Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-237
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 2001/4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
20.06.2000
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.06.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2000

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԹԻՎ 51 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 21-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

20 հունիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ`

դիմող կողմի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վանիկ Միրզոյանի,

պատասխանող կողմի` ՀՀ Լոռու մարզային ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչ` հանձնաժողովի անդամ Հրանտ Մատինյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով և 101 հոդվածի 3 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 20 հոդվածի առաջին մասով, 21 հոդվածով, 25 հոդվածի 3 կետով և 57 հոդվածով,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով թիվ 51 ընտրատարածքում 2000 թվականի մայիսի 21-ի լրացուցիչ ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վ. Միրզոյանի` սահմանադրական դատարան ներկայացրած դիմումն է:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, 2000 թվականի հունիսի 8-ի նիստում քննարկելով Վ. Միրզոյանի դիմումը, կայացրել է աշխատակարգային որոշում` ըստ որի գործն ընդունվել է քննության և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39, 40, 41 և 57 հոդվածներին համապատասխան պատասխանող կողմ է ճանաչվել Լոռու մարզային ընտրական հանձնաժողովը (ՄԸՀ):

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, կողմերի բացատրությունները, ինչպես նաև հետազոտելով դիմումը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրություններն անցկացվել են 2000 թվականի մայիսի 21-ին` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 118 հոդվածում նախատեսված ժամկետում, նույն օրենսգրքի 31, 32 և 36 հոդվածներին համապատասխան ստեղծված է եղել Լոռու ՄԸՀ, իսկ 37 հոդվածին համապատասխան ստեղծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, ինչպես նաև 98 հոդվածին համապատասխան ձևավորված է եղել Լոռու մարզի թիվ 51 ընտրատարածքը, որն ընդգրկել է 42 ընտրական տեղամաս:

ՀՀ ընտրական օրենսգրքի 114 հոդվածով նախատեսված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լրացուցիչ ընտրությունների օրը թիվ 51 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեաթերթիկներում ընդգրկված են եղել Լոռու ՄԸՀ-ի գրանցած` Ազգային ժողովի պատգամավորության 2 թեկնածուներ: Լոռու ՄԸՀ-ի ամփոփիչ արձանագրության տվյալներին համապատասխան ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններին մասնակցել է 16016 ընտրող: Թեկնածուների օգտին տրված ձայների ընդհանուր թիվը կազմել է 15772, որը բաշխվել է հետևյալ կերպ. Համբարձում Ավետիսյան` 15062, Վանիկ Միրզոյան` 710:

Լոռու ՄԸՀ-ն 2000 թ. մայիսի 23-ի որոշումով թիվ 51 ընտրատարածքից Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրված պատգամավոր է համարել առավելագույն կողմ ձայներ ստացած Հ. Ավետիսյանին:

2. Ըստ դիմող կողմի` թիվ 51 ընտրատարածքում Լոռու ՄԸՀ-ն հաշվի չի առել մի շարք հանգամանքներ, մասնավորապես, նրա կարծիքով, ընտրության ժամանակ գրեթե բոլոր տեղամասերում կատարված ապօրինի գործողությունների և իրավախախտումների հետևանքով խախտվել են ՀՀ ընտրական օրենսգրքի դրույթները` կեղծվել է ընտրության մասնակիցների թիվը, ընտրությանը մասնակցել են ցույց տրված թվի մոտ 1/3-ը. 0921 տեղամասում Հ. Ավետիսյանի ստացած ձայների (286) մեծ մասը կեղծ է. 0919 տեղամասում ընտրողների հաշվառված թվին ավելացվել է մոտ 80 քվեաթերթիկ, իսկ ցուցակում ստորագրությունները կեղծ են. ընտրական տեղամասերում ընտրության մասնակիցների թիվը չի համապատասխանում իրական մասնակիցների թվին (0917 տեղամասում 513-ի փոխարեն ցույց է տրված 750, 0918-ում` 200-ի փոխարեն 815, 0940-ում` 500-ի փոխարեն 1037, 0915-ում ընտրությանը մասնակցել է ցույց տրված թվի (913) միայն 25%, նույնը` 0916 տեղամասում): Դիմողը նշում է նաև, որ այն տեղամասերում, որտեղ վստահված անձ է ունեցել, ընտրությանը մասնակցել են ընտրողների մոտ 30%-ը, իսկ վստահված անձ չունեցած տեղամասերում` 70-80%: Պատգամավորության թեկնածուն իր դիմումում խնդրել է ստուգել ընտրության փաստերը, հրապարակել ընտրության իրական արդյունքները և պատժել մեղավորներին:

3. Պատասխանող կողմը գտնում է, որ պատգամավորության թեկնածու Վ. Միրզոյանի դիմումն անհիմն է և ենթակա մերժման, պատճառաբանելով, որ դիմումում նշված օրինախախտումները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չեն արձանագրվել և բողոքարկվել, կամ դիմումներն օրինական կարգով մերժվել են:

4. Սահմանադրական դատարանը գործի նախապատրաստման ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր է պահանջել Լոռու ՄԸՀ-ից, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանից, Լոռու մարզի դատախազությունից:

5. Սահմանադրական դատարանն ամփոփիչ և անճշտությունների չափի վերաբերյալ արձանագրությունների հետազոտման արդյունքում պարզել է, որ անճշտությունների չափը կազմել է ոչ թե 1, ինչպես ներկայացված է ՄԸՀ-ի ամփոփիչ արձանագրությունում, այլ` 6 (0929 և 0935 տեղամասերում անճշտությունների չափը կազմում է ոչ թե զրո, այլ` 5):

6. Լոռու ՄԸՀ-ում գրանցված և տեղամասային ընտրական հանձնաժողովներին տրված ու տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրություններում նշված քվեաթերթիկների թիվը պակաս է 195-ով:

7. Սահմանադրական դատարանում գործի քննությամբ նաև պարզվեց, որ Վ. Միրզոյանի դիմումում վկայակոչված փաստերն օրենքով նախատեսված կարգով չեն բողոքարկվել կամ հիմնավորվել: Այսպես, համաձայն Լոռու ՄԸՀ-ից ստացված տեղեկանքի (23.05.2000 թ.), Վ. Միրզոյանի բողոք-դիմումը ներկայացվել է ՀՀ ընտրական օրենսգրքի 40 հոդվածի 1 կետով սահմանված ժամկետից ուշ, որի հիման վրա այն համարվել է ժամկետանց և չի քննարկվել: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Վ. Միրզոյանի դիմումը նույնպես քննության չի ընդունվել, քանի որ խախտվել է դատարան դիմելու ժամկետը:

Համաձայն Լոռու մարզի դատախազությունից ստացված գրության (N 853 Վ00, 06.06.2000 թ.), Լոռու մարզի թիվ 51 ընտրատարածքի վերաբերյալ դիմումատուի կողմից նշված իրավախախտումների փաստերն ստուգվում են դատախազությունում:

ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրեց նաև, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 60 հոդվածի հիման վրա հաշվարկված անճշտությունների չափը թիվ 51 ընտրատարածքում չի գերազանցում առավելագույն «կողմ» ձայն ստացած թեկնածուների ձայների տարբերությունը և չի կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա: Ինչ վերաբերում է իրավախախտումների վերաբերյալ դիմումատուի կողմից բերված փաստարկներին, ապա դրանք օրենքով սահմանված կարգով ստուգված և հիմնավորված չեն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 3 կետով, 102 հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 3 կետով, 57, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու Վանիկ Միրզոյանի պահանջը` ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով Լոռու մարզի թիվ 51 ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններում պատգամավորի ընտրությունն անվավեր ճանաչելու մասին, մերժել:

2. Սույն գործի քննության ընթացքում հրապարակված հայտարարությունները` իրավախախտումների վերաբերյալ, ուղարկել ՀՀ գլխավոր դատախազություն` համապատասխան ընթացք տալու համար:

3. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


20 հունիսի 2000 թվականի
ՍԴՈ-237