040.0294.24.07.97
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան
24 հուլիսի 1997 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հուլիսի 1997 թվականի N 294
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ) ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը հարկերի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների հաղորդման (տրամադրման) իրավական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենքներով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին տեղեկությունների հաղորդման (տրամադրման) մասին այլ բան նշված չլինելու դեպքում`
ա) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանն է հայտնում տեղեկություններ «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանն է հայտնում տեղեկություններ իր իրականացրած գրանցումների վերաբերյալ.
գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց գրանցում իրականացնող այլ լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանն են հայտնում տեղեկություններ իրենց իրականացրած գրանցումների վերաբերյալ.
դ) Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությունն ամսական երկու անգամ, մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը, այնուհետև մինչև ամսվա վերջին օրը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանն է հայտնում տեղեկություններ արտահանման, ներմուծման գործարքների վերաբերյալ.
ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության տեսակով կամ գործարքով զբաղվելու թույլտվություն տվող (լիցենզավորում իրականացնող) լիազորված մարմինները յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանն են հայտնում տեղեկություններ իրենց տված թույլտվությունների (լիցենզիաների) վերաբերյալ.
զ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությունը, ըստ Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմինների հարցումների, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանն է տրամադրում տեղեկություններ ֆիզիկական անձանց բնակության (հաշվառման) վայրի, անձնագրային տվյալների, ինչպես նաև իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին, անհատ ձեռներեցներին տրված կնիքների, դրոշմակնիքների վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության հարկային տեսչությանը` սույն որոշման 1-ին կետում նշված իրավասու մարմինների հետ համատեղ երկամսյա ժամկետում սահմանել հարկային վարչարարության և հարկերի հաշվարկման ու վճարման նկատմամբ վերահսկողության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությունների ցանկը և դրանց տրամադրման կարգերը:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |