ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
21 նոյեմբերի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության պետ Ռ. Ենգիբարյանի,
ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով և 56 հոդվածով,
դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան` հիշյալ համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու վերաբերյալ:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ռ. Ենգիբարյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության մասին համաձայնագիրն ստորագրվել է 1997 թվականի մարտի 13-ին` Բեյրութում, երկու երկրների միջև մաքսային վերահսկողության և մաքսային իրավախախտումների դեմ պայքարի բնագավառում կայուն համագործակցություն հաստատելու նպատակով: Հայկական կողմից համաձայնագիրն ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:
Ըստ համաձայնագրի, Պայմանավորվող կողմերը պարտավորվում են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները բեռների և ուղևորների փոխադրումները, փոստային առաքումներն արագացնելու, մաքսային վերահսկողության մեթոդներն ու ձևերը կատարելագործելու, ինչպես նաև Կողմերի տարածք բեռների, փոխադրամիջոցների, ուղևորների, փոստային առաքումների, արժութային միջոցների ապօրինի ներմուծումը, արտահանումը, տարանցումը կանխելու ուղղությամբ:
Պայմանավորվող կողմերի մաքսային տարածքով փոխադրվող և նրանց մաքսային մարմինների կողմից ձևակերպված տարանցիկ բեռները կանցնեն անարգել և կազատվեն մաքսային ստուգումներից, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմքեր կան ենթադրելու, որ այդ բեռներն իրենց մեջ պարունակում են ներմուծման, արտահանման և տարանցման համար արգելված ապրանքներ ու առարկաներ:
Տարանցիկ ուղևորների, նրանց ձեռքի իրերի և ուղեբեռների նկատմամբ մաքսային հսկողությունը կատարվում է Կողմերի օրենսդրությանը համապատասխան: Ուղևորներից մաքսային որևէ գանձում չի կատարվում:
Կողմերը պարտավորվում են համագործակցել մաքսանենգության, թմրանյութերի և հոգեներգործող նյութերի, ինչպես նաև մշակութային արժեքների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բնագավառում:
Համաձայնագրով սահմանվում են նաև դրա կիրառման, մեկնաբանման և փոփոխման հետ կապված վիճելի հարցերի լուծման կարգը, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու և դրա գործողությունը դադարեցնելու ժամկետներն ու պայմանները:
Միաժամանակ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ հստակ չեն և աղավաղումներով են ձևակերպված համաձայնագրի հայերեն տեքստի մասնավորապես 1, 5, 8, 17 հոդվածները, ընդ որում, 17 հոդվածը նույնական չէ համաձայնագրի անգլերեն տեքստի նույն հոդվածի հետ: Սահմանադրական դատարանը որոշում կայացնելիս նկատի է ունեցել այն հանգամանքը, որ համաձայնագրով նախատեսված է` տարաձայնությունների դեպքում հիմք է ընդունվում անգլերեն տարբերակը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Լիբանանի Հանրապետության կառավարության միջև մաքսային բնագավառում համագործակցության և փոխօգնության մասին 1997 թվականի մարտի 13-ին` Բեյրութում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|