ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 1994 թվականի N 568
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ, ԴՐԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի, դրանց սերտիֆիկատների ձևավորման և պատրաստման աշխատանքների կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները (կցվում է):
2. Սահմանել, որ սույն որոշման հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության տարածքում թողարկվող բոլոր արժեթղթերը պետք է համապատասխանեն սույն ստանդարտներին, իսկ մինչ այդ թողարկված արժեթղթերը` դրանց պետք է համապատասխանեցվեն մինչև 1995 թվականի հունիսի 1-ը:
3. Սահմանել, որ արժեթղթերի բլանկների պատրաստմամբ և Հայաստանի Հանրապետության դրանց ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող տնտեսավարող սուբյեկտներին թույլտվությունը (լիցենզիան) տալիս է արժեթղթերի շուկայի կարգավորումն ու վերահսկումն իրականացնող պետական լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մեկշաբաթյա ժամկետում մշակել և, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ, հաստատել արժեթղթերի բլանկների պատրաստման և Հայաստանի Հանրապետություն դրանց ներկրման ու իրացման լիցենզավորման կարգը:
5. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված N 2 ցանկում (Հայաստանի Հանրապետության կառավարության 1991 թվականի հունիսի 20-ի N 415 որոշման խմբագրությամբ) «ԽՍՀՄ պետբանկի հայկական հանրապետական բանկ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ» բառերով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկից հանել «արժեթղթերի պատրաստում» , իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների ցանկը լրացնել «արժեթղթերի պատրաստում» բառերով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ
Սույն ստանդարտները մշակված են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման համաձայն և կանոնակարգում են Հայաստանի Հանրապետությունում արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման պահանջները:
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն ստանդարտներով նախատեսվող պահանջները նպատակաուղղված են Հայաստանի Հանրապետության տարածքում թողարկվող բոլոր տեսակի արժեթղթերի միասնականացմանը (ունիֆիկացմանը):
2. Արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները պարտադիր են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր թողարկողների համար:
3. Արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտները արժեթղթերի պարտադիր ռեկվիզիտներն են:
4. Արժեթղթերի և դրանց սերտիֆիկատների ձևավորման ու պատրաստման միասնական ստանդարտների մշակման և կիրարկման հետ կապված աշխատանքների կատարման պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:
II. Արժեթղթերի ձևավորման ստանդարտները
5. Սույն ստանդարտները տարածվում են «Արժեթղթերի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արժեթղթերի` բաժնետոմսերի պարտատոմսերի, ավանդային սերտիֆիկատների, մուրհակների, առևտրային արժեթղթերի, սեփականաշնորհման պետական արժեթղթերի (սերտիֆիկատների) և մյուս արժեթղթերի վրա:
6. Բաժնետոմսը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) արժեթղթերի անվանումը «Բաժնետոմս».
բ) թողարկողի (էմիտենտի) անվանումը և գտնվելու վայրը.
գ) բաժնետոմսի տեսակը.
դ) հերթական համարը և սերիան.
ե) թողարկման համարը.
զ) անվանական (նոմինալ) արժեքը.
է) բաժնետոմսի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական բաժնետոմսի դեպքում.
ը) թողարկողի կանոնադրական հիմնադրամի չափը և թողարկված բաժնետոմսերի քանակը:
(փոփ. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
թ) թողարկող ձեռնարկության ղեկավարի (տնօրենի, նախագահի) կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:
7. Պարտատոմսը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) արժեթղթի անվանումը` «Պարտատոմս».
բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.
գ) անվանական արժեքը.
դ) տվյալ թողարկման պարտատոմսերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը.
(լրաց. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
ե) պարտատոմսի տեսակը.
զ) հերթական համարը և սերիան.
է) պարտատոմսի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական պարտատոմսի դեպքում.
ը) թողարկման և մարման ժամկետները.
թ) վճարվող տոկոսի չափը և ժամկետները (տոկոսային պարտատոմսի դեպքում).
ժ) թողարկող ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:
Նպատակային պարտատոմսի վրա որպես պարտադիր ռեկվիզիտ պետք է նշվի, թե դրա սեփականատերն ինչ ապրանքներ ձեռք բերելու կամ որոշակի ծառայություններից օգտվելու իրավունք ունի:
(փոփ. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
8. Ավանդային սերտիֆիկատը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) արժեթղթի անվանումը` «Ավանդային սերտիֆիկատ».
բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.
գ) հերթական համարը և սերիան.
դ) ավանդի գումարը.
ե) ավանդային սերտիֆիկատի սեփականատիրոջ կողմից ավանդի գումարը պահանջելու ժամկետը (ժամկետային սերտիֆիկատի դեպքում).
զ) ավանդային սերտիֆիկատի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական ավանդային սերտիֆիկատի դեպքում.
է) թողարկող կազմակերպության (բանկի) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները.
ը) ավանդի ներդրման ամսաթիվը.
թ) ավանդի գումարի վերադարձման համար թողարկողի անառարկելի պարտավորվածության մասին նշում.
ժ) ավանդային սերտիֆիկատի ժամկետային կամ ցպահանջ լինելու մասին նշում.
ի) թողարկողի կողմից ավանդի օգտագործման դիմաց վճարվող տոկոսադրույքի մասին տեղեկություն.
լ) մարման ամսաթվի դրությամբ հաշվարկվող տոկոսների ընդհանուր գումարը:
Ավանդային սերտիֆիկատի հակառակ կողմում պետք է լինի փոխանցման մասին անհրաժեշտ գրառում:
9. Փոխանցվող (փոխադրելի) մուրհակը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) «Փոխանցվող (փոխադրելի) մուրհակ» անվանումն այն լեզվով, ինչ լեզվով որ կազմված է արժեթղթի տեքստը.
բ) որոշակի գումարի վճարման մասին հասարակ և առանց որևէ պայմանի առաջարկություն.
գ) վճարողի անվանումը.
դ) վճարման ժամկետը.
ե) այն վայրը, որտեղ պետք է կատարվի վճարումը.
զ) այն անձի անունը կամ ձեռնարկության (կազմակերպության) անվանումը, ում (կամ որի հրամանով) պետք է կատարվի վճարումը.
է) մուրհակի կազմման ամսաթիվը և վայրը.
ը) մուրհակատուի ստորագրությունը:
Հասարակ մուրհակը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) «Հասարակ մուրհակ» անվանումն այն լեզվով, ինչ լեզվով որ կազմված է արժեթղթի տեքստը.
բ) որոշակի գումարի վճարման մասին հասարակ և առանց որևէ պայմանի խոստում.
գ) վճարման ժամկետը.
դ) այն վայրը, որտեղ պետք է կատարվի վճարումը.
ե) այն անձի անունը կամ կազմակերպության անվանումը, ում (կամ որի հրամանով) պետք է կատարվի վճարումը.
զ) մուրհակի կազմման ամսաթիվը և վայրը.
է) մուրհակատուի ստորագրությունը:
Փոխանցվող և հասարակ մուրհակների կամ դրանց կցված լրացուցիչ թերթիկի վրա պետք է լինի փոխանցագիր (ինդոսամենտ):
(լրաց. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
10. Առևտրային արժեթուղթը պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) արժեթղթի անվանումը` «Առևտրային արժեթուղթ».
բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.
գ) թողարկման ամսաթիվը.
դ) հերթական համարը և սերիան.
ե) անվանական արժեքը.
զ) տվյալ թողարկման առևտրային արժեթղթերի քանակը և թողարկման ընդհանուր գումարը:
է) մարման ժամկետը.
ը) առևտրային արժեթղթի սեփականատիրոջ անունը (անվանումը)` անվանական առևտրային արժեթղթի դեպքում.
թ) վճարվող տոկոսի չափը, վճարման ժամկետները, պարբերականությունը և վայրը (տոկոսային առևտրային արժեթղթի դեպքում).
ժ) թողարկող ձեռնարկության (կազմակերպության) ղեկավարի կամ լիազորված անձի և գլխավոր հաշվապահի ստորագրությունները:
(փոփ. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
11. Սեփականաշնորհման պետական արժեթուղթը (սերտիֆիկատը) բաց է թողնվում Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա` ելնելով Հայաստանի Հանրապետությունում իրականացվող սեփականաշնորհման ծրագրից: Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունում է հատուկ որոշում տվյալ թողարկման սեփականաշնորհման պետական սերտիֆիկատի նկարագրության մասին, որտեղ սահմանվում են տվյալ տեսակի արժեթղթերի հիմնական ռեկվիզիտները:
12. Անվանական արժեթղթերի վրա պետք է լինի դրանց սեփականատերերի փոփոխման վերաբերյալ անհրաժեշտ գրառումների տեղ:
(լրաց. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
13. Արժեթղթերի սերտիֆիկատը շրջանառությունում արժեթուղթը փոխարինող փաստաթուղթ է:
Այն պետք է ներառի հետևյալ ռեկվիզիտները`
ա) արժեթղթի սերտիֆիկատի անվանումը (օրինակ, «Բաժնետոմսի սերտիֆիկատ», «Պարտատոմսի սերտիֆիկատ» և այլն).
բ) թողարկողի անվանումը և գտնվելու վայրը.
գ) արժեթղթերի քանակը` որոնց նկատմամբ սեփականությունը հաստատում է տվյալ արժեթղթի սերտիֆիկատը.
դ) հերթական համարը և սերիան.
ե) սերտիֆիկատի կարգը (առկայության դեպքում).
զ) մեկ արժեթղթի անվանական արժեքը.
է) արժեթղթերի թողարկման համարները.
ը) թողարկվող արժեթղթերի ընդհանուր քանակը և թողարկման ընդհանուր գումարը.
թ) արժեթղթերի սերտիֆիկատի սեփականատիրոջ անունը (անվանումը).
ժ) արժեթղթերի սերտիֆիկատը տվողի կնիքը և ստորագրությունը:
Տոկոսային պարտատոմսերի, առևտրային արժեթղթերի սերտիֆիկատների վրա պետք է նշվեն վճարվող եկամտի (տոկոսների) վճարման չափը և պարբերականությունը:
14. Թողարկողն իր ցանկությամբ արժեթղթերի վրա կարող է կատարել նաև այլ նշումներ, որոնք չեն հակասում սույն պահանջներին:
(փոփ. 24.06.95 ԹԻՎ 364 որոշում)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.1999, N 345 | 06.06.1999, N 568 | |
06.02.1998, N 63 | 06.03.1998, N 568 | |
24.06.1995, N 364 | 24.06.1995, N 568 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|