ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 հուլիսի 1995 թվականի N 502
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԵՎ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԿԱՆԽԱՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարների հաշվարկման գործող կարգն առանձին դեպքերում չի նպաստում հարկ վճարողների կայուն ֆինանսական դրության ապահովմանը, ղեկավարվելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի պահանջներով` մինչև նշված օրենքներում համապատասխան փոփոխությունների կատարումը, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան կանխավճարային մուծումներ իրականացնող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարները հաշվարկվում են միայն գործունեության իրականացման դեպքում` ելնելով նախորդ հաշվետու ժամանակաշրջանի փաստացի հարկի գումարների 50 տոկոսից:
Ընթացիկ հաշվետու ժամանակաշրջանում գործունեության իրականացում (իրացման շրջանառություն, եկամուտներ) չնախատեսելու դեպքում հարկ վճարողները նախապես` մինչև հաշվետու եռամսյակի առաջին ամսվա 15-ը (ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը), պարտավոր են այդ մասին գրավոր տեղեկացնել հարկային մարմիններին:
Սույն որոշման 1-ին կետը կիրարկել`
ա) ավելացված արժեքի հարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից.
բ) շահութահարկի կանխավճարի համար` 1995 թվականի հուլիսի 1-ից:
2. Սահմանել, որ «Շահութահարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված կարգով և ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային մարմիններն այդ կանխավճարային գումարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Փաստացի հարկի գումարները հայտնի դառնալուց հետո հարկային մարմինների կողմից կատարվում է կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի ճշտման վերահաշվարկ: Ընդ որում, եթե հաշվետու եռամսյակի (ամսվա) հարկի փաստացի գումարները պակաս են կանխավճարային գումարներից, ապա դրանց տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված ու պետական բյուջե վճարված (գանձված) տույժերի գումարները ենթակա են սահմանված կարգով վերադարձման, իսկ նշված տարբերությունը և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները պետական բյուջե վճարված (գանձված) չլինելու դեպքում ենթակա չեն վճարման (գանձման):
Այն դեպքում, երբ տվյալ հաշվետու եռամսյակի (ամսվա) հարկի փաստացի գումարները գերազանցում են հաշվարկված կանխավճարային մուծումների գումարները, ապա վերահաշվարկ է կատարվում միայն հարկի գծով և առաջացած տարբերությունը լրացուցիչ գանձվում է պետական բյուջե` առանց կանխավճարների գծով տույժերի հաշվարկման:
3. Սահմանել, որ մինչև սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետները նախկին կարգով (հարկի գումարի 100 տոկոսի չափով) 1995 թվականի համար հաշվարկված կանխավճարների (և դրանց գծով հաշվարկված տույժերի) գումարները ենթակա են վերահաշվարկման սույն որոշման 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններում նշված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
05.03.1998, N 142 | 24.03.1998, N 502 | |
24.07.1997, N 295 | 01.09.1997, N 502 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|