Գլխավոր տեղեկություն
Համար
N 238
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.05.1994-30.11.1994)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ
Ստորագրման ամսաթիվ
24.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.11.1994

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 մայիսի 1994 թվականի N 238

քաղ. Երևան

 

ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՈՒ ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հանրապետության էներգետիկ համակարգի անխափան գործունեության և օգտագործված էլեկտրական ու ջերմային էներգիայի համար ժամանակին վճարումների ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Սահմանել, որ էլեկտրական ու ջերմային էներգիայի տարեկան միջին սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համաձայնեցնելով (անհրաժեշտության դեպքում վերահաշվարկելով ոչ շուտ քան եռամսյակը մեկ անգամ):

2. Սահմանել, որ բնակչության կողմից օգտագործված և ոռոգման նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի սակագները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որոնք ենթակա են փոփոխման ոչ շուտ քան եռամսյակը մեկ անգամ, իսկ դրանց համար վճարումը կատարվում է տվյալ պահին գործող սակագներով:

3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությունը էլեկտրական ու ջերմային էներգիայի ամսական սակագները հայտարարում է նախորդ ամսվա 25-ին` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված` նշված օրվա դրությամբ տարադրամի ու դրամի հաշվարկային կուրսը:

4. Սահմանել, որ էլեկտրական և ջերմային էներգիայի համար կանխավճար է համարվում սակագնի հաստատման պահից մինչև հաշվետու ամսվա ավարտն իրականացված վճարումը: Վճարումը կատարվում է առանց կանխավճարի չափի սահմանափակման` հաշվետու ամսվա համար հայտարարված սակագնով:

5. Սահմանել, որ մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 10-ը սպառողներին ներկայացվում է փաստացի օգտագործված էլեկտրական ու ջերմային էներգիայի ծավալների դիմաց ինկասո` հաշվի առնելով կանխավճարը, իսկ փաստացի օգտագործված էլեկտրական ու ջերմային էներգիայի արժեքի և մուծված կանխավճարի տարբերությունը սպառողը մատակարարին վճարում է տվյալ պահին գործող սակագներով:

6. Սահմանել, որ էներգամատակարար կազմակերպության մեղքով էլեկտրական ու ջերմային էներգիայի մատակարարման խափանման դեպքում նրա նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվում են տնտեսական պատժամիջոցներ:

7. 1994 թվականի հունիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 30-ի «Էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի, բնական գազի և կոմունալ այլ ծառայությունների պարտքերի վճարման մասին» N 666 որոշման հանձնարարականը` էլեկտրական և ջերմային էներգիային վերաբերող մասով:

8. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և վառելիքի նախարարությանը` սույն որոշման կատարման ընթացքի մասին յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ