Գլխավոր տեղեկություն
Համար
N 425
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.08.1993-02.07.2001)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.08.1993
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի առաջին տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
17.08.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.08.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
02.07.2001

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 օգոստոսի 1993 թվականի N 425

 

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՖՈՆԴԸ ՀԱՄԱԼՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԻՑ, ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ԱՆՀԱՏ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻՑ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՈՒ ՔԱՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԻՐԵՐԻ ԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական ֆոնդի համալրման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) կազմակերպել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչությունից, ոչ պետական ձեռնարկություններից և կազմակերպություններից, անհատ ձեռներեցներից թանկարժեք մետաղների ու քարերի և դրանցից պատրաստված իրերի գնում` ռուբլով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` նաև տարադրամով, այդ թվում «Հայոսկերչառի» ձեռնարկությունների (գնման կետերի) միջոցով, անհրաժեշտության դեպքում պետական գանձարանին կից ստեղծելով գնման կետեր:

Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պետական ֆոնդի համալրման համար գնման ենթակա են միայն եզակի, գեղարվեստական կամ պատմական նշանակություն ունեցող թանկարժեք քարերը և այդպիսի քարերից պատրաստված իրերը.

բ) բնակչությունից, ոչ պետական ձեռնարկություններից և կազմակերպություններից, անհատ ձեռներեցներից թանկարժեք մետաղների ու քարերի և դրանցից պատրաստված իրերի գնումն իրականացնել պետական պատվերի միջոցով:

2. Հայաստանի Հանրապետության առևտրի նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պատվերով «Հայոսկերչառի» ձեռնարկությունների (գնման կետերի) միջոցով իրականացնել թանկարժեք մետաղների ու քարերի և դրանցից պատրաստված իրերի գնումներ.

բ) 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցնելով, հաստատել «Հայոսկերչառի» այն ձեռնարկությունների (գնման կետերի) ցանկը, որոնք իրականացնելու են թանկարժեք մետաղների ու քարերի և դրանցից պատրաստված իրերի գնումներ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, առևտրի նախարարության և ներքին գործերի նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում մշակել և հաստատել թանկարժեք մետաղների ու քարերի և դրանցից պատրաստված իրերի գնման, հաշվառման, պահպանման և հետագա օգտագործման կարգը:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին` բնակչությունից, ոչ պետական ձեռնարկություններից և կազմակերպություններից, անհատ ձեռներեցներից թանկարժեք մետաղների ու քարերի և դրանցից պատրաստված իրերի գնման համար պետական գանձարանին` նրա հայտերի համաձայն, հատկացնել կանխիկ դրամ` հանրապետական բյուջեում այդ նպատակով նախատեսված գումարների շրջանակներում:

5. Սահմանել, որ պետական առևտրական ձեռնարկությունների (գնման կետերի) կողմից բնակչությունից, ոչ պետական ձեռնարկություններից և կազմակերպություններից, անհատ ձեռներեցներից գնված թանկարժեք մետաղներն ու քարերը և դրանցից պատրաստված իրերը ենթակա են հանձնման պետական գանձարան, իսկ, ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, պետական գրավատներից հետ չպահանջված թանկարժեք մետաղներն ու քարերը և դրանցից պատրաստված իրերը ենթակա են վաճառքի պետական գանձարանին:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ

Ա. ՀՅՈՒՍԻՍՅԱՆ