Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-577
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2005

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ 4038 AM ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ (ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

30 մայիսի 2005 թ.


Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի (զեկուցող), Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «2005 թվականի ապրիլի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4038 AM զարգացման վարկի համաձայնագրում (Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագիրն ստորագրվել է 2005 թվականի ապրիլի 15-ին` Երևանում:

Համաձայնագրի նպատակը Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի իրականացման համար Միջազգային զարգացման ընկերակցության կողմից Հայաստանի Հանրապետությանը վարկի տրամադրումն է:

Ըստ համաձայնագրի` Ընկերակցության 1985 թ. հունվարի 1-ի (մինչև մայիսի 1-ը կատարված փոփոխություններով) «Զարգացման վարկի համաձայնագրերի նկատմամբ կիրառվող ընդհանուր պայմանները»` քննության առարկա համաձայնագրում ամրագրված փոփոխություններով, կազմում են համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

Համաձայնագրի շրջանակներում կատարվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների գնումները պետք է կատարվեն 2004 թվականի մայիսի` «Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Միջազգային զարգացման ընկերակցության կողմից հատկացվող վարկերի և փոխառությունների միջոցով կատարվող գնումների» ուղեցույցների 1-ին բաժնին և համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան, իսկ խորհրդատվական ծառայությունների գնումները` 2004 թվականի մայիսի` «Համաշխարհային բանկի վարկառուների կողմից խորհրդատուների ընտրության և վարձման» ուղեցույցների 1-ին և 4-րդ բաժիններին և համաձայնագրի 3-րդ հավելվածի դրույթներին համապատասխան:

Համաձայնագիրն ունի հինգ հավելված. «Հավելված 1. Վարկի միջոցներից առհանում», «Հավելված 2. Ծրագրի նկարագրություն», «Հավելված 3. Գնումներ և խորհրդատուների ծառայություններ», «Հավելված 4. Իրականացման ծրագիր» և «Հավելված 5. Հատուկ հաշիվ»:

2. Ծրագրի նպատակն է աջակցել վարկառուին Երևան քաղաքին ապահով և անընդհատ ջրամատակարարում ապահովելու հարցում:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից. «Մաս Ա. Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման հիմնադրամ», որը ներառում է հիմնադրամի միջոցների օգտագործումը Երևանում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի շահագործման և պահպանման բարելավմանն ուղղված ներդրումներին և նույն համակարգի վերականգնմանն օժանդակելու նպատակով` էլեկտրաէներգիայի խնայողության, կորուստների նվազեցման և մատակարարման հուսալիության, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցման ոլորտներում, «Մաս Բ. Տեխնիկական աջակցություն», որը ներառում է Ծրագրի մոնիտորինգի գրասենյակին (ԾՄԳ)` Ծրագրի իրականացման արդյունավետ կառավարման գործում օժանդակելու համար ծառայությունների մատուցումը և վերապատրաստումը, ներառյալ Երևանի ջրմուղ-կոյուղի ընկերության միջանկյալ շահագործման կառավարմանն օժանդակելը:

Նախատեսվում է ծրագիրն ավարտել մինչև 2010 թվականի օգոստոսի 31-ը:

3. Ըստ համաձայնագրի` Ընկերակցությունը պարտավորվում է համաձայնագրի հավելված 2-ում նկարագրված` Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի իրականացման նպատակով համաձայնագրում նշված ժամկետներում և պայմաններով Հայաստանի Հանրապետությանը (վարկառու) տրամադրել տասներեք միլիոն փոխառության հատուկ իրավունքներին (13.000.000 SDR) համարժեք գումար:

Վարկը տրամադրվում է ֆինանսավորելու ծախսերի հետևյալ ուղղությունները. աշխատանքներ - 7.000.000, ապրանքներ - 2.600.000, խորհրդատվական ծառայություններ - 1.530.000, աճող գործառնական ծախսեր - 420.000, Երևանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործում և կառավարում - 150.000, Ծրագրի նախապատրաստման կանխավճարի վերաֆինանսավորում - 1.300.000:

Վարկի փակման օրը 2011 թ. փետրվարի 28-ն է կամ ավելի ուշ ժամկետը, որը կհաստատվի Ընկերակցության կողմից:

Վարկառուն, իր հերթին, պարտավորվում է.

- վարկի չառհանված հիմնական գումարից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել կատարման ենթակա վճարը` տարեկան 0.5% տոկոսադրույքով,

- վարկի հիմնական գումարից ժամանակ առ ժամանակ առհանված և չվճարված գումարներից հաշվարկված` յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին Ընկերակցությանը վճարել սպասարկման վճար` տարեկան 0.75% տոկոսադրույքով,

- կիսամյակային մուծումներով, յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ին և նոյեմբերի 1-ին, սկսած 2015 թվականի մայիսի 1-ից մինչև 2044 թվականի նոյեմբերի 1-ը, մարել վարկի հիմնական գումարը,

- պատշաճ ջանասիրությամբ և արդյունավետությամբ իրականացնել Ծրագիրը` պահպանելով վարչական, ֆինանսական, ճարտարագիտական, բնապահպանական բնույթի համապատասխան պահանջները և սեղմ ժամկետներում տրամադրել Ծրագրի համար պահանջվող միջոցներ, գրասենյակներ, ծառայություններ և այլ ռեսուրսներ,

- վարել ֆինանսական կառավարման համակարգ և պատրաստել Ընկերակցության համար ընդունելի ֆինանսական հաշվետվություններ,

- Ընկերակցության համար ընդունելի ժամկետներում և պայմաններով բացել նախնական ավանդով Ծրագրի հաշիվ` 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով,

- Ընկերակցության համար ընդունելի միջոցներ ձեռնարկել Երևանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործման և կառավարման համար,

- համաֆինանսավորել վարկի միջոցներից ֆինանսավորվող աշխատանքների, ապրանքների, խորհրդատվական ծառայությունների, աճող գործառնական ծախսերի, Երևանի ջրմուղ-կոյուղի ընկերության շահագործման և կառավարման ծախսերի 10 տոկոսը:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 67 հոդվածի պահանջներից ելնելով` գնահատելով սույն ոլորտին վերաբերող նախկինում կնքված վարկային համաձայնագրերի իրականացման իրավակիրառական պրակտիկան, սահմանադրական դատարանն արձանագրում է.

ա) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 1998 թ. հունիսի 19-ին Երևանում ստորագրված` 3095 AM զարգացման վարկային համաձայնագրով (Համայնքային զարգացման ծրագիր), որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 1998 թ. հուլիսի 7-ին, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 22.3 մլն SDR (30 մլն ԱՄՆ դոլար) ընդհանուր գումարի չափով: Համաձայնագիրը կնքվել է 35 տարով: Նախատեսված էր ծրագիրն ավարտել 2003 թ. հունիսի 30-ին,

բ) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2001 թվականի սեպտեմբերի 18-ին Երևանում ստորագրված` Կանխավճար համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի նախապատրաստման համար նամակ-համաձայնագրով, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2001 թ. նոյեմբերի 6-ին, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` 1.195.000 ԱՄՆ դոլար գումարի չափով: Կանխավճարի գումարի` տոկոսի կամ ծառայության վճարի հետ մեկտեղ, վերադարձնելն իրականացվելու էր 2003 թ. հունվարի 31-ին,

գ) Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2004 թվականի հունիսի 14-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանում ստորագրված զարգացման վարկի համաձայնագրով (Համայնքային ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր), որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվել է 2004 թ. հոկտեմբերի 12-ին, Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է վարկ` տասնհինգ միլիոն չորս հարյուր հազար փոխառության հատուկ իրավունքներին համարժեք (15.400.000 ՓՀԻ) գումարի չափով: Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2008 թ. սեպտեմբերի 30-ը: Վարկի փակման օրը 2009 թ. փետրվարի 28-ն է կամ Ընկերակցության կողմից հաստատման ենթակա ավելի ուշ ժամկետ,

դ) սահմանադրական դատարանն ընդունում է ի գիտություն, որ ՀՀ Ազգային ժողովն ստեղծել է հատուկ ժամանակավոր հանձնաժողով` սույն ոլորտին վերաբերող վարկային ծրագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման վիճակի ուսումնասիրման նպատակով:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2005 թ. ապրիլի 15-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 4038 AM զարգացման վարկի համաձայնագրում (Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագիր) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

 

Նախագահող

Գ. Հարությունյան


30 մայիսի 2005 թվականի
ՍԴՈ-577

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան