Գլխավոր տեղեկություն
Համար
N 1
Տիպ
Պաշտոնական պարզաբանում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.10.01/26(266) Հոդ.340
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
19.09.2007
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

19 սեպտեմբերի 2007 թ.

ք. Երևան

   N 1

 

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

 

«ԲռնադատվածՆԵՐի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի եվ 64-րդ հոդվածի 5-րդ կետի

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի՝ պաշտոնապես պարզաբանում ենք.

1. «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը նախկինում նախատեսում էր բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածների առաջին հերթի ժառանգներին սեփականության իրավունքով և սահմանված չափով հողատարածքի տրամադրում Երևան քաղաքից, սակայն 28.02.05թ. ՀՕ-76-Ն օրենքով կատարվել է փոփոխություն, համաձայն որի և ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող բռնադատվածներին մահապատժի դատապարտված, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը կրելիս կամ այդ պատիժը կրելուց հետո մահացած բռնադատվածների աոաջին հերթի ժառանգներին սեփականության իրավունքով և սահմանված չափով հողատարածք է տրամադրվում՝

ա) Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից.

բ) այլ հանրապետություններից բռնադատվածներին՝ ՀՀ կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին երեք տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից:

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի դրույթների համաձայն վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում:

«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի վերը նշված փոփոխությամբ փաստորեն 16.04.05թ-ից վերացել է երևանաբնակ բռնադատվածների՝ Երևան քաղաքում բնակելի տան շինարարության նպատակով հողատարածք ստանալու իրավունքը:

Ի կատարումն «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի վերը նշված պահանջի, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Բռնադատվածներին հողամաս տրամադրելու մասին» թիվ 1757-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում բնակարանային անհատական շինարարության համար սահմանված չափով հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության տարածքից բռնադատվածներին՝ իրենց նախկին բնակության վայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում, բացի Երևան քաղաքից: Վերջին երեք տարիներին Երևան քաղաքում մշտապես բնակվող և մինչև 2003 թվականի հունիսի 15-ը բնակարանային անհատական շինարարության համար սեփականության իրավունքով անհատույց հողամաս չստացած բռնադատվածներին հողատարածք տրամադրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բնակավայրերում՝ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, մարզպետի որոշմամբ սահմանված բնակավայրերում՝ տվյալ համայնքի ղեկավարի կողմից:

2. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը սահմանում է, որ պետության և համայնքային սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են գյուղատնտեսական գործունեության համար՝ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար բռնադատվածներին կամ նրանց առաջին հերթի ժառանգներից մեկին, որոնք չեն օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չեն ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հողամաս այն բնակավայրերում, որտեղ նրանք բնակվել են բռնադատման պահին:

Պետության և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բացակայության դեպքում սույն հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց համար պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս է գնվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

ՀՀ կառավարության 22 փետրվարի 2007 թվականի N 277-Ն որոշման համաձայն՝ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1-ին կետի, 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված անձանց համար ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս ձեռք բերելու համար լիազոր մարմին են հանդիսանում ՀՀ մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը:

ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս գնելու կարգը սահմանելու մասին» թիվ 277-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետով սահմանված է, որ հողամաս ստանալու իրավունք ունեցող անձի հաշվառումը իրականացնում է համապատասխան մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը)՝ անձի ներկայացրած դիմումի հիման վրա՝ մինչև 2007թ. հունվարի 30-ը: Դիմումի հետ մեկտեղ անձը մարմին է ներկայացնում տեղեկանք իր մշտական բնակության վայրի համայնքից և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումից այն մասին, որ չի օգտվել հողի սեփականաշնորհումից, նախկինում չի ստացել (ձեռք բերել) տնամերձ կամ բնակելի տան շինարարության և դրա սպասարկման հողամասեր:

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ին ընդունված «Բռնադատվածների բնակարանային պայմանների բարելավման կարիքավորության չափանիշները հաստատելու մասին» թիվ 1106-Ն որոշմամբ սահմանվել են այն չափանիշները, որոնց բավարարելու դեպքում բռնադատվածները կամ նրանց առաջին հերթի ժառանգները բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր են համարվում:

3. ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում պետության սեփականություն հանդիսացող հողամասերի անհատույց տրամադրման ժամկետը 2 տարի էր: «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ բռնադատվածներին սեփականության իրավունքով հողամասերն անհատույց տրամադրվում են մինչև 2005թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 29.06.2006թ. ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքով նշված ժամկետը երկարացվել է և սահմանվել է, որ սույն հոդվածի 1-ին կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված դեպքերում սեփականության իրավունքով հողամասերը անհատույց տրամադրվում են մինչև 2007թ. հունիսի 30-ը:

 

 
 
 Ե. Զախարյան