ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՓԱՐԻԶՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆԱՍՆԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
26 սեպտեմբերի 1997 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,
մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «Փարիզում միջազգային անասնահամաճարակային բյուրո ստեղծելու մասին միջազգային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննության առնելու և որոշում ընդունելու մասին:
Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Մովսիսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Փարիզում միջազգային անասնահամաճարակային բյուրո ստեղծելու մասին համաձայնագիրն ստորագրվել է 1924 թվականի հունվարի 25-ին` Փարիզում: Բյուրոն գործում է պայմանավորվող պետությունների կառավարությունների պատվիրակներից բաղկացած կոմիտեի խնամակալության և հսկողության ներքո: Կոմիտեի կազմը և նրա գործառույթները, ինչպես նաև բյուրոյի կառուցվածքը և լիազորությունները սահմանված են կազմակերպչական կանոնադրությունում, որը համարվում է համաձայնագրի անբաժան մասը: Կազմակերպչական կանոնադրությամբ սահմանվում են նաև բյուրոյի հիմնական խնդիրները:
Ըստ համաձայնագրի, բյուրոյի ստեղծման և նրա տարեկան ծախսերը ծածկվում են պայմանավորվող պետությունների անդամավճարներով:
Համաձայնագիրը չստորագրած պետություններն իրենց դիմումի համաձայն կարող են միանալ դրան:
Յուրաքանչյուր երկրի համար սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում վավերացման փաստաթղթի ներկայացման պահից:
Համաձայնագիրը կնքվում է 7 տարի ժամկետով: Սահմանված է նաև ժամկետի հետագա երկարացման կարգը:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Փարիզում միջազգային անասնահամաճարակային բյուրո ստեղծելու մասին միջազգային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Գ. Հարությունյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|