): Այդ նվազագույն մնացորդի չափը հետագայում ելնելով ինֆլյացիայից սահմանվում, կարգավորվում և հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

4. Սահմանել, որ 1994 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը պարտավոր են իրենց կողմից սպասարկվող ձեռնարկություններին (անկախ սեփականության ձևից), նրանց հաշվարկային և ընթացիկ հաշիվներում առկա դրամական միջոցների սահմաններում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով հատկացնել կանխիկ դրամ, դրա դիմաց ձեռնարկություններից գանձելով հատուկ վճար`

ա) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների իրականացման համար, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված նորմատիվների շրջանակներում գործուղումների համար` 0,5 տոկոս.

բ) նախորդ ամսում վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, բացառությամբ գործուղումների ծախսերի, ընդհանուր գումարի 10 տոկոսի սահմաններում` 7 տոկոս.

գ) սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված վճարումների գումարից դուրս` 34 տոկոս:

5. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սույն որոշման 4-րդ կետով սահմանված տոկոսադրույքներով գանձված հատուկ վճարումների ձևով առաջացած գումարները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված կարգով ենթակա են փոխանցման Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին:

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը սույն որոշման 4-րդ կետի համաձայն գանձվող հատուկ վճարներից բացի ձեռնարկություններից կարող են գանձել լրացուցիչ վճար հետևյալ չափերով`

ա) սույն որոշման 4-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումների համար` մինչև 0,2 տոկոս.

բ) սույն որոշման 4-րդ կետի «բ» և «գ» ենթակետերով սահմանված վճարումների համար` մինչև 3 տոկոս:

6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված գանձվող վճարները մտցվում են արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ, բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի:

7. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդի, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդի և բյուջետային կազմակերպությունների վրա:

8. Այն ձեռնարկությունները, որոնք իրենց կանխիկ հասույթը հանձնում են բանկերին, կանխիկ գումարը բանկերից ստանում են առանց սույն որոշմամբ սահմանված հատուկ և լրացուցիչ վճարների` բանկերի հետ կնքված պայմանագրերի հիման վրա տարեսկզբից մուտք արված գումարների մնացորդների սահմաններում:

9. Առևտրային բանկերի և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների նկատմամբ սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի կիրառման և հաշվարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

10. Սահմանել, որ ֆիզիկական անձանց կանխիկ տրամադրվող վարկերի, ինչպես նաև շահաբաժնի, այդ թվում` արժեթղթերից ստացվող շահաբաժնի և ավանդների դիմաց տոկոսների վճարման ժամանակ կիրառվում են սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերի «ա» ենթակետերով սահմանված վճարները:

11. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի համաձայն հատուկ վճարի ձևով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հատուկ հաշվին մուտքագրված գումարներն ուղղվում են պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կանոնադրական նպատակների իրականացման համար ծախսերը կատարելուց հետո:

12. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) 10-օրյա ժամկետում հաստատել սույն որոշման համաձայն ձեռնարկությունների հաշվարկային և ընթացիկ հաշիվներում առկա մնացորդի դիմաց սպասարկող բանկերի կողմից վճարվող տոկոսի հաշվապահական հաշվառման կարգը.

բ) մեկամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բյուջետային կազմակերպությունների կողմից բանկային հիմնարկներին ընկնող սպառմանն ուղղված միջոցների չափի մասին, առևտրային բանկերի կողմից ներգրավված դեպոզիտների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների ձևակերպման մասին և ՀՀ կառավարության 09.07.1994թ. թ. 299 որոշման կիրարկման մասին (ՀՀ ՀՊՏ 25.07.94թ. թ.02139/3-2զ).

Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կողմից թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ինքնարժեքում կանխիկ գումարների դուրսգրման և օգտագործման, ինչպես նաև ժամանակավոր ազատ դրամական միջոցների կարճաժամկետ ավանդավորման միասնական կարգերը.

գ) 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի ու շահութահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին» N 238 որոշման մեջ լրացումներ կատարելու վերաբերյալ.

դ) 10-օրյա ժամկետում հաստատել Հայխնայբանկի և կապի բաժանմունքների կողմից հաճախորդներին հատկացվող գումարների կոմիսիոն վճարումների չափերն ու կարգը:

13. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը`

ա) 10-օրյա ժամկետում հաստատում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից ձեռնարկությունների հաշվարկային և ընթացիկ հաշիվների առկա մնացորդների դիմաց վճարվող տոկոսների հաշվարկման ու վճարման կարգը.

բ) 10-օրյա ժամկետում հաստատում է սույն որոշման համաձայն Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերի կողմից սպասարկվող ձեռնարկություններին կանխիկ գումարների դուրսգրման, հատուկ վճարների գանձման և դրանց հաշվապահական հաշվառման կարգերը.

գ) 10-օրյա ժամկետում հաստատում է առևտրային բանկերի կողմից Հայխնայբանկին և կապի բաժանմունքներին գումարների հատկացման կարգը:

14. Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

15. 1994 թվականի մարտի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի 1993 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում դրամաշրջանառության կարգավորման որոշ միջոցառումների մասին» N 383 որոշման 6-րդ և 7-րդ կետերը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ
ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՍԱՏՐՅԱՆ