Գլխավոր տեղեկություն
Համար
N 248
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.1995-08.12.1995)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
02.05.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
02.05.1995
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.1995
Ուժը կորցնելու ամսաթիվ
08.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 մայիսի 1995 թվականի N 248

 

քաղ. Երևան

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995 թվականի հունվարի 17-ի «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման 2-րդ կետի «գ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը (կցվում է):

2. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործկոմ ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերի ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1995 թվականի օգոստոսի 31-ը:  

3. Ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման, գնահատման և գրանցման ընդհանուր աշխատանքների ավարտման, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն համապատասխան նյութերի և տեղեկատվության ներկայացման ժամկետ սահմանել մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորմանը` ինքնակամ կառուցված շինությունների հաշվառման, գույքագրման և գրանցման աշխատանքների ընթացքի մասին ամեն ամիս տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչություն ու Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչություն:

Հայաստանի Հանրապետության ճարտարապետության և քաղաքաշինության պետական վարչությանը` ամփոփել ստացված տեղեկատվությունը և յուրաքանչյուր եռամսյակ արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

5. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել տեղերում հասարակական կարգի պահպանումը` պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների կողմից սույն որոշման պահանջների կատարման ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական վարչությանը` մինչև 1995 թվականի օգոստոսի 31-ը պարբերաբար լուսաբանել սույն որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ


 

Հաստատված է
ՀՀ կառավարության 1995 թ.
մայիսի 2-ի N 248 որոշմամբ

 

 

 

 

 Կ Ա Ր Գ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԵՎ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում օրենսդրության պահանջների խախտմամբ, այն է` առանց համապատասխան թույլտվության, առանց սահմանված կարգով հողհատկացման և առանց համապատասխան նախագծի, բնակավայրի գլխավոր հատակագծին, մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծին, կառույցի նախագծին, շինարարական նորմերի պահանջներին չհամապատասխանող կամ այլ խախտումներով կառուցված շինությունների (բնակելի տների, կցաշենքերի, ավտոտնակների, կենցաղային, տնտեսական և ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար նախատեսված) հաշվառման, գույքագրման և գրանցման կարգը:

2. Հաշվառման և գույքագրման ենթակա են մինչև սույն կարգի ընդունումը ինքնակամ կառուցված և անավարտ շինությունները: Հաշվառման և գույքագրման աշխատանքներն իրականացվում են «Հայբնակկոմտնտ» հանրապետական միավորման և պատգամավորների Երևանի քաղխորհրդի գործկոմի կողմից:

(փոփ. 08.12.95 N 102 որոշում)

3. Գնահատման և գրանցման ենթակա են ինքնակամ կառուցված այն շինությունները, որոնց կառուցողները դրանց հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը պատգամավորների համապատասխան շրջխորհրդի (քաղխորհրդի) գործկոմ կներկայացնեն մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը և կապահովեն սույն կարգով սահմանված պայմանների կատարումը:

Նշված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հայտերը մինչև 1995 թվականի օգոստոսի 31-ը սահմանված կարգով չներկայացնելու դեպքում դրանց կառուցողների նկատմամբ կկիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցներ:

(փոփ. 08.12.95 N 102 որոշում)

 

2. Հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը

 

4. Ինքնակամ կառուցված շինությունների հետագա կարգավիճակի որոշման վերաբերյալ հարցերի քննարկման և համապատասխան եզրակացությունների տրման համար պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեներն ստեղծում են հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են ճարտարապետական-քաղաքաշինական, հրշեջ, բնության և շրջակա միջավայրի պահպանության, սանիտարահամաճարակային, բնակարանային-կոմունալ, տեխնիկական գույքագրման և համապատասխան այլ ծառայությունների ներկայացուցիչները:

(փոփ. 08.12.95 N 102 որոշում)

5. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտե ներկայացված հայտերն ու դրանց կից` տեխնիկական գույքագրման ծառայությունների կողմից կազմված հաշվառման ու գույքագրման նյութերը, ինչպես նաև առկա մյուս փաստաթղթերը (թույլտվություն, նախագիծ և այլն) ներկայացվում են հանձնաժողովի քննարկմանը:

Հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերի, անհրաժեշտության դեպքում` նաև տեղում կատարված ուսումնասիրությունների հիման վրա քննարկում է հարցը, և, ելնելով համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, նորմատիվ-տեխնիկական և այլ անհրաժեշտ ակտերի պահանջներից, հայտի ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում տալիս է հետևյալ եզրակացություններից մեկը`

ա) ինքնակամ կառուցված շինությունըենթակա է գրանցման սեփականության իրավունքով, եթե այն համապատասխանում է գործող շինարարական, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, սանիտարական և տեխնիկական նորմերի պահանջներին ու պայմաններին, ինչպես նաև համապատասխանում է տվյալ քաղաքի, շրջանի գլխավոր հատակագծի կամ հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նախագծերի պահանջներին:

Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջները տարածվում են նաև ինքնակամ կառուցվող անավարտ շինությունների վրա.

բ) ինքնակամ կառուցված շինությունը ենթակա է գրանցման որպես ինքնակամ կառուցված շինություն, եթե այն չի համապատասխանում շինարարական, սանիտարական և մյուս նորմերին ու պայմաններին, կամ, թեև համապատասխանում է դրանց, բայց չի համապատասխանում տվյալ բնակավայրի գլխավոր հատակագծի, հաստատված մանրամասն հատակագծման կամ կառուցապատման նաշագծերի պահանջներին:

6. Հանձնաժողովի եզրակացության հիման վրա պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեն մեկամսյա ժամկետում ընդունում է տվյալ շինությունը սեփականության իրավունքով գրանցելու կամ այն որպես ինքնակամ կառուցված շինություն գրանցելու մասին որոշում, ինչպես նաև առաջին դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում է հողը որպես սեփականություն կամ օգտագործման տրամադրելու հարցը`

ա) Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5 հոդվածի 1-ին կետով նշված դեպքերում` որպես սեփականություն, նախատեսելով վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի վեցապատիկի չափով.

բ) մնացած դեպքերում` մշտական օգտագործման, նախատեսելով օգտագործման իրավունքի վճար` հողի տվյալ պահի կադաստրային գնահատման արժեքի վեցապատիկի չափով: Վերոհիշյալ գումարները վճարվում են միանվագ կարգով` հողի հատկացման պահից սկսած մեկ ամսվա ընթացքում:

(փոփ. 08.12.95 N 102 որոշում)

7. Սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից ընդունված որոշման հիման վրա տեխնիկական գույքագրման համապատասխան ծառայության կողմից մեկամսյա ժամկետում կատարվում է տվյալ շինության գնահատում և սեփականության իրավունքի գրանցում:

Սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքում շինությունը գրանցվում է որպես ինքնակամ կառուցված շինություն: Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ներգործության համապատասխան միջոցների կիրառումը, 1988 թվականից առաջ ինքնակամ կառուցած շինության և ինքնակամ զբաղեցրած հողամասի օգտագործման համար կառուցողը մուծում է ամենամյա վճար` շինության գնահատված արժեքի գույքահարկի և հողի հարկի չափով, իսկ 1988 թվականից հետո իրականացվածների համար` կրկնակի չափով, նշված հարկատեսակների համար սահմանված համանման ժամկետներում և կարգով:

(փոփ. 08.12.95 N 102 որոշում)

 

4. Վճարների չափերը

 

8. Շինության ինքնակամ կառուցողները`

ա) հայտը ներկայացնելուց հետո, մինչև հանձնաժողովի կողմից հարցի քննարկումը, հաշվառման, գույքագրման, գնահատման և գրանցման, ինչպես նաև ճարտարապետական մարմինների ծառայության համար տեխնիկական գույքագրման ծառայուոթյունների հաշվին մուծում են վճար` կենցաղային և տնտեսական շինությունների մեկ քառ.մետր մակերեսի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 8 տոկոսի, բնակելի և արտադրական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար 10 տոկոսի չափով.

բ) սույն կարգի 5-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքում պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից որոշման ընդունումից հետո մեկշաբաթյա ժամկետում պետական բյուջեի հաշվին մուծում են վճար` կենցաղային և տնտեսական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի, բնակելի և արտադրական շինությունների մեկ քառ. մետր մակերեսի համար` նվազագույն աշխատավարձի կրկնակի չափով:

(փոփ. 08.12.95 N 102 որոշում)