ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
18 հունվարի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Զ. Ղուկասյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի (զեկուցող),
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կ. Ճշմարիտյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «2004 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա միջկառավարական համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության և Ֆինլանդիայի Հանրապետության միջև, ստորագրվել է 2004 թվականի հոկտեմբերի 5-ին` երկու երկրների ներդրողների գործունեության համար միմյանց տարածքում բարենպաստ պայմաններ ստեղծելու և ներդրումների պաշտպանությունն ապահովելու նպատակով:
Համաձայնագիրը կիրառելի է նաև մինչև դրա ուժի մեջ մտնելը կատարված ներդրումների նկատմամբ:
2. Համաձայնագրով Պայմանավորվող կողմերը պարտավորվում են միմյանց ներդրողների ներդրումների և եկամուտների համար ապահովել հավասար և արդար պայմաններ, ներդրումներին տրամադրել ազգային կամ առավել բարենպաստության ռեժիմ:
3. Համաձայնագիրը սահմանում է ներդրումների պաշտպանության իրավական երաշխիքներ, այն է` արգելում է ներդրումների օտարումը, բռնագրավումը ու ազգայնացումը, բացառությամբ համաձայնագրով նախատեսված դեպքերի ու պայմանների:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ համաձայնագրի 5-րդ հոդվածի դրույթները պետք է մեկնաբանվեն ՀՀ Սահմանադրության 28 հոդվածի պահանջների հիման վրա, այն է` սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ դեպքերում, օրենքի հիման վրա` նախնական համարժեք փոխհատուցմամբ:
4. Համաձայնագրով նախատեսվում է պատերազմի կամ այլ զինված հակամարտության, արտակարգ իրավիճակների, ապստամբության կամ խռովության հետևանքով մյուս Պայմանավորվող կողմի ներդրումներին պատճառված վնասների վերականգնում կամ փոխհատուցում: Պայմանավորվող կողմերը վնասը հատուցելու պարտավորություն են կրում նաև իրենց ներդրողների հանդեպ, եթե իրենց ընդունած` ներդրումն ընդհատելուն կամ արգելելուն ուղղված ակտի գործողության արդյունքում իր ներդրողին վնաս է պատճառվել:
5. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են թույլատրել միմյանց ներդրողների ներդրումների հետ կապված դրամական միջոցների ազատ փոխանցումը: Համաձայնագիրն ամրագրում է նաև Պայմանավորվող կողմերի` ներդրումների հետ կապված գործունեություն իրականացնելու նպատակով վարձված անձանց մուտքն իրենց երկիր թույլատրելու պարտավորություն:
6. Պայմանավորվող կողմերը պետք է հրատարակեն կամ այլ կերպ հասարակությանը մատչելի դարձնեն իրենց ընդհանուր կիրառման օրենսդրությունը, ընթացակարգերը, վարչական որոշումները և դատական վճիռները, ինչպես նաև այն միջազգային համաձայնագրերը, որոնք կարող են ազդել մյուս Կողմի ներդրողների ներդրումների վրա:
7. Համաձայնագիրը նախատեսում է Պայմանավորվող կողմի և ներդրողի միջև ներդրումային վեճերի լուծման` միջազգային պրակտիկայում ընդունված ընթացակարգեր, ինչպես նաև սահմանում է Պայմանավորվող կողմերի միջև վեճերի լուծման կարգը:
8. Համաձայնագրում նախատեսված են դրույթներ համաձայնագրում փոփոխություններ ու լրացումներ կատարելու, համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի և գործողության դադարեցման վերաբերյալ:
9. Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով` հայերեն, ֆիններեն և անգլերեն, ընդ որում, բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
10. Համաձայնագրի և գործում առկա մյուս փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ համաձայնագրով ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 8, 9 և 28 հոդվածների պահանջներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 2004 թվականի հոկտեմբերի 5-ին Երևանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆինլանդիայի Հանրապետության կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|