Ե Ր Ր Ո Ր Դ Բ Ա Ժ Ա Ն Մ ՈՒ Ն Ք
ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
(Գանգատ թիվ 3627/06)
ՎՃԻՌ
ՍՏՐԱՍԲՈՒՐԳ
10 հուլիսի 2012 թ.
ՎԵՐՋՆԱԿԱՆ
17/12/2012
Սույն վճիռը վերջնական է դարձել Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն: Այն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների:
Գրիգորյանն ընդդեմ Հայաստանի գործով,Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Երրորդ բաժանմունք), հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝
Ջուսեփ Կասադևայ [Josep Casadevall]՝ Նախագահ,
Կորնելիու Բիրսան [Corneliu Bîrsan],
Ալվինա Գյուլումյան [Alvina Gyulumyan],
Էխբերտ Մայեր [Egbert Myjer],
Ժան Սիկուտա [Ján Šikuta],
Լուիս Լոպես Գեռա [Luis López Guerra],
Նոնա Ցոցորիա [Nona Tsotsoria]՝ դատավորներ,
և Մարիալենա Ցիրլի [Marialena Tsirli]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
2012 թվականի հունիսի 12-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,
կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.
ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
1. Սույն գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի պրն. Վահե Գրիգորյանի (դիմումատու) կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2006 թվականի հունվարի 9-ին Դատարան ներկայացված գանգատի (թիվ 3627/06) հիման վրա:
2. Դիմումատուին ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Ա. Գրիգորյանը, պրն Ա. Զաքարյանը, պրն Տ. Աթանեսյանը և պրն Մ. Շուշանյանը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ, պրն Գ. Կոստանյանը:
3. Դիմումատուն պնդել է, մասնավորապես, որ 2005 թվականի հոկտեմբերի 10-ից՝ ժամը 21:50-ից, մինչև 2005 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 05:05-ը, իրեն անօրինական կերպով զրկել են ազատությունից, և որ ներպետական դատարանները չեն ներկայացրել իրեն շարունակաբար կալանքի տակ պահելու վերաբերելի և բավարար հիմքեր, որ նա չի ունեցել ոչ նյութական վնասի փոխհատուցման՝ կենսագործելի իրավունք, և որ իր դեմ հարուցված քրեական վարույթը եղել է երկարատև:
4. 2010 թվականի հունվարի 14-ին գանգատն ուղարկվել է Կառավարություն: Որոշվել է նաև միևնույն ժամանակ ուսումնասիրել գանգատի ընդունելիության և ըստ էության քննության հարցերը (29-րդ հոդվածի 1-ին կետ):
ՓԱՍՏԵՐԸ
I. ԳՈՐԾԻ ՓԱՍՏԱԿԱՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
5. Դիմումատուն ծնվել է 1975 թվականին և ապրում է Երևանում:
Ա. Քրեական գործի հարուցումը և դիմումատուի ձերբակալումը
6. Դիմումատուն մասնագիտությամբ իրավաբան է:
7. 2005 թվականի հունիսի 10-ին քննիչը կայացրել է քրեական գործ հարուցելու մասին որոշում: Համապատասխան որոշման մեջ նշվել է.
«... ուսումնասիրելով [ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից] ստացված նյութերը՝ [դիմումատուի կողմից] 2003 թվականի հունիս և հուլիս ամիսներին ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու, ինչպես նաև իրեն վստահված երրորդ անձի գույքն [իր կողմից] յուրացնելու վերաբերյալ..., և նկատի ունենալով, որ նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի [ՔՕ] 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ .... որոշում կայացրեցի քրեական գործ հարուցելու մասին...»
8. 2005 թվականի հուլիսի 4-ին, 15-ին և 28-ին դիմումատուին կանչել են Գլխավոր դատախազություն և վերոնշյալ քրեական գործի շրջանակներում հարցաքննել որպես վկա:
9. 2005 թվականի հոկտեմբերի 7-ին դիմումատուին կրկին կանչել են Գլխավոր դատախազություն, որտեղ նա ժամը 19:50-ից մինչև ժամը 21:50-ը մասնակցել է մեկ այլ վկայի՝ Ա. Հ-ի հետ առերեսմանը:
10. Նույն օրը ժամը 21:50-ին քննիչը կազմել է ձերբակալման մասին արձանագրություն, որում նշվել է, որ դիմումատուն ձերբակալվել է այդ ժամին՝ Ա.Հ.-ի հետ գաղտնի համաձայնությամբ և կեղծ փաստաթղթեր օգտագործելու միջոցով խոշոր չափերի գումար հափշտակելու կասկածանքով: Պարզվում է, որ մեկ այլ անձ՝ Տ.Ա.-ն, նույնպես կասկածվել է այդ հանցագործություններում ներգրավված լինելու մեջ:
Բ. Դիմումատուի կալանավորման ընթացակարգը
11. 2005 թվականի հոկտեմբերի 10-ին դիմումատուին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն:
12. Նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարան՝ դիմումատուին երկու ամիս ժամկետով կալանավորելու վերաբերյալ: Քննիչն իր միջնորդությունը հիմնավորել է այն փաստով, որ դիմումատուն կատարել է ծանր հանցագործություն, և որ ազատության մեջ մնալով կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությունը՝ փաստաթղթեր կեղծելու, նախաքննության տվյալները հրապարակելու և այլ եղանակներով, ինչպես նաև նա որպես վկա հարցաքննության ենթարկվելիս հրաժարվել է ցուցմունքներ տալուց ու հարցերին պատասխանելուց, և որ նա հափշտակել է առանձնապես խոշոր չափի գումար: Պարզվում է, որ քրեական գործին վերաբերող նյութերի երկու հատոր է ներկայացվել դատարան՝ ի հիմնավորումն այդ միջնորդության:
13. Նույն օրը՝ ժամը 20:20-ին, Համայնքային դատարանը՝ մեկ դատավորի նախագահությամբ, դիմումատուի և նրա 10 փաստաբանների ներկայությամբ սկսել է քննիչի ներկայացրած միջնորդության քննությունը: Պարզվում է, որ նիստն անցկացվել է դատավորի աշխատասենյակում:
14. Դատական նիստի սկզբում դիմումատուի փաստաբանները պահանջել են, որ իրենց տրամադրվի քննիչի միջնորդության պատճենը: Քննիչը պնդել է, որ օրենքով նման պահանջ նախատեսված չէ, և միջնորդության ընթերցումը բավարար է: Դատարանը, այնուամենայնիվ, կարգադրել է, որ դիմումատուի փաստաբաններին տրամադրվի միջնորդության պատճենը, և հայտարարել է տասը րոպե տևողությամբ ընդմիջում՝ նրանց կողմից դրան ծանոթանալու համար:
15. Ընդմիջումից հետո դիմումատուի փաստաբաններից մեկը դատարանին դիմել է այն հարցով, թե արդյո՞ք ինքն իրավունք ունի գրավոր առարկություն ներկայացնելու միջնորդության դեմ, և եթե այո, ապա կարո՞ղ է իրեն բավականաչափ ժամանակ տրամադրվել դա անելու համար: Նախագահող դատավորը պատասխանել է, որ կարող են արվել միայն բանավոր առարկություններ, և որ այդ ժամանակը կարելի է հայցել միջնորդությունը քննիչի կողմից ներկայացվելուց հետո: Փաստաբանն այնուհետև դիմել է դատարանին այն հարցով, թե արդյո՞ք ինքն իրավունք ունի ծանոթանալու այն նյութերին, որոնց վրա հիմնված է քննիչի միջնորդությունը: Քննիչն առարկել է այդ պահանջի դեմ՝ նշելով, որ դիմումատուն և նրա փաստաբանները Քրեական դատավարության օրենսգրքի (ՔԴՕ) 65-րդ և 73-րդ հոդվածների համաձայն չունեն նման իրավունք: Դատավորը նշել է, որ փաստաբանները նյութերին ծանոթանալու իրավունք չունեն՝ ՔԴՕ-ի 285-րդ հոդվածի համաձայն: Դիմումատուի փաստաբանը դատավորին բացարկ է հայտնել՝ պնդելով, որ դա մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքի խախտում է: Նախագահող դատավորը քննել է բացարկը և որոշում է կայացրել այն մերժելու մասին:
16. Ժամը 22:00-ից որոշ ժամանակ անց դիմումատուի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ պահանջելով նախագահող դատավորի կողմից ճանաչել այն փաստը, որ ներպետական օրենսդրության համաձայն թույլատրվող 72 ժամ տևողությամբ ձերբակալման ժամանակահատվածը լրացել է ժամը 21:50-ին, և որ նրա ազատության հետ կապված որևէ սահմանափակում առկա չէ: Քննիչն առարկել է՝ պնդելով, որ միջնորդությունը որևէ առնչություն չունի դատարանի կողմից քննվող հարցերի, այն է՝ դիմումատուի կալանավորման հետ: Նախագահող դատավորը քննել է միջնորդությունը և հրապարակել միջնորդությունն ավելի ուշ քննելու մասին իր որոշումը:
17. Դիմումատուի փաստաբանները պնդել են, որ դիմումատուն իրավունք ունի ազատ արձակվելու, քանի որ նրա՝ 72 ժամ տևողությամբ ձերբակալման ժամանակահատվածը լրացել է, և բացարկ են հայտնել դատավորին՝ այդ հարցով որոշում կայացնելուց հրաժարվելու համար: Դիմումատուն ևս միացել է այդ բացարկին և նշել, որ դատավորի կողմից վերջին միջնորդության քննության ժամանակ նա դատավորի աշխատասենյակից դուրս է եկել դեպի ընդունարան, և նրան չորս ոստիկաններ թույլ չեն տվել լքել ընդունարանը: Քննիչն առարկել է այդ միջնորդության դեմ՝ պնդելով, որ նախքան ընդմիջում հայտարարելը, դիմումատուին թույլատրված չի եղել լքել նիստերի դահլիճն առանց նախագահող դատավորի թույլտվության՝ ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն: Քանի որ ընդմիջում հայտարարված չի եղել, ուստի դիմումատուին թույլատրված չի եղել լքել նիստերի դահլիճը: Նախագահող դատավորը քննել է բացարկը և որոշում է կայացրել այն մերժելու մասին:
18. Նախագահող դատավորն այնուհետև անցել է քննիչի միջնորդության քննությանը: Դիմումատուի փաստաբանները դատարանից պահանջել են նիստը հետաձգել մի քանի ժամով և խնդրել են հնարավորություն տալ ծանոթանալու գործի նյութերին՝ իրենց առարկությունները նախապատրաստելու համար: Քննիչն առարկել է՝ նշելով, որ իր միջնորդությունը պետք է անհապաղ քննվի: Նախագահող դատավորը քննել է պահանջը և որոշում է կայացրել այն մերժելու մասին:
19. Դիմումատուն և նրա փաստաբաններն այնուհետև, inter alia (ի թիվս այլնի), փաստել են, որ [քրեական վարույթն իրականացնող մարմնից] դիմումատուի թաքնվելու մտավախությունը հիմնավորված չի եղել: Քրեական վարույթը տևել է չորս ամիս, և նա երբևէ երկրից փախչելու փորձ չի կատարել: Ավելին, նա ունի մշտական բնակության վայր և տարեց ու հիվանդ ծնողներ, որոնք գտնվում են բացառապես իր խնամքի տակ: Ի վերջո, նա միշտ ներկայացել է քննիչի կանչով և որևէ մտադրություն չի ունեցել խոչընդոտելու գործի քննությանը:
20. 2005 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 05:05-ին, դատավորը նիստը համարել է փակված՝ հրապարակելով իր որոշումը: Դատավորը քննիչի միջնորդությունը համարել է հիմնավորված և կարգադրել է դիմումատուին կալանավորել մինչև 2005 թվականի դեկտեմբերի 7-ը՝ հաշվի առնելով մեղսագրվող արարքների հանրային վտանգավորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ քննարկվող հանցագործությունների համար նախատեսվող պատժի առավելագույն չափը գերազանցում է մեկ տարի ժամկետով ազատազրկումը, և բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դիմումատուն կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից], խոչընդոտել [մինչդատական վարույթում] գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու և [քրեական վարույթն իրականացնող] մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու ճանապարհով: Դատավորն իր որոշման մեջ նաև նշել է, որ 2005 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:50-ից հետո, դիմումատուի ազատությունը սահմանափակված չի եղել, և վկայակոչել է ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի պահանջները:
21. Դիմումատուի պնդմամբ յուրաքանչյուր անգամ, երբ նախագահող դատավորը քննել է բացարկը կամ միջնորդությունը, նիստի մասնակիցներին խնդրել է լքել դատավորի աշխատասենյակը: Յուրաքանչյուր նման դեպքում իրեն կարգադրել են սպասել դատավորի աշխատասենյակի ընդունարանում, և չորս ոստիկաններ թույլ չեն տվել իրեն լքել այն, մինչդեռ նիստի մյուս մասնակիցները հնարավորություն են ունեցել ազատ շրջելու կամ լքելու դատարանի շենքը:
22. 2005 թվականի հոկտեմբերի 17-ին դիմումատուի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել: Իրենց վերաքննիչ բողոքում նրանք, inter alia, պնդել են, որ իրենց համար հասանելի չեն եղել երկու հատորից բաղկացած գործի նյութերը, որոնք ներկայացված են եղել դատարան՝ ի հիմնավորումն քննիչի միջնորդության, և որ իրենց ընդամենը տասը րոպե տևողությամբ ժամանակ է տրամադրվել քննիչի միջնորդությունն ուսումնասիրելու և իրենց առարկությունները նախապատրաստելու համար: Ավելի ուշ նրանք պնդել են նաև այն հանգամանքը, որ Համայնքային դատարանը դիմումատուի կալանքը հիմնավորված է համարել այնպիսի հիմքով, որը վկայակոչված չի եղել քննիչի կողմից, այն է՝ [քրեական վարույթն իրականացնող մարմնից] թաքնվելու, քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու և քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով չներկայանալու ռիսկը: Ի վերջո, նրանք պնդել են, որ, ամեն դեպքում, դիմումատուի կալանքի հիմնավորման մեջ առկա չէ որևէ պատճառաբանություն, քանի որ Համայնքային դատարանը չի պատճառաբանել, թե որոնք են վերոնշյալ այն ռիսկերը, որոնց առկայությունը ենթադրվում է դիմումատուի գործում:
23. 2005 թվականի հոկտեմբերի 27-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն ուսումնասիրել է դիմումատուի վերաքննիչ բողոքը՝ դիմումատուի յոթ փաստաբանների ներկայությամբ: Պարզվում է, որ այդ վարույթի ընթացքում դիմումատուի փաստաբաններին թույլատրվել է ծանոթանալ այն նյութերին, որոնք քննիչը ներկայացրել է ի հիմնավորումն իր միջնորդության: Այդ նյութերը բաղկացած են եղել 69 էջից և ներառել են, inter alia, ձերբակալման մասին արձանագրությունը, առաջադրված մեղադրանքները և դիմումատուի հարցաքննության արձանագրությունը: Փաստաբանները, սակայն, պնդել են, որ Համայնքային դատարան ներկայացված է եղել նյութերի երկու հատոր, և պահանջել են, որ Վերաքննիչ դատարանը կարգադրի վարույթն իրականացնող մարմիններին հրապարակել այդ նյութերը: Այդ պահանջը մերժվել է, որի հետևանքով դիմումատուի փաստաբաններն ապարդյուն վիճարկել են դատարանի անաչառությունը: Այնուհետև փաստաբանները միջնորդություն են ներկայացրել՝ դատական նիստի ձայնագրումն ապահովելու պահանջով: Վերաքննիչ դատարանը քննել է միջնորդությունը և մերժել այն: Կողմերը, այնուհետև, փաստարկներ են ներկայացրել քննիչի միջնորդության և դիմումատուի վերաքննիչ բողոքի բովանդակության վերաբերյալ:
24. Վերաքննիչ դատարանը կայացրել է դիմումատուի վերաքննիչ բողոքը մերժելու մասին որոշում՝ գտնելով, որ գործի նյութերից երևում է, որ հիմնավոր կասկածներ կան ենթադրելու, որ նա կատարել է այնպիսի հանցագործություն, որի համար նախատեսվում է մեկ տարին գերազանցող ժամկետով ազատազրկման ձևով պատիժ, և որ մեղսագրվող արարքների և գործի առանձնահատուկ հանգամանքների բնույթն ու վտանգավորությունը բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ դիմումատուն կարող է խոչընդոտել գործի քննությանը: Վերաքննիչ դատարանն այնուհետև գտել է, որ տվյալ Համայնքային դատարանում վարույթն իրականացվել է մրցակցության սկզբունքին և կողմերի հավասարության սկզբունքին համապատասխան՝ ինչպես պահանջվում է Կոնվենցիայով և ՔԴՕ-ով: Ավելին, Համայնքային դատարանը պահպանել է ՔԴՕ-ի 201-րդ հոդվածի պահանջները, և իր որոշումը չի կայացրել դիմումատուի համար անհայտ հանգամանքների հիման վրա: Դիմումատուի կալանքը հիմնված է եղել գործում առկա փաստական հանգամանքների վրա, և Համայնքային դատարանը դուրս չի եկել քննիչի միջնորդության շրջանակներից:
25. 2005 թվականի նոյեմբերի 8-ին դիմումատուի փաստաբանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան:
26. 2005 թվականի նոյեմբերի 27-ին Հայաստանում կատարվել են սահմանադրական փոփոխություններ, որոնք ուժի մեջ են մտել 2005 թվականի դեկտեմբերի 6-ին: Այդ փոփոխությունների արդյունքում Վճռաբեկ դատարանին վերապահվել է նոր դեր, այն է՝ օրենքի միատեսակ կիրառության ապահովումը:
27. 2005 թվականի դեկտեմբերի 9-ի գրությամբ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահի կողմից վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվել և վերադարձվել է Դատարանի նախագահների խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի՝ վերոնշյալ սահմանադրական փոփոխությունների առնչությամբ ընդունված որոշման համաձայն:
Գ. Դիմումատուի կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը
28. 2005 թվականի նոյեմբերի 28-ին քննիչը ներկայացրել է միջնորդություն՝ դիմումատուի կալանքի ժամկետը ևս երկու ամսով, այն է՝ մինչև 2006 թվականի փետրվարի 7-ը, երկարաձգելու պահանջով: Քննիչը հիմնավորել է ժամկետի երկարաձգման անհրաժեշտությունն իր նախորդ՝ 2005 թվականի հոկտեմբերի 10-ի միջնորդության մեջ առկա միևնույն հիմքերով:
29. Դիմումատուի փաստաբաններն առարկություններ են ներկայացրել այդ միջնորդության դեմ՝ պնդելով, որ միջնորդությունը ներկայացված է եղել նախատեսված ժամկետից ուշ և հիմնված է եղել նախորդ միջնորդության մեջ վկայակոչված միևնույն չհիմնավորված և սովորաբար ընդունված պնդումների վրա:
30. 2005 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ին, Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը քննիչի միջնորդության քննությունն սկսել է քննիչի և դիմումատուի հինգ փաստաբանների ներկայությամբ: Դիմումատուի փաստաբանները ներկայացրել են միջնորդություն՝ քննիչի միջնորդության պատճենը և կից փաստաթղթերը ստանալու պահանջով, որը, ըստ երևույթին, բավարարվել է: Այնուհետև նրանք ներկայացրել են միջնորդություն՝ նիստը մեկ օրով հետաձգելու պահանջով՝ պաշտպանությանը նախապատրաստվելու համար: Այդ միջնորդությունը բավարարվել է մասնակիորեն, և նիստը հետաձգվել է մինչև ժամը 16:00-ը: Նիստը վերսկսելուց հետո դիմումատուի փաստաբանները ներկայացրել են մեկ այլ միջնորդություն՝ դատավարությանը դիմումատուի ներկայությունն ապահովելու պահանջով: Այս միջնորդությունը բավարարվել է, և դատավարությունը հետաձգվել է մինչև հաջորդ օրվա ժամը 12:00-ը:
31. 2005 թվականի դեկտեմբերի 2-ին Գլխավոր դատախազը բավարարել է՝ 2005 թվականի դեկտեմբերի 10-ին լրանալիք նախաքննության ժամկետը մինչև 2006 թվականի փետրվարի 10-ը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
32. Միևնույն օրը՝ ժամը 12:00-ին, Համայնքային դատարանը շարունակել է քննիչի՝ 2005 թվականի նոյեմբերի 28-ի միջնորդության քննությունը: Դիմումատուի փաստաբանները, ի պատասխան այդ միջնորդության, ներկայացրել են իրենց գրավոր դիտողություններն ու մի շարք հիմնավորող փաստաթղթեր: Այնուհետև, դիմումատուն բանավոր փաստարկներ է բերել՝ վիճարկելով իր՝ շարունակաբար կալանավորված լինելու հիմքերը: Դատավորն անցել է քննիչի կողմից ներկայացված գրավոր նյութերի ուսումնասիրությանը և այնուհետև հեռացել է խորհրդակցական սենյակ:
33. Համայնքային դատարանը քննիչի միջնորդությունը համարել է հիմնավորված և որոշում է կայացրել այն բավարարելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս առկա են դիմումատուի կալանավորման հիմքերը:
34. 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի փաստաբանների պալատը որոշել է դիմել Գլխավոր դատախազություն՝ դիմումատուի կալանքը Փաստաբանների պալատի երաշխավորությամբ փոխարինելու պահանջով:
35. 2005 թվականի դեկտեմբերի 12-ին դիմումատուի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել Համայնքային դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման դեմ: Իրենց վերաքննիչ բողոքում նրանք, inter alia, պնդել են, որ քննիչի միջնորդությունը ներկայացվել է նախատեսված ժամկետից ուշ, ուստի այն չպետք է քննվեր: Ավելին, դատարանին ներկայացված չի եղել որևէ նյութ՝ ի հիմնավորումն այդ միջնորդության: Հետևաբար, Համայնքային դատարանի կողմից չեն ուսումնասիրվել քրեական գործի նյութերը: Դրա կողմից չեն վերլուծվել նաև քննիչի միջնորդության մեջ բերված փաստարկները: Ուստի դրա որոշումը չհիմնավորված է, և դրանում տրվել է սովորաբար ընդունված պատճառաբանություն:
36. Գլխավոր դատախազությունը 2005 թվականի դեկտեմբերի 16-ի գրությամբ Փաստաբանների պալատի նախագահին տեղեկացրել է, որ դեռևս առկա են դիմումատուին կալանքի տակ պահելու հիմքերը, ուստիև դրա փոխարինումն արդարացված չէ:
37. 2005 թվականի դեկտեմբերի 22-ին և 23-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանն անցկացրել է դատական նիստ՝ քննելով դիմումատուի վերաքննիչ բողոքը: Պարզվում է, որ Վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում դիմումատուի փաստաբաններից մեկի կողմից ներկայացվել է՝ դիմումատուի կալանքն ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով փոխարինելու պահանջ: Այնուհետև պարզվում է, որ քննիչը, ի հիմնավորումն իր միջնորդության, ներկայացրել է որոշ փաստաթղթեր, որոնք ներկայացված չեն եղել Համայնքային դատարան: Դիմումատուի փաստաբաններին թույլատրվել է ծանոթանալ այդ փաստաթղթերին: Նրանք, սակայն, առարկել են այդ փաստաթղթերը հաշվի առնելու հանգամանքի դեմ՝ պնդելով, որ Վերաքննիչ դատարանն իրավասու չի եղել ուսումնասիրելու այնպիսի փաստաթղթեր, որոնք ուսումնասիրված չեն եղել Համայնքային դատարանի կողմից :
38. 2006 թվականի դեկտեմբերի 26-ին Վերաքննիչ դատարանը շարունակել է դիմումատուի վերաքննիչ բողոքի քննությունը և որոշում է կայացրել այն մերժելու վերաբերյալ նույն հիմքերով, ինչ նախկինում՝ հավելելով, որ գործի բարդությունը, ձեռնարկվելիք քննչական գործողությունների ծավալը, դիմումատուի վարքագիծը (անգամ եթե մեղադրյալը պարտավոր չէ համագործակցել, այնուամենայնիվ, նա հրաժարվել է ցուցմունք տալուց և ձեռագրի ու ստորագրության նմուշներ տրամադրելուց), ինչպես նաև այն փաստը, որ գործով մյուս երկու մեղադրյալները տվյալ պահին թաքնվում են քննությունից, բավարար հիմքեր են տալիս ենթադրելու, որ դիմումատուն կարող է խոչընդոտել գործի քննությանը: Ինչ վերաբերում է քննիչի կողմից նոր նյութեր ներկայացնելուն, ապա Վերաքննիչ դատարանը գտել է, որ օրենքը չի արգելում քննիչին դա անել:
Դ. Դիմումատուին ազատ արձակելը և քրեական վարույթը կասեցնելը
39. 2006 թվականի հունվարի 27-ին քննիչը ներկայացրել է միջնորդություն՝ դիմումատուի կալանքի ժամկետը ևս երկու ամսով, այն է՝ մինչև 2006 թվականի ապրիլի 7-ը, երկարաձգելու պահանջով: Քննիչը հիմնավորել է ժամկետը երկարաձգելու անհրաժեշտությունն իր նախորդ միջնորդություններում ներկայացված միևնույն հիմքերով:
40. 2006 թվականի փետրվարի 1-ին Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանը քննել է այդ միջնորդությունը: Համայնքային դատարանում գործի քննության ընթացքում դիմումատուի փաստաբաններից մեկը հղում է կատարել Փաստաբանների պալատի՝ 2005 թվականի դեկտեմբերի 8-ի պահանջին՝ որպես դիմումատուին ազատ արձակելու լրացուցիչ փաստական հանգամանք: Համայնքային դատարանը հիմնավորված է համարել քննիչի միջնորդությունը և որոշում է կայացրել այն բավարարելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս առկա են դիմումատուի կալանավորման հիմքերը: Ինչ վերաբերում է Փաստաբանների պալատի պահանջին, ապա Համայնքային դատարանը գտել է, որ այս պահանջն ուղղված է Գլխավոր դատախազությանը և որ, ամեն դեպքում, կալանքին փոխարինող միակ այլընտրանքային խափանման միջոցը գրավն է:
41. Չպարզված օրը դիմումատուի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացրել:
42. 2006 թվականի փետրվարի 15-ին Քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը բեկանել է Համայնքային դատարանի որոշումը և կայացրել է դիմումատուին ազատ արձակելու վերաբերյալ որոշում: Վերաքննիչ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի առկայությունն այլևս բավարար չէ դիմումատուի շարունակական կալանքը հիմնավորելու համար, և որ դիմումատուի կողմից [մինչդատական վարույթում] գործի քննությանը խոչընդոտելու ռիսկն արդեն փոքր է վարույթի տվյալ փուլում:
43. 2006 թվականի օգոստոսի 10-ին քննիչը որոշում է կայացրել քրեական վարույթը կասեցնելու մասին՝ ՔԴՕ-ի 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի համաձայն: Համապատասխան որոշման՝ դիմումատուին վերաբերող մասը շարադրվել է հետևյալ բովանդակությամբ.
«Վարույթի ներկա փուլում հնարավոր չէ առանձնացնել [դիմումատուի] դեմ քրեական գործի նյութերը և մեղադրական եզրակացություն ներկայացնել դատարան, քանի որ նրա հանցակիցների [Ա.Հ. և Տ.Ա.] փախուստի և չբացահայտված գտնվելու վայրի պատճառով անհնարին է դառնում [Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի] 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի շրջանակներում [դիմումատուի] իրավունքների երաշխավորումը... Միաժամանակ, հաշվի առնելով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, հնարավոր չէ [դիմումատուի] դեմ իրականացվող քրեական վարույթը դադարեցնել որևէ հիմքով:
Հիմնվելով վերոհիշյալի վրա՝ պետք է հաշվի առնել այն փաստը, որ [մեղադրյալներ Ա.Հ.-ի և Տ.Ա.-ի]՝ այն փաստական հանգամանքների վերաբերյալ տրված ցուցմունքները, որոնք բացահայտվել և հաստատվել են [նրանց] փախուստից հետո անցկացված նախաքննությամբ և այլ քննչական գործողություններով, որոնք պետք է իրականացվեին նրանց մասնակցությամբ, կարող են զգալի նշանակություն ունենալ քրեական գործով մյուս մեղադրյալի [դիմումատուի] դեմ մեղադրանքի բովանդակությունը որոշելու և նրա կողմից կատարված արարքներին քրեաիրավական որակում և գնահատական տալու հարցում: Այնուամենայնիվ, [Ա.Հ.-ն և Տ.Ա.-ն] գտնվում են հետախուզման մեջ, և նրանց գտնվելու վայրն անհայտ է, այն է՝ առկա է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործի հետագա քննությանը...»
44. 2007 թվականի դեկտեմբերի 17-ին Գլխավոր դատախազությունից քրեական գործն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:
45. Պարզվում է, որ գործում հետագա զարգացումներ չեն եղել: Դիմումատուի դեմ անցկացվող վարույթը դեռևս ընթացքի մեջ է եղել 2010 թվականի սեպտեմբերի 10-ի, այսինքն՝ այն օրվա դրությամբ, երբ Կառավարության կողմից ներկայացվել է սույն գործով վերջին առարկությունը:
II. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ
Ա. 1995 թվականի Սահմանադրություն (ուժի մեջ է 2005 թվականի դեկտեմբերի 6-ից՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին ընդունված փոփոխություններից հետո)
46. 92-րդ հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանը, բացի սահմանադրական արդարադատության հարցերից, Վճռաբեկ դատարանն է, որը կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Բ. Քրեական օրենսգիրք (ուժի մեջ է 2003 թվականի օգոստոսի 1-ից)
47. 19-րդ հոդվածի համաձայն՝ ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների: Միջին ծանրության հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը, մինչդեռ ծանր հանցագործություններ են համարվում դիտավորությամբ կատարված այն արարքները, որոնց համար առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:
48. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ խարդախությունը՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, պատժվում է չորսից ութ տարի ժամկետով ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
49. 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է, որ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝ եթե դրանք կատարվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Գ. Քրեական դատավարության օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 12-ից)
7. Ձերբակալում և կալանք
50. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 16-րդ կետի և 73- րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի համաձայն՝ մեղադրյալը և նրա պաշտպանը նախաքննության ավարտման պահից իրավունք ունեն ծանոթանալ գործի բոլոր նյութերին, դրանցից պատճեններ հանել և գործից դուրս գրել ցանկացած ծավալի ցանկացած տեղեկություն:
51. 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ մեղադրյալը պարտավոր է մինչև ընդմիջում հայտարարելը, առանց նախագահող դատավորի թույլտվության, չլքել դատական նիստերի դահլիճը: 73-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ պաշտպանի նկատմամբ սահմանված է միևնույն պարտավորությունը:
52. 65-րդ հոդվածի 2-րդ մասի 6-8-րդ կետերով նախատեսվում է, որ մեղադրյալն իրավունք ունի հրաժարվել ցուցմունքներ տալուց, տալ բացատրություններ կամ մասնակցել քննչական գործողություններին, եթե այս օրենսգրքով այլ բան նախատեսված չէ: 65-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մեղադրյալի կողմից իր իրավունքներից օգտվելը չպետք է մեկնաբանվի ի վնաս նրա և նրա համար առաջացնի որևէ անբարենպաստ հետևանք: 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ մեղադրյալը պարտավոր է քրեական վարույթն իրականացնող մարմնի պահանջով ենթարկվել բժշկական ստուգման, մատնադրոշմման, լուսանկարվել և հնարավորություն ընձեռել վերցնելու արյան, մարմնի արտաթորությունների նմուշներ:
53. 128-րդ հոդվածի համաձայն՝ ձերբակալումն անձին արգելանքի վերցնելը և նրան արգելանքի տակ կարճաժամկետ պահելն է:
54. 129-րդ և 130-րդ հոդվածների համաձայն՝ անձին կարելի է ձերբակալել. 1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. կամ 2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Երկու դեպքերում էլ ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի՝ սկսած արգելանքի վերցնելու պահից:
55. 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ձերբակալվածը ենթակա է ազատման, եթե լրացել է ձերբակալման՝ այս օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:
56. 134-րդ հոդվածի համաձայն՝ խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են ձերբակալվածի կամ մեղադրյալի նկատմամբ՝ քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Խափանման միջոցները, inter alia, ներառում են գրավը և կազմակերպության երաշխավորությունը:
57. 135-րդ հոդվածի համաձայն՝ դատարանը խափանման միջոց կարող է կիրառել միայն այն դեպքում, երբ քրեական գործով ձեռք բերված նյութերը բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է՝ 1) թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից. 2) խոչընդոտել մինչդատական վարույթում կամ դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու, գործի համար նշանակություն ունեցող նյութերը թաքցնելու կամ կեղծելու, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու կամ այլ ճանապարհով. 3) կատարել քրեական օրենքով արգելված արարք. 4) խուսափել քրեական պատասխանատվությունից և նշանակված պատիժը կրելուց. 5) խոչընդոտել դատարանի դատավճռի կատարմանը: Կալանավորումը և դրա այլընտրանքային խափանման միջոցը մեղադրյալի նկատմամբ կարող են կիրառվել միայն այն դեպքում, երբ վերագրվող հանցագործության համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, կամ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ կասկածյալը կամ մեղադրյալը կարող է կատարել վերոնշյալ գործողությունները: Խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության և կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ դրա տեսակն ընտրելու հարցը լուծելիս հաշվի են առնվում՝ 1) վերագրվող արարքի բնույթը և վտանգավորության աստիճանը. 2) կասկածյալի կամ մեղադրյալի անձը. 3) տարիքը և առողջական վիճակը. 4) սեռը. 5) զբաղմունքի տեսակը. 6) ընտանեկան դրությունը և խնամարկյալների առկայությունը. 7) գույքային դրությունը. 8) բնակության մշտական վայրի առկայությունը. 9) այլ էական հանգամանքներ:
58. 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կալանավորումը և գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ՝ քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ՝ դատարանում քրեական գործը քննելիս: Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ:
59. 137-րդ հոդվածի 4-րդ մասի hամաձայն՝ կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարի չափը:
60. 137-րդ հոդվածի 5-րդ մասի hամաձայն՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան:
61. 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը կամ դատախազը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց տասը օր առաջ, պետք է դատարան ներկայացնեն պատճառաբանված միջնորդություն: Դատարանը, համաձայնվելով կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությանը, ոչ ուշ, քան դատարանի կալանքի տակ պահելու որոշած ժամկետը լրանալուց հինգ օր առաջ, համապատասխան որոշում է կայացնում:
62. 143-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ գրավը ոչ մեծ և միջին ծանրության հանցագործության համար մեղադրվողին կալանքից ազատելու համար դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է:
63. 201-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն՝ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ:
64. 288-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն՝ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է Վերաքննիչ դատարանի կողմից:
65. 285-րդ հոդվածի 1-ին մասի hամաձայն՝ կալանքը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու՝ դատախազի կամ քննիչի միջնորդության մեջ պետք է շարադրվեն այն շարժառիթները և հիմքերը, որոնց հիման վրա առաջացել է մեղադրյալին կալանավորելու անհրաժեշտություն: Որոշմանը կցվում են միջնորդության հիմնավորվածությունը հաստատող նյութերը:
2. Քրեական գործով վարույթի կասեցումը
66. 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 5-րդ կետերի hամաձայն՝ քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե մեղադրյալը թաքնվել է քննությունից կամ դատից, և եթե գործում է անհաղթահարելի ուժ, որը ժամանակավորապես խոչընդոտում է քրեական գործով հետագա վարույթին:
67. 31-րդ հոդվածի 5-րդ մասի hամաձայն՝ քրեական գործով վարույթը կասեցվում է՝ մինչև այն կասեցնելու հիմք ծառայած հանգամանքները վերացնելը: Դրանց վերացումից հետո այն վերսկսվում է դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ:
3. Փոխհատուցում
68. 66-րդ հոդվածի 3-րդ մասի hամաձայն՝ արդարացվածն իրավունք ունի նաև պահանջել իրեն անօրինական ձերբակալման, կալանավորման, որպես մեղադրյալ ներգրավելու և դատապարտման հետևանքով պատճառված վնասի գույքային հատուցում ամբողջ ծավալով՝ հաշվի առնելով իրական հնարավոր բաց թողնված օգուտները:
Դ. Քաղաքացիական օրենսգիրք (ուժի մեջ է 1999 թվականի հունվարի 1-ից)
69. 17-րդ հոդվածով նախատեսվում է, որ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Վնասներ են՝ իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
70. 1064-րդ հոդվածով նախատեսվում է, որ ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը՝ անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
Ե. Դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշումը
71. Այս որոշման 4-րդ կետով ամրագրված էր, որ ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է, որ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերադաս դատարան: Այնուամենայնիվ, ՔԴՕ-ով չի նախատեսվում կալանք ընտրելու և դրա ժամկետը երկարաձգելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումների օրինականությունը և հիմնավորվածությունը վիճարկելու ընթացակարգ: Ուստի այդպիսի դեպքերում Վերաքննիչ դատարանի որոշումները կարող են վիճարկվել Վճռաբեկ դատարանում:
Զ. Դատարանների նախագահների խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 83 որոշումը
72. Այս որոշման hամաձայն՝ Դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման 4-րդ կետը պետք է ուժը կորցրած ճանաչել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն, Վճռաբեկ դատարանը՝ որպես բարձրագույն դատական ատյան, կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը:
Է. Դատարանների նախագահների խորհրդի 2006 թվականի ապրիլի 5-ի թիվ 96 որոշումը
73. Այս որոշմամբ ամրագրվում է Դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշման՝ նոր խմբագրությամբ 4-րդ կետը, որով նախատեսվում է, որ Սահմանադրության 92-րդ հոդվածի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը բարձրագույն ատյանն է և կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Նման պայմաններում մինչդատական վարույթի, այդ թվում՝ կալանավորման ցանկացած որոշման բողոքարկումը բարձրագույն դատական ատյան, չի բխում նրա սահմանադրական կարգավիճակից: Այդպիսի բողոքները պետք է թողնվեն առանց քննության։ Բացառիկ դեպքերում նման բողոքները Վճռաբեկ դատարանի քննարկման առարկա պետք է դառնան, եթե այդ հարցն ունի սկզբունքային նշանակություն դատական պրակտիկայի համար: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանի քննարկման են ենթակա այն որոշումների դեմ բերված բողոքները, որոնցով կալանավորումը որպես խափանման միջոց է ընտրվել ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կողմից:
ԻՐԱՎՈՒՆՔԸ
I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
74. Դիմումատուն բողոքել է, որ նրա ազատության իրավունքը խախտվել է կալանավորման հարցով առաջին դատական նիստի ընթացքում, և որ 2006 թվականի դեկտեմբերի 2-ին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելը չի կատարվել օրենքով սահմանված ժամկետներում: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետը, որը վերաբերելիության սահմաններում շարադրված է հետևյալ խմբագրությամբ՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով...»:
Ա. Ընդունելիությունը
1. Ներպետական օրենսդրությամբ նախատեսվող ժամկետների պահպանումը կալանավորման ժամկետը երկարաձգելիս
ա) Կողմերի փաստարկները
75. Կառավարությունը փաստել է, որ 2005 թվականի նոյեմբերի 28-ին դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու միջնորդություն ներկայացնելիս՝ քննիչը պահպանել է ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տասնօրյա ժամկետը: Ըստ ՔԴՕ-ի 173-րդ հոդվածի 3-րդ մասի ժամկետի ընթացքը պետք է սկսվեր առաջին օրվա կեսօրին՝ ժամը 12:00-ին, և լրանար ժամկետի վերջին օրվա կեսգիշերին՝ ժամը 24:00-ին: Ավելին, նույն հոդվածի համաձայն, եթե ժամկետի լրանալը համընկնում է ոչ աշխատանքային օրվան, ապա ժամկետի վերջին օրը հաշվվում է դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը: Դիմումատուի կալանքի ժամկետը պետք է ավարտվեր 2005 թվականի դեկտեմբերի 7-ին: Քննիչը պետք է միջնորդություն ներկայացներ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, սակայն, քանի որ այդ օրը եղել է կիրակի, նա այն ներկայացրել է 2005 թվականի նոյեմբերի 28-ին: Հետևաբար, 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել:
76. Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունը սխալ է մեկնաբանել ՔԴՕ-ի 173-րդ հոդվածի 3-րդ մասը, և որ ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը պահպանելու համար քննիչը միջնորդություն պետք է ներկայացներ 2005 թվականի նոյեմբերի 26-ին, այլ ոչ թե 2005 թվականի նոյեմբերի 28-ին: Համայնքային դատարանի 2005 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը նույնպես կայացվել է մեկ օր ուշացումով: Այսպիսով ո՛չ քննիչը, և ո՛չ էլ դատարանը չեն պահպանել ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու պահանջ ներկայացնելիս և որոշում կայացնելիս, որի արդյունքում տեղի է ունեցել 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
բ) Դատարանի գնահատականը
77. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 1-ին կետում առկա «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտություններով, ըստ էության, հղում է կատարվում ազգային իրավունքին և ամրագրվում է այդ իրավունքի նյութաիրավական և դատավարական պահանջները պահպանելու պարտավորությունը: Չնայած այն հանգամանքին, որ ներպետական օրենսդրության մեկնաբանման և կիրառման հարցը նախևառաջ ազգային մարմինների, մասնավորապես՝ դատարանների պարտավորությունն է, այնուամենայնիվ, 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ներպետական օրենսդրության պահանջները չպահպանելը հանգեցնում է Կոնվենցիայի խախտման, և Դատարանը կարող է ու պետք է քննի, թե արդյոք այդ օրենսդրության պահանջները պահպանվել են (տե՛ս, Բենհամն ընդդեմ Միացյալ Թագավորության [Benham v. the United Kingdom], 1996 թվականի հունիսի 10, § 41, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1996-III, և Ասանիձեն ընդդեմ Վրաստանի [ՄՊ] [Assanidze v. Georgia [GC]], թիվ 71503/01, § 171, ՄԻԵԴ 2004-II): Կալանքի տակ պահելու ժամկետը սկզբունքորեն «օրինական» է, եթե այն հիմնված է դատարանի որոշման վրա: Նույնիսկ կալանավորման մասին որոշման մեջ տեղ գտած շեղումներն անհրաժեշտաբար չեն հանգեցնում կալանքի տակ պահելու ժամկետի անօրինականության՝ 5-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով (տե՛ս վերևում հիշատակված՝ Բենհամի գործը, §§ 42-47, և Ժեցիուսն ընդդեմ Լիտվայի [Jéčius v. Lithuania], թիվ 34578/97, § 68, ՄԻԵԴ 2000-IX):
78. Սույն գործում դատարանի կողմից որոշված՝ դիմումատուին կալանքի տակ պահելու երկամսյա ժամկետը պետք է լրանար 2005 թվականի դեկտեմբերի 7-ին: ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով պահանջվում է, որ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում քննիչը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց տասն օր առաջ, դատարան ներկայացնի ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն, և դատարանը, ոչ ուշ, քան կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց հինգ օր առաջ, կայացնի համապատասխան որոշում: Դիմումատուի գործում քննիչը ժամկետը երկարաձգելու միջնորդություն է ներկայացրել 2005 թվականի նոյեմբերի 28-ին, մինչդեռ Համայնքային դատարանը միջնորդությունը բավարարելու և դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարաձգելու իր որոշումն ընդունել է 2005 թվականի դեկտեմբերի 2-ին:Դատարանը չի գտնում, որ անհրաժեշտ է որոշել, թե արդյոք այդպես վարվելով՝ քննիչը և Համայնքային դատարանը պահպանել են ՔԴՕ-ի 139-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները հետևյալ պատճառներով:
79. Դատարանը նշում է, որ այն ժամանակ, երբ Համայնքային դատարանը 2005 թվականի դեկտեմբերի 2-ին որոշում է կայացրել դիմումատուին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին, Համայնքային դատարանի նախորդ, այն է՝ 2005 թվականի հոկտեմբերի 11-ի որոշման հիման վրա դիմումատուի ընթացիկ կալանքը դեռևս ուժի մեջ է եղել: Ավելին, նույնիսկ ընդունելով, որ 2005 թվականի դեկտեմբերի 2-ի որոշումը կայացվել է մեկ օրվա ուշացմամբ, այնուամենայնիվ, այն կայացվել է կալանքի տակ պահելու թույլատրված ժամկետը լրանալուց մի քանի օր առաջ: Այն ընդունվել է իրավասու դատարանի կողմից՝ քննիչի միջնորդության հիման վրա՝ համաձայն ներպետական իրավունքի պահանջների: Դատարանը համարում է, որ գործի փաստական հանգամանքներում, ենթադրյալ դատավարական թերությունները, այն է՝ քննիչի միջնորդությունը ներկայացնելու և քննության առնելու կարճատև ձգձգումները, ենթադրելով, որ դրանք տեղի են ունեցել, ձևական և աննշան բնույթ են կրել այնքանով, որ ոչ մի կերպ չէին կարող ազդել այդ որոշմամբ թույլատրված կալանքի ժամկետի օրինականության վրա:
80. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
2. 2005 թվականի հոկտեմբերի 10-11-ը կալանավորման հարցի վերաբերյալ առաջին նիստը
81. Դատարանը նշում է, որ այս բողոքը, Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով, ակնհայտ անհիմն չէ: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
ա) Կառավարությունը
82. Կառավարությունը փաստել է, որ դիմումատուին ներկայացրել են Երևան [քաղաքի] Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարան 2005 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 20:20-ին՝ մինչև ձերբակալման 72-ժամյա երկարատև ժամկետը լրանալը: Համայնքային դատարանում նիստն այդքան երկար է տևել, քանի որ գործում ներգրավված են եղել տասը որակավորված փաստաբաններ, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրել է զգալի թվով միջնորդություններ: Դիմումատուի ձերբակալման 72 ժամ տևողությամբ ժամկետը 2005 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:50-ին լրանալու պահից մինչև Համայնքային դատարանի կողմից 2005 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 05:05-ին որոշում կայացնելու պահը, դիմումատուն չէր կարող համարվել ազատությունից զրկված անձ: Դիմումատուին չի թույլատրվել լքել դատական նիստերի դահլիճը, քանի որ ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն նա՝ որպես մեղադրյալ, պարտավոր է եղել մասնակցել նիստին և չլքել դատական նիստերի դահլիճն առանց դատավորի թույլտվության մինչև ընդմիջում հայտարարելը: Նիստի ժամանակ ընդմիջում չի հայտարարվել, իսկ այն ժամանակահատվածը, երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, չէր կարող համարվել ընդմիջում:
բ) Դիմումատուն
83. Դիմումատուն փաստել է, որ այսպես կոչված «խորհրդակցական սենյակը» իրականում եղել է դատավորի աշխատասենյակը: Դատավորը սենյակից դուրս չի եկել, իսկ աշխատասենյակից խնդրել են դուրս գալ դատավարության մասնակիցներին այն ժամանակ, երբ դատավորը խորհրդակցություն է անցկացրել այս կամ այն հարցի վերաբերյալ: Բոլոր այդ դեպքերում նա շրջապատված է եղել չորս ոստիկաններով այնպիսի փոքր սենյակում, որը ծառայել է որպես դատավորի ընդունարան, մինչդեռ մյուսները կարողացել են ազատորեն լքել դահլիճը: ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի: Դիմումատուն պաշտոնապես ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21:50-ին, և թույլատրված ձերբակալման ժամկետը լրացել է 2005 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 21:50-ին: Չնայած այս հանգամանքին՝ դատավորը շարունակել է դիմումատուին վերաբերվել որպես կալանավորված անձի: ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ խորհրդակցության ժամանակ դիմումատուն պարտավոր է եղել մնալ «դատական նիստերի դահլիճում», սակայն նույն ընդմիջումների ժամանակ նրա փաստաբաններին թույլատրվել է լքել դահլիճը, մինչդեռ ՔԴՕ-ի 73-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետով նրանց նկատմամբ սահմանված է եղել միևնույն պարտավորությունը: Հետևաբար, ներպետական որևէ դրույթի վրա չհիմնված Կառավարության պնդումն այն մասին, որ ընդմիջումը որպես այդպիսին համարվելու համար պետք է հայտարարվի, մոլորեցնելու նպատակ է հետապնդում: Ավելին, դատավորը նիստի ամբողջ ընթացքում միտումնավոր խուսափել է դիմումատուի ազատության հարցի վերաբերյալ որոշում կայացնելուց՝ այդպիսով զրկելով նրան ընդմիջումների ժամանակ ոստիկանության աշխատակիցների կողմից ազատ արձակվելու հնարավորությունից: Սա ցույց է տալիս նաև դիմումատուի ազատության հանդեպ դատավորի բացարձակ անհարգալից վերաբերմունքը: Ի վերջո, նա ազատությունից զրկվել է դատական նիստի ընթացքում, որը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում է:
2. Դատարանի գնահատականը
84. Դատարանը կրկին վերահաստատում է, որ ցանկացած կալանավորում պետք է լինի օրինական: Ավելին, անձին ազատությունից զրկելու ցանկացած միջոց պետք է համապատասխանի 5-րդ հոդվածով սահմանված նպատակին, այն է՝ անձին պաշտպանել կամայականությունից (տե՛ս Վինթերվերպն ընդդեմ Նիդերլանդների [Winterwerp v. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 39, շարք Ա թիվ 33, և Լուկանովն ընդդեմ Բուլղարիայի [Lukanov v. Bulgaria],1997 թվականի մարտի 20, § 41, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997- II):
85. Ազատությունից զրկելու հարցը քննարկելիս հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը: Հետևաբար, էական է այն հանգամանքը, որ ներպետական իրավունքով ճշգրիտ սահմանված լինեն ազատությունից զրկելու պայմանները, և որ օրենքն ինքնին կանխատեսելի լինի կիրառության առումով, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափորոշչին, որով պահանջվում է, որ ցանկացած օրենք լինի բավարար չափով ճշգրիտ, որպեսզի հնարավորություն տա անձին, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությամբ, կանխատեսելու համապատասխան գործողության հավանական հետևանքներն այնքանով, որքանով դա ողջամտորեն հնարավոր է տվյալ հանգամանքներում (տե՛ս Սթիլը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others v. the United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1998-VII):
86. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Դատարանը նշում է, որ դիմումատուն պաշտոնապես ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21:50-ին: Ներպետական իրավունքի համաձայն այս ձերբակալումը 72 ժամից ավելի չէր կարող տևել, և ձերբակալվածը պետք է ազատ արձակվեր, եթե լրացել էր ձերբակալման առավելագույն ժամկետը, ու դատարանը դիմումատուին կալանավորելու մասին որոշում չէր կայացրել (ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մաս և 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ): Այնուամենայնիվ, Դատարանը նշում է, որ 2005 թվականի հոկտեմբերի 10-ին՝ մոտավորապես ժամը 20:20-ին՝ դիմումատուի՝ կարճաժամկետ ձերբակալման ժամկետը լրանալուց մեկուկես ժամ առաջ, նրան ներկայացրել են դատավորի մոտ՝ վերջինիս կողմից՝ դիմումատուին կալանավորելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այսպիսով, համապատասխան մարմինները կատարել են իրենց պարտավորությունը, և դիմումատուին ներկայացրել են դատավորի մոտ՝ օրենքով թույլատրված 72-ժամյա ժամկետում: Ճշմարիտ է, որ նիստի տևողությունն այդ երեկո սահմանազանցել է ժամը 21:50-ը, այսինքն՝ հատել է 72-ժամյա սահմանաչափը, և տևել է մինչև հաջորդ օրվա ժամը 05:05-ը՝ այն պահը, երբ դատավորը, հրապարակելով դիմումատուին կալանավորելու մասին որոշումը, փակված է համարել դատական նիստը (տե՛ս վերևում՝ 20-րդ պարբերությունը), որի ընթացքում չեն հայտարարվել ընդմիջումներ, և դիմումատուն պարտավորված է եղել մնալ դատական նիստերի դահլիճում: Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ, քանի որ դիմումատուին ներկայացրել են դատավորի մոտ օրենքով սահմանված 72 ժամվա ընթացքում, հետևաբար մինչև դիմումատուի կալանավորման հարցը դատարանի կողմից լուծելը, նրա՝ այդ նիստին ներկա գտնվելու պահանջով չի կարելի ասել, որ խախտվել են Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետով ամրագրված երաշխիքները: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ Դատարանը չի կարող անտեսել այն փաստը, որ դիմումատուին ներկայացրել են թվով տասը փաստաբաններ, որոնց կողմից բերված բազմաթիվ միջնորդություններն ու առարկությունները հանգեցրել են գործի քննության զգալի ձգձգումների: Այսպիսով, այն հանգամանքը, որ 2005 թվականի հոկտեմբերի 10-ին դատական նիստը սահմանազանցել է ժամը 21:50-ը, չի կարող վերագրվել դատավորին, որը բարեխղճորեն է վարել գործը:
87. Համապատասխանաբար, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել:
II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 3-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
88. Դիմումատուն բողոքել է, որ 2005 թվականի հոկտեմբերի 10-ից 11-ը կայացած՝ կալանավորման հարցով առաջին նիստի ընթացքում չեն պահպանվել դատավարական պահանջները, որ դատարանները չեն ներկայացրել դիմումատուի շարունակական կալանավորմանն առնչվող վերաբերելի և բավարար հիմքեր, և որ դիմումատուն օրենքի ուժով չի ունեցել կալանքից գրավով ազատվելու հնարավորություն՝ հաշվի առնելով նրան վերագրվող հանցանքի ծանրության աստիճանը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետը, որը շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«3. Սույն հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի դրույթներին համապատասխան՝ ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն և ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչև դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:
Ա. 2005 թվականի հոկտեմբերի 10-ից 11-ը կայացած՝ կալանավորման հարցով առաջին նիստի դատավարական հայեցակետերը
1. Կողմերի փաստարկները
89. Կառավարությունը փաստել է, որ կալանավորման հարցով առաջին նիստն անցկացվել է 5-րդ հոդվածի 3-րդ կետի դատավարական պահանջներին համապատասխան: Այս hոդվածը չէր կարող մեկնաբանվել որպես մրցակցության և կողմերի հավասարության իրավունքը երաշխավորող հոդված: Այս հոդվածի հիմնական նպատակն ազատությունից զրկված անձանց համար դատական այնպիսի ընթացակարգ ապահովելն է, որը նախատեսված է ապահովելու, որ ոչ ոք կամայականորեն չզրկվի իր ազատությունից, և որ ազատությունից զրկելու այդպիսի դեպքերը հասցվեն նվազագույնի: Մեղադրյալին իրավունք է տրվել ծանոթանալու գործի բոլոր նյութերին միայն նախաքննության ավարտից հետո: Այսպիսով, այն հանգամանքը, որ դիմումատուին և նրա փաստաբաններին չի թույլատրվել ծանոթանալ քննիչի կողմից ի հիմնավորումն իր՝ 2005 թվականի հոկտեմբերի 10-ին բերված միջնորդությանը ներկայացված նյութերին, չի խախտել ո՛չ ներպետական իրավունքը, ո՛չ էլ 5-րդ հոդվածի 3-րդ կետը:
90. Դիմումատուն փաստել է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետն ամրագրում է միևնույն երաշխիքները, ինչ՝ 5-րդ հոդվածի 4-րդ կետը: Ավելին, 2005 թվականի հոկտեմբերի 27-ի իր որոշման մեջ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Համայնքային դատարանը չի խախտել Կոնվենցիայով սահմանված՝ կողմերի հավասարության և մրցակցության պահանջները՝ այդպիսով ընդունելով, որ նմանօրինակ երաշխիքները կիրառելի են եղել կալանավորման հարցով առաջին դատական նիստի նկատմամբ: Այսպիսով, այդ նիստն անցկացվել է 5-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված երաշխիքների խախտմամբ, դրանք են՝ կողմերի հավասարությունը և իր պաշտպանությանը նախապատրաստվելու համար բավարար ժամանակով և միջոցներով ապահովված լինելը: Մասնավորապես, նախագահող դատավորը դիմումատուին և նրա փաստաբաններին չի թույլատրել ծանոթանալ՝ քննիչի կողմից դատավորին ներկայացված գործի նյութերի երկու հատորներին. դիմումատուին և նրա փաստաբաններին տրվել է ընդամենը տասը րոպե տևողությամբ ժամանակ՝ ծանոթանալու քննիչի՝ 2005 թվականի հոկտեմբերի 10-ի միջնորդությանը և համաձայնեցնելու իրենց դիրքորոշումը, ինչպես նաև դիմումատուին և նրա փաստաբաններին չի թույլատրվել խորհրդապահական կարգով խորհրդակցել՝ գործը քննարկելու նպատակով:
2. Դատարանի գնահատականը
91. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 3-րդ կետը կառուցվածքային առումով վերաբերում է երկու առանձին հարցերի՝ ձերբակալմանը հաջորդող վաղ փուլերը, երբ անձի վրա տարածվում է համապատասխան մարմինների լիազորությունը, և այն ժամանակահատվածը, երբ ակնկալվում է գործով վերջնական քննություն անցկացնել քրեական դատարանում, որի ընթացքում կասկածյալը կարող է կա՛մ կալանավորվել, կա՛մ ազատ արձակվել համապատասխան պայմաններով կամ առանց դրանց: Այս երկու տարրերը վերապահում են հստակ իրավունքներ, որոնք տրամաբանական կամ ժամանակագրական առումներով առերևույթ փոխկապակցված չեն (տե՛ս Թ.Վ.-ն ընդդեմ Մալթայի [ՄՊ] [T.W. v. Malta [GC]], թիվ 25644/94, § 49, 1999 թվականի ապրիլի 29, և ՄքՔեյն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [McKay v. the United Kingdom[GC]], թիվ 543/03, § 31, ՄԻԵԴ 2006-X):
92. Դիտարկելով առաջին հարցի ներքո շոշափվող վաղ փուլը՝ Դատարանի նախադեպային իրավունքով սահմանվում է, որ հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է ստանա պաշտպանություն դատական վերահսկողության միջոցով, որը պետք է բավարարի հետևյալ պահանջները:
93. Առաջին, ձերբակալված անձի կողմից առաջին անգամ ներկայանալու նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է նախևառաջ իրականացվի անհապաղ, որպեսզի հնարավորություն ընձեռվի բացահայտելու վատ վերաբերմունքի ցանկացած դեպք, և նվազագույնի հասցվեն անձի ազատությանը չհիմնավորված միջամտության դեպքերը (տե՛ս Ժեցիուսն ընդդեմ Լիտվայի [Jėčius v. Lithuania], թիվ 34578/97, § 84, ՄԻԵԴ 2000-IX, և վերևում հիշատակված՝ ՄքՔեյի գործը, § 33): Երկրորդ, կալանավորման նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է կատարվի ինքնաբերաբար (տե՛ս Աքիլինան ընդդեմ Մալթայի [ՍՊ] [Aquilina v. Malta [GC]], թիվ 25642/94, § 49, ՄԻԵԴ 1999-III, և վերևում հիշատակված՝ ՄքՔեյի գործը, § 34): Վերջապես, դատական ծառայողը պետք է պահպանի գործադիր իշխանությունից և կողմերից անկախ լինելու համար անհրաժեշտ երաշխիքները (տե՛ս Ասենովը և այլք ընդդեմ Բուլղարիայի [Assenov and Others v. Bulgaria], 1998 թվականի հոկտեմբերի 28, § 146, Զեկույցներ 1998-VIII): Դատական ծառայողը պետք է անձամբ լսի իր մոտ ներկայացված անձին (տե՛ս Շիսերն ընդդեմ Շվեյցարիայի [Schiesser v. Switzerland], 1979 թվականի դեկտեմբերի 4, § 31, շարք Ա թիվ 34) և պետք է վերանայի կալանավորումը խոչընդոտող կամ դրան նպաստող հանգամանքները՝ կալանավորումն արդարացնող հիմքերի առկայությունն իրավական չափանիշների վկայակոչմամբ որոշելու համար, և նման հիմքերի բացակայության դեպքում անձին ազատ արձակելու վերաբերյալ որոշում կայացնելու համար (տե՛ս վերևում հիշատակված՝ Աքիլինայի գործը, § 47):
94. Սույն գործով դիմումատուն 5-րդ հոդվածի 3-րդ կետով թվարկված վերոնշյալ որևէ երաշխիքի խախտում չի վկայակոչել: Այնուամենայնիվ, նա պնդել է, որ տեղի է ունեցել այս հոդվածի խախտում, քանի որ դիմումատուին և նրա փաստաբաններին չի թույլատրվել ծանոթանալ քննիչի կողմից դատավորին ներկայացված՝ գործի նյութերի երկու հատորներին, և նրանք քիչ ժամանակ են ունեցել քննիչի միջնորդությանը ծանոթանալու և իրենց դիրքորոշումը համաձայնեցնելու համար: Կառավարությունն ընդունել է, որ սա համապատասխանում է իրականությանը: Դատարանը համարում է, որ այս իրավիճակը, մեղադրանքի կողմի համեմատությամբ, չի առաջացրել զգալի անբարենպաստ պայմաններ պաշտպանության կողմի համար, քանի որ վերջինս կարողացել է առնվազն բանավոր ներկայացնել իր փաստարկները: Կալանավորման հարցով առաջին նիստի բնույթն այնպիսին է, որ հնարավորություն է տալիս՝ գործի նյութերը քննության առնելու և փաստարկները նախապատրաստելու համար պահանջվող ժամանակը հասցնել նվազագույնի, որպեսզի դատարանին հնարավորություն տրվի որոշումը կայացնել «անհապաղ»՝ 5-րդ հոդվածի պահանջի համաձայն (տե՛ս Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy v. Russia],թիվ 5829/04, § 221, 2011 թվականի մայիսի 31):
95. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
Բ. Գրավով ազատելու անթույլատրելիությունը
1. Կողմերի փաստարկները
96. Կառավարությունը փաստել է, որ ներպետական դատարանները հրաժարվել են դիմումատուին գրավով ազատել ոչ թե ՔԴՕ-ի 143-րդ հոդվածի 1-ին մասով կիրառվող սահմանափակումների, այլ բավարար այնպիսի հիմքերի առկայության ուժով, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ դիմումատուն կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից] և խոչընդոտել գործի քննությանը: Հետևաբար, դիմումատուի գործում չի կիրառվել ՔԴՕ-ի 143-րդ հոդվածի 1-ին մասը:
97. Դիմումատուն փաստել է, որ ներպետական դատարաններն իրենց կայացրած ոչ մի որոշմամբ չեն անդրադարձել գրավով ազատվելու վերաբերյալ իր պահանջին: Նրանք նաև չեն ուսումնասիրել այս հարցը իրենց նախաձեռնությամբ՝ ինչպես պահանջվում է 137-րդ հոդվածի 4-րդ մասով: Այսպիսով, դատարաններն անկասկած այդպես են վարվել՝ սույն գործի նկատմամբ ինքնաբերաբար կիրառելով ՔԴՕ-ի 143-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ դիմումատուին մեղսագրվող հանցանքներից մեկը դասվել է ծանր հանցագործությունների շարքին՝ ՔՕ-ի 19-րդ հոդվածի դրույթների համաձայն: Գրավի կիրառումն ինքնաբերաբար մերժելու նման դեպքը 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում է:
2. Դատարանի գնահատականը
98. Դատարանը նշում է, որ նախկինում 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում է արձանագրվել մի շարք դեպքերում, որոնցում գրավի կիրառման մասին դիմումը ինքնաբերաբար մերժվել է օրենքի ուժով (տե՛ս Կաբելերոն ընդդեմ Միացյալ Թագավորության [ՄՊ] [Caballero v. the United Kingdom [GC]], թիվ 32819/96, § 21, ՄԻԵԴ 2000-II, և Էս.Բի.Սի-ն ընդդեմ Միացյալ Թագավորության [S.B.C. v. the United Kingdom], թիվ 39360/98, §§ 23-24, 2001 թվականի հունիսի 19):
99. Սույն գործում դիմումատուն նմանատիպ հայտարարություն է արել այն մասին, որ իրեն գրավով ազատելու հարցը չի դիտարկվել ՔԴՕ-ի 143-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման շրջանակներում, որով արգելվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններում մեղադրվող անձանց գրավով ազատելը: Դատարանը կանդրադառնա դիմումատուի հատուկ փաստարկին:
100. Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները՝ Դատարանն առաջին հերթին նշում է, որ գործի նյութերում առկա չեն եղել այնպիսի փաստաթղթեր, որոնք թույլ կտային ենթադրել, որ դիմումատուն երբևէ դիմում է ներկայացրել գրավով կալանքից ազատվելու վերաբերյալ: Ճշմարիտ է, որ ներպետական դատարանները չեն անդրադարձել այս խնդրի մասով նրանց կողմից միջնորդություն ներկայացնելու հարցին, ինչն ակնկալվում էր նրանցից ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 4-րդ մասի շրջանակներում: Այնուամենայնիվ, Դատարանը պարտավոր չէ դիտարկել ու պարզել այս բացթողման հավանական պատճառներն ու այն հարցը, թե արդյո՞ք այդ բացթողումների համար պատճառ են հանդիսացել ՔԴՕ-ի 143-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները: Այսպիսով, հնարավոր չէ բավարար հստակությամբ ասել, որ այս հոդվածը կիրառվել է դիմումատուի գործում: Նման հանգամանքներում Դատարանը համարում է, որ դիմումատուն չի կարող պնդել, որ ինքը 5-րդ հոդվածի 3-րդ կետի ենթադրյալ խախտման զոհ է՝ այդ հատուկ հիմքով:
101. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասը ratione personae (իրավախախտման սուբյեկտի գործոնի) հիմքով անհամատեղելի է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
Գ. Դիմումատուի շարունակական կալանավորման հիմքերի ենթադրյալ բացակայությունը
1. Կողմերի փաստարկները
102. Կառավարությունը պնդել է, որ ներպետական մարմինները ներկայացրել են դիմումատուի շարունակական կալանքի համար վերաբերելի և բավարար հիմքեր: Քննիչը ներկայացրել է հիմնավորված միջնորդություն, որին կցված են եղել բազմաթիվ նյութեր: Դատարանները բավարարել են այդ միջնորդությունը՝ գտնելով, որ դիմումատուն կարող է թաքնվել [քրեական վարույթն իրականացնող մարմնից] կամ խոչընդոտել գործի քննությանը: Այսպիսով, դատարանները կատարել են՝ կալանքի մասով վերաբերելի և բավարար հիմքեր ներկայացնելու պարտավորությունը:
103. Դիմումատուն փաստել է, որ ներպետական դատարանները չեն ներկայացրել նրա շարունակական կալանավորման հիմքերը, և դրանց ներկայացրած պատճառաբանությունը, ըստ էության, ենթադրել է համապատասխան իրավական դրույթների մեջբերում՝ առանց դիմումատուի անհատական իրավիճակը գնահատելու կամ առանց այն որևէ փաստական հիմքով հիմնավորելու: Ազատ արձակվելու վերաբերյալ դիմումատուի բոլոր փաստարկները դատարաններն անտեսել են:
2. Դատարանի գնահատականը
104. Հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը դատաքննությանն ակնկալելու ժամանակահատվածում միշտ պետք է ազատ արձակվի, եթե պետությունը ցույց չի տալիս, որ առկա են շարունակական կալանավորումն արդարացնող «վերաբերելի և բավարար» հիմքեր: (տե՛ս Սմիրնովան ընդդեմ Ռուսաստանի [Smirnova y. Russia], թիվ 46133/99 և 48183/99, § 58, ՄԻԵԴ 2003-IX (քաղվածքներ); Բաչիևն ընդդեմ Մոլդովայի [Becciev V. Moldova], թիվ 9190/03, § 53, 2005 թվականի հոկտեմբերի 4, և Խոդորկովսկին ընդդեմ Ռուսաստանի [Khodorkovskiy v. Russia],թիվ 5829/04, § 182, 2011 թվականի մայիսի 31):
105. Ներպետական դատարանները պետք է քննության առնեն բոլոր փաստերը, որոնցով հիմնավորվում կամ հերքվում է այնպիսի հանրային շահի իրական պահանջի առկայությունը, որը, հաշվի առնելով անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը, արդարացնում է անձի ազատությունը հարգելու կանոնից կատարվող շեղումը, ինչպես նաև պետք է դրանք վկայակոչեն ազատ արձակելու միջնորդությունների վերաբերյալ իրենց որոշումներում (տե՛ս Լետելիերն ընդդեմ Ֆրանսիայի [Letellier v. France], 1991 թվականի հունիսի 26, § 35, շարք Ա թիվ 207): Ազատ արձակելը հիմնավորող կամ հերքող փաստարկները պետք է ընդհանուր և վերացական բնույթ չունենան (տե՛ս Քլուսն ընդդեմ Բելգիայի [Clooth v. Belgium], 1991 թվականի դեկտեմբերի 12, § 44, շարք Ա թիվ 225):
106. Դատարանը վերահաստատում է, որ հիմնավոր կասկածի առկայությունն այն մասին, որ ձերբակալված անձը կատարել է հանցանք, հանդիսանում է sine qua non (պարտադիր պայման) շարունակական կալանավորման օրինականության համար, սակայն որոշ ժամանակ անց դա դառնում է ոչ բավարար: Նման դեպքերում Դատարանը պետք է պարզի, թե արդյո՞ք դատական մարմինների կողմից ներկայացված այլ հիմքերով շարունակվում է հիմնավորվել ազատությունից զրկելը: Այդօրինակ հիմքերը «վերաբերելի» և «բավարար» լինելու դեպքում Դատարանը պետք է պարզի նաև, թե վարույթն իրականացնելիս իրավասու ներպետական մարմիններն արդյո՞ք դրսևորել են «պատշաճ զգուշավորություն» (տե՛ս Լաբիտան ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [Labita v. Italy] [GC\, թիվ 26772/95, § 153, ՄԻԵԴ 2000-IV):
107. Սույն գործում Դատարանը նախ նշում է, որ դիմումատուի մինչդատական կալանքի տևողությունը փոքր-ինչ գերազանցել է չորս ամսյա ժամկետը՝ տևելով 2005 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2006 թվականի փետրվարի 15-ը, երբ Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել նրան ազատ արձակելու մասին: Այսպիսով, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դիմումատուի բողոքը վերաբերում է մինչդատական կալանքի համեմատաբար կարճ ժամանակահատվածին: Դատարանը նաև նշում է, որ ոչինչ թույլ չի տալիս ենթադրել, որ դիմումատուի կալանավորումը հիմնված չի եղել հիմնավոր կասկածի վրա: Ավելին, չի կարելի ասել, թե ներպետական դատարաններն ակնհայտորեն չեն ներկայացրել դիմումատուի կալանքը հիմնավորող որևէ այլ հիմք (մասնավորապես, տե՛ս վերևում հիշատակված 38-րդ պարբերությունը): Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր գործոնները՝ Դատարանը եզրակացնում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտման հատկանիշներ առկա չեն:
108. Դրանից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և պետք է մերժվի Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
III. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈԻՄԸ
109. Դիմումատուն բողոքել է, որ Վճռաբեկ դատարանը մերժել է քննության առնել դիմումատուի՝ 2005 թվականի նոյեմբերի 8-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետը, որը շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«4. Յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իր կալանավորման օրինականությունը, որի կապակցությամբ դատարանն անհապաղ որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե կալանավորումն անօրինական է»:
Ա. Կողմերի փաստարկները
110. Կառավարությունը փաստել է, որ դիմումատուն չի օգտվել իր կալանավորմանը վերաբերող մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումները վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունքից: Այդպիսի որոշումները բողոքարկելու իրավունքը սահմանված է ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ մասով և 288-րդ հոդվածի 1-ին մասով, որոնցով նախատեսվում է Վերաքննիչ դատարան վերաքննիչ բողոք ներկայացնելու հնարավորությունը: Դիմումատուն արդյունավետորեն օգտվել է այս իրավունքից: Սահմանադրության մեջ 2005 թվականի դեկտեմբերի 6-ին կատարված փոփոխությունները հանգեցրել են Վճռաբեկ դատարանի կարգավիճակի փոփոխություններին, որի դերը, 92-րդ հոդվածի համաձայն, պետք է սահմանափակվեր օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու պարտավորությամբ: Հետևաբար, 2005 թվականի դեկտեմբերի 8-ին Դատարանների նախագահների խորհուրդը՝ մարմին, որին վերապահված է ներպետական իրավունքի մասով խորհրդատվական և պարտադիր բնույթ չունեցող մեկնաբանություն ապահովելու լիազորությունը, ընդունել է Թիվ 83 որոշումը դատական պրակտիկան Սահմանադրության նոր դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:
111. Դիմումատուն փաստել է, որ խնդրո առարկա ժամանակահատվածում նրա՝ 2005 թվականի նոյեմբերի 8-ի վճռաբեկ բողոքը պետք է քննվեր գործի նյութերը ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Վճռաբեկ դատարանը նյութերը ստացել է 2005 թվականի նոյեմբերի 10-ին, ուստիև դիմումատուի վճռաբեկ բողոքը պետք է քննվեր ամենաուշը 2005 թվականի նոյեմբերի 14-ին: Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը միտումնավոր ձգձգել է վճռաբեկ բողոքի քննությունը մինչև Դատարանների նախագահների խորհրդի կողմից 2005 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման ընդունումը՝ դիմումատուի վճռաբեկ բողոքը վերադարձնելու նպատակով: Խնդրո առարկա ժամանակահատվածում, հաստատված պրակտիկայի համաձայն, Վճռաբեկ դատարանը պարտավոր է եղել քննել դիմումատուի վճռաբեկ բողոքը, և տվյալ բողոքը չքննելը հանգեցրել է 5-րդ հոդվածի 4-րդ կետի խախտման:
Բ. Դատարանի գնահատականը
112. Դատարանը վերահաստատում է, որ 5-րդ հոդվածի 4-րդ կետը Պայմանավորվող պետություններին չի պարտավորեցնում սահմանել՝ կալանքի օրինականությունը քննության առնելու և ազատ արձակելու վերաբերյալ դիմումները քննելու իրավազորությամբ օժտված երկրորդ ատյանի մարմին: Այնուամենայնիվ, այդպիսի համակարգ սահմանող պետությունը սկզբունքորեն պետք է կալանավորվածներին ապահովի բողոքարկման այն նույն երաշխիքներով, որոնք գործում են համայնքային դատարաններում (տե՛ս Տոթն ընդդեմ Ավստրիայի [Toth v. Austria], 1991 թվականի դեկտեմբերի 12, § 84, շարք Ա թիվ 224): Ավելին, չնայած Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետով չի երաշխավորվում կալանքի օրինականության մասին որոշումները բողոքարկելու իրավունքը, այնուամենայնիվ, այս դրույթի նպատակներից բխում է, որ Վերաքննիչ դատարանները պետք է պահպանեն դրա պահանջները, եթե բողոքարկվում է կալանքի օրինականության մասին որոշումը (տե՛ս Ռութենն ընդդեմ Նիդեռլանդների [Rutten v. the Netherlands], թիվ 32605/96, § 53, 2001 թվականի հուլիսի 24):
113. Դատարանը նշում է, որ սույն գործում առաջին հարցը, որին պետք է անդրադառնալ, այն է, թե արդյոք դիմումատուն ներպետական օրենսդրության շրջանակներում օգտվել է՝ նախաքննության ընթացքում իր կալանքի ժամկետը երկարաձգելու նպատակով առաջին դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկելու իրավունքից: Ներպետական օրենսդրության համապատասխան դրույթներից իրապես պարզ է դառնում, որ ՔԴՕ-ի 137-րդ հոդվածի 5-րդ և 288-րդ հոդվածի 1-ին մասերը, որոնցով կարգավորվում է այդ հարցը, ուղղակիորեն սահմանում են միայն Վերաքննիչ դատարան բողոքարկելու իրավունքը և ոչինչ չեն նախատեսում Վճռաբեկ դատարանի մասով (տե՛ս վերևում հիշատակված՝ 60-րդ և 64-րդ պարբերությունները): Նույնը բխում է Դատարանների նախագահների խորհրդի 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 20 որոշումից, որը սահմանում է, որ Վճռաբեկ դատարան բողոքարկելու ընթացակարգը չի կարգավորվում ՔԴՕ-ով, և նշվում է, որ այդպիսի բողոքները, այնուամենայնիվ, պետք է քննվեն (տե՛ս վերևում հիշատակված՝ 71-րդ պարբերությունը): Այսպիսով, չի կարելի ասել, թե դիմումատուն ակնհայտորեն օգտվել է քննարկվող ժամանակահատվածում կալանքի վերաբերյալ մինչդատական վարույթի ընթացքում կայացված որոշումները Վճռաբեկ դատարանում բողոքարկելու իրավունքից:
114. Ճշմարիտ է, որ նախքան 2005 թվականի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները, նման իրավունք, եթե ոչ օրենքով, ապա պրակտիկայում առկա է եղել: Այս պրակտիկան, այնուամենայնիվ, վերացել է այդ փոփոխություններից հետո, որոնցով, inter alia, վերաձևակերպվել է Վճռաբեկ դատարանի կարգավիճակը, և դրա դերը սահմանափակվել է օրենքի միատեսակ կիրառությունն ապահովելու պարտավորությամբ (տե՛ս վերոնշյալ 72-րդ և 73-րդ պարբերությունները): Դիմումատուն վճռաբեկ բողոք է ներկայացրել 2005 թվականի նոյեմբերի 18-ին, այսինքն՝ երբ այս պրակտիկան դեռևս կիրառելի է եղել, և բողոքը դեռևս քննության փուլում է եղել, իսկ 2005 թվականի դեկտեմբերի 8-ին կայացվել է այս պրակտիկայի կիրառումը դադարեցնելու մասին որոշումը: Այնուամենայնիվ, Դատարանը համարում է, որ այն փաստը, որ Վճռաբեկ դատարանը նոր մոտեցում է կիրառել դիմումատուի՝ քննության փուլում գտնվող բողոքի նկատմամբ, խնդիր չի առաջացնում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ կետի իմաստով (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Բրուալա Գոմես դը լա Տոռեն ընդդեմ Իսպանիայի [Brualla Gomez de la Torre v. Spain], 1997 թվականի դեկտեմբերի 19, §§ 32-39, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-VIII):
115. Այստեղից հետևում է, որ գանգատի այս մասն ակնհայտ անհիմն է և ենթակա է մերժման՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
IV. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 5-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
116. Դիմումատուն բողոքել է, որ նա չի օգտվել ոչ նյութական վնասի փոխհատուցման կենսագործելի իրավունքից: Նա վկայակոչել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետը, որը շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«5. «Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն սույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:
Ընդունելիությունը
117. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի սպառել իրավական պաշտպանության ներպետական միջոցները, քանի որ որևէ ներպետական մարմնում երբևէ չի բարձրացրել փոխհատուցման՝ ներառյալ ոչ նյութական վնասի փոխհատուցման հարց՝ 5-րդ հոդվածի ենթադրյալ խախտման առումով:
118. Դիմումատուն պնդել է, որ Կառավարությունն իրավական պաշտպանության արդյունավետ որևէ միջոց չի մատնանշել: Նա պնդել է, որ ներպետական իրավունքում փոխհատուցման կենսագործելի իրավունքի բացակայության պայմաններում առկա չեն եղել իրավական պաշտպանության այնպիսի միջոցներ, որոնք հնարավոր կլիներ սպառել:
119. Դատարանը անհրաժեշտ չի համարում քննության առնել այս առարկությունը, քանի որ այս բողոքը, ամեն դեպքում, ընդունելի չէ հետևյալ պատճառներով:
120. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված փոխհատուցման իրավունքը ենթադրում է, որ այդ հոդվածի մյուս կետերից մեկի խախտման հանգամանքը հաստատվել է կամ ներպետական մարմնի, կամ Կոնվենցիայով նախատեսված հաստատությունների կողմից (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Ն.Ս.-ն ընդդեմ Իտալիայի [ՄՊ] [N.C. y. Italy [GC]], թիվ 24952/94, § 49, ՄԻԵԴ 2002-X): Սույն գործում ո՛չ ներպետական դատարանները, ո՛չ էլ Դատարանը չեն հաստատել նման խախտում կատարած լինելու հանգամանքը: Այդպիսի հանգամանքներում դիմումատուն չի կարող պնդել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի ենթադրյալ խախտման զոհ է դարձել:
121. Հետևաբար, գանգատի այս մասը ratione personae հիմքով անհամատեղելի է և ենթակա է մերժման՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն:
V. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ
122. Դիմումատուն բողոքել է, որ իր դեմ իրականացվող քրեական վարույթի տևողությունը եղել է ի խախտումն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված «ողջամիտ ժամկետի» պահանջի, որն այնքանով, որքանով վերաբերելի է, շարադրված է հետևյալ խմբագրությամբ.
«Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են... իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը, ունի ...տրիբունալի կողմից ողջամիտ ժամկետում ... լսումների իրավունք:»:
Ա. Ընդունելիությունը
123. Դատարանը նշում է, որ այս բողոքն ակնհայտ անհիմն չէ՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով: Դատարանն այնուհետև նշում է, որ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար, այն պետք է հայտարարվի ընդունելի:
Բ. Ըստ էության քննությունը
1. Կողմերի փաստարկները
124. Կառավարությունը պնդել է, որ Դատարանի նախադեպային իրավունքով կոնկրետ ժամկետներ սահմանված չեն, և վարույթի տևողության ողջամտությունը պայմանավորված է գործի կոնկրետ հանգամանքներով: Դիմումատուի գործում քննիչի՝ 2006 թվականի օգոստոսի 10-ի որոշման մեջ նշված հանգամանքների ուժով հնարավոր չի եղել քրեական վարույթը դադարեցնել՝ ելնելով պատշաճ քննության նկատառումներից:
125. Դիմումատուն պնդել է, որ, 2006 թվականի օգոստոսի 10-ից հաշվված, նախաքննության մարմնի կողմից որևէ գործողություն չի իրականացվել: Ավելին, քրեական վարույթ հարուցելու, այն է՝ 2005 թվականի հունիսի 10-ի, և վարույթը կասեցնելու, այն է՝ 2006 թվականի օգոստոսի 10-ի, միջև ընկած ժամանակահատվածում գործի քննությունը զգալիորեն ձգձգվել է: Դիմումատուի դեմ հարուցված քրեական գործը տևել է հինգ տարուց ավելի, և անորոշ է եղել, թե այն երբ կավարտվի, եթե առհասարակ պիտի ավարտվեր: Դիմումատուն պնդել է, որ համապատասխան մարմինները ցանկացել են ոչ թե դադարեցնել իր դեմ հարուցված գործը, այլ այն օգտագործել որպես ճնշման միջոց՝ կապված դիմումատուի՝ որպես մարդու իրավունքների ոլորտում փաստաբանի գործունեության զգայուն հարցի հետ:
2. Դատարանի գնահատականը
126. Դատարանը վերահաստատում է, որ քրեական վարույթի տևողությունը որոշելիս հաշվի առնվող ժամանակահատվածը սկսվում է այն օրվանից, երբ անձին «մեղադրանք է առաջադրվում»՝ այդ եզրույթի անկախ և նյութաիրավական իմաստով (տե՛ս, ի թիվս այլ վճիռների, Կորիգլիանոն ընդդեմ Իտալիայի [Corigliano v. Italy], 1982 թվականի դեկտեմբերի 10, § 34, շարք Ա թիվ 57, և Դեվիրն ընդդեմ Բելգիայի [Deweer v. Belgium], 1980 թվականի փետրվարի 27, §§ 42, 44 և 46, շարք Ա թիվ 35), այն է՝ ձերբակալման օրվանից, երբ տվյալ անձը պաշտոնապես ծանուցվում է իրեն հետապնդելու մասին, կամ նախնական քննության մեկնարկի օրվանից (տե՛ս Վեմհոֆն ընդդեմ Գերմանիայի [Wemhoff v. Germany],1968 թվականի հունիսի 27, § 19, շարք Ա թիվ 7; Նյումեստերն ընդդեմ Ավստրիայի [Neumeister v. Austria],1968 թվականի հունիսի 27, § 18, շարք Ա թիվ 8, և Ռինգեսենն ընդդեմ Ավստրիայի [Ringeisen v. Austria], 1971 թվականի հուլիսի 16, § 110, շարք Ա թիվ 13): Այն ավարտվում է այն օրը, երբ մեղքի առկայությունը վերջնականապես հաստատվում է կամ վարույթը կարճվում է (տե՛ս Կալաշնիկովն ընդդեմ Ռուսաստանի [Kalashnikov v. Russia], թիվ 47095/99, § 124, ՄԻԵԴ 2002-VI):
127. Վարույթի տևողության ողջամտությունը գնահատվում է գործի առանձին փաստական հանգամանքների լույսի ներքո՝ հաշվի առնելով Դատարանի նախադեպային իրավունքով սահմանված չափանիշները, մասնավորապես՝ գործի բարդությունը, դիմումատուի վարքագիծն ու իրավասու մարմինների վարքագիծը, ինչպես նաև դիմումատուի համար ռիսկի գործոնը (տե՛ս, ի թիվս շատ այլ վճիռների, Պելիսիերը և Սասսին ընդդեմ Ֆրանսիայի [ՄՊ] [Pelissier and Sassi v. France [GC]], թիվ 25444/94, § 67, ՄԻԵԴ 1999-II, և Կոմինգերսոլն Ս.Ա.-ն ընդդեմ Պորտուգալիայի [ՄՊ] [Comingersoll S.A. v. Portugal [GC]], թիվ 35382/97, § 19, ՄԻԵԴ 2000-IV):
128. Սույն գործում դիմումատուի դեմ քրեական վարույթը հարուցվել է 2005 թվականի հունիսի 10-ին: Նույնիսկ այն պայմաններում, երբ այդ պահից սկսած մինչև 2005 թվականի հոկտեմբերի 7-ին իրեն ձերբակալելը, դիմումատուն պաշտոնապես ներգրավված է եղել գործում որպես վկա, տվյալ որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ դիմումատուն քրեական գործում արդեն հանդես է եկել կասկածյալի կարգավիճակում: Հետևաբար, դիտարկման ենթակա ժամանակահատվածը սկսվում է 2005 թվականի հունիսի 10-ին: Դատարանը նշում է, որ վարույթը կասեցվել է 2006 թվականի օգոստոսի 10-ին և դեռևս քննության փուլում է եղել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին՝ այն օրը, երբ սույն գործով ներկայացվել է Կառավարության վերջին առարկությունը: Դատարանի մոտ առկա չէ որևէ նյութ, որը թույլ կտա ենթադրել, որ դիմումատուի դեմ հարուցված վարույթը, ըստ էության, երբևէ ավարտվել է: Այսպիսով, Դատարանը կարող է վստահաբար ասել, որ այդ պահի դրությամբ տվյալ վարույթն ընթացքի մեջ է եղել առնվազն հինգ տարի և երեք ամիս և հավանաբար ևս յոթ տարի դեռևս քննության փուլում է եղել:
129. Դատարանը համարում է, որ դիմումատուի համար ռիսկի գործոնի աստիճանը մեծ է եղել, քանի որ նա երկարատև ժամանակահատվածում տառապել է իր ապագայի մասին անորոշության զգացումից՝ հաշվի առնելով, որ նրան սպառնացել է քրեական գործով դատապարտում: Այս առումով Դատարանը վերահաստատում է, որ քրեական վարույթում մեղադրյալն իրավունք ունի պահանջելու, որ իր գործի քննությունն անցկացվի հատուկ զգուշավորությամբ, և որ քրեական գործերով 6-րդ հոդվածը կոչված է ապահովելու, որ մեղադրյալը գործի ելքի մասով չափազանց երկար չգտնվի անորոշ իրավիճակում (տե՛ս Նախմանովիչն ընդդեմ Ռուսաստանի [Nakhmanovich v. Russia],թիվ 55669/00, § 89, 2006 թվականի մարտի 2, և Հաջիբեյլին ընդդեմ Ադրբեջանի [Hajibeyli v. Azerbaijan], թիվ 16528/05, § 51, 2008 թվականի հուլիսի 10):
130. Ավելին, Դատարանի մոտ առկա չէ որևէ նյութ, որը թույլ կտա ենթադրել, որ գործն ունեցել է առանձնակի բարդություն: Այն փաստը, որ գործով առկա են եղել երեք մեղադրյալներ, ինքնին բավարար չէ այդպիսի ենթադրություն անելու համար: Կառավարությունը նույնպես չի պնդել, որ այդ գործով որոշում կայացնելը առանձնապես բարդ է եղել: Ամեն դեպքում, Դատարանն այն կարծիքին է, որ առնվազն հինգ տարի և երեք ամիս տևողությամբ ժամանակահատվածը, որի ընթացքում գործը մնացել է նախաքննության փուլում, չի կարող բացատրվել բացառապես գործի բարդությամբ:
131. Դատարանը նաև նշում է, որ պարզ չէ, թե արդյո՞ք 2005 թվականի հոկտեմբերի 10-ի և 2006 թվականի օգոստոսի 10-ի՝ վարույթի կասեցման օրվա միջև ընկած ժամանակահատվածում կատարվել է որևէ քննչական գործողություն: Ավելին, գործի նյութերում ոչինչ թույլ չի տալիս ենթադրել, որ վարույթը կասեցնելուց հետո, այսինքն՝ առնվազն չորս տարվա ընթացքում իրականացվել է որևէ քննչական գործողություն: Կառավարությունը որևէ տեղեկություն չի տրամադրել այն մասին, թե արդյոք մեղադրող կողմը ձեռնարկել է որևէ միջոց անհայտ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ՝ այդպիսի վարույթի շարունակական կասեցման հիմքը վերացնելու նպատակով:
132. Վերոշարադրյալ նկատառումները բավարար են՝ Դատարանի կողմից այնպիսի եզրահանգման գալու համար, որ վարույթի տևողությունը եղել է չափազանց երկար և չի բավարարել «ողջամիտ ժամկետի» պահանջը:
133. Համապատասխանաբար, տեղի է ունեցել 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:
VI. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄՅՈՒՍ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
134. Դիմումատուն ներկայացրել է նաև մի շարք այլ բողոքներ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերի և 10-րդ հոդվածի մասով:
135. Հաշվի առնելով իր տրամադրության տակ առկա բոլոր նյութերը, և այնքանով, որքանով այդ բողոքներն իր իրավասության շրջանակներում են, Դատարանը գտնում է, որ դրանցով չի բացահայտվում Կոնվենցիայով սահմանված իրավունքների և ազատությունների խախտման որևէ հատկանիշ: Հետևաբար, գանգատի այս մասը պետք է մերժվի ակնհայտ անհիմն լինելու հիմքով՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն:
VII. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ
136. Կոնվենցիայի 41-րդ հոդվածով նախատեսվում է՝
«Եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել»:
11. Վնասը
137. Դիմումատուն պահանջել է 128 400 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
138. Կառավարությունն առարկել է այդ պահանջի դեմ:
139. Դատարանը գտնում է, որ դիմումատուն, անկասկած, կրել է ոչ նյութական վնաս սույն վճռով ճանաչված Կոնվենցիայի խախտման առումով: Առաջնորդվելով արդարության սկզբունքով՝ Դատարանը դիմումատուին շնորհում է 2 500 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում:
Բ. Ծախսերը և ծախքերը
140. Դիմումատուն ծախսերի և ծախքերի մասով պահանջ չի ներկայացրել:
Գ. Չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը
141. Դատարանը գտնում է, որ չկատարման դեպքում հաշվարկվող տոկոսադրույքը պետք է հիմնված լինի Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի վրա, որին պետք է գումարվի երեք տոկոսային կետ:
ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ՝
1. Հայտարարում է, ձայների մեծամասնությամբ, 2005 թվականի հոկտեմբերի 10-ի՝ ժամը 21:50-ի, և 2005 թվականի հոկտեմբերի 11-ի՝ ժամը 05:05-ի, միջև ընկած ժամանակահատվածում ազատությունից զրկված լինելու օրինականության և վարույթի տևողության վերաբերյալ՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի և 6-րդ հոդվածի 1-ին կետի մասով բողոքներն ընդունելի, իսկ գանգատը մնացած մասով՝ անընդունելի.
2. Վճռում է, հինգը երկուսի ձայների հարաբերակցությամբ, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել.
3. Միաձայն վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում.
4. Միաձայն վճռում է, որ՝
ա) պատասխանող պետությունը վճիռը, Կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան, վերջնական դառնալու օրվանից երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին որպես ոչ նյութական վնասի հատուցում վճարի 2 500 եվրո (երկու հազար հինգ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով.
բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարների նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.
5. Միաձայն մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2012 թվականի հուլիսի 10-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի:
Մարիալենա Ցիրլի Քարտուղար |
Ջուսեփ Կասադևայ Նախագահ |
Կոնվենցիայի 45-րդ հոդվածի 2-րդ կետին և Դատարանի կանոնակարգի 74-րդ կանոնի 2-րդ կետին համապատասխան՝ այս վճռին կից ներկայացվում է դատավորներ Ժ. Սիկուտայի և Ն. Ցոցորիայի համատեղ առանձին կարծիքը:
Ջ. Կ. Մ.
Մ. Ց.
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԻԿՈՒՏԱՅԻ ԵՎ ՑՈՑՈՐԻԱՅԻ ՀԱՄԱՏԵՂ ՉՀԱՄԸՆԿՆՈՂ ԿԱՐԾԻՔԸ
Ցավում ենք, որ մենք չենք կարող համաձայնել մեծամասնության հետ այն հարցում, թե Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում տեղի չի ունեցել, հետևյալ պատճառներով.
Սույն գործով Դատարանը կոչված էր պատասխանելու երկու հարցերի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անհրաժեշտ վերլուծություն իրականացնելու համար.
1. Դիմումատուն զրկվե՞լ է ազատությունից, թե՝ ոչ:
2. Եթե այո, ապա ազատությունից զրկելը եղե՞լ է օրինական, այսինքն՝ այն հիմնվա՞ծ է եղել հստակ սահմանված և կանխատեսելի իրավական դրույթների վրա:
Քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 129-րդ և 130-րդ հոդվածների համաձայն՝ անձին կարելի է ձերբակալել. 1) հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա. կամ 2) քրեական հետապնդման մարմնի որոշման հիման վրա: Երկու դեպքում էլ ձերբակալման ժամանակահատվածը չպետք է գերազանցի 72 ժամը՝ անձին արգելանքի վերցնելու պահից:
ՔԴՕ-ի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ձերբակալվածը ենթակա է ազատման, եթե լրացել է ձերբակալման՝ այս օրենսգրքով սահմանված առավելագույն ժամկետը, և դատարանը մեղադրյալին կալանավորելու մասին որոշում չի կայացրել:
ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով նախատեսվում է, որ մեղադրյալը պարտավոր է մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը: 73-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն պաշտպանի նկատմամբ սահմանված է միևնույն պարտավորությունը:
Կարևոր է կրկին նշել, որ կալանավորումը պետք է լինի օրինական: 5-րդ հոդվածի 1-ին կետում առկա «օրինական» և «օրենքով սահմանված կարգով» արտահայտությունները, ըստ էության, վկայակոչում են ներպետական իրավունքը և ամրագրում են դրա նյութաիրավական ու դատավարական կանոնները պահպանելու պարտավորությունը: Ավելին, անձին ազատությունից զրկող ցանկացած միջոց պետք է համապատասխանի 5-րդ հոդվածի նպատակին, մասնավորապես՝ անձին կամայականությունից պաշտպանելուն (տե՛ս Վինթերվերպն ընդդեմ Նիդերլանդների [Winterwerp v. the Netherlands], 1979 թվականի հոկտեմբերի 24, § 39, շարք Ա թիվ 33, և Լուկանովն ընդդեմ Բուլղարիայի [Lukanov v. Bulgaria],1997 թվականի մարտի 20, § 41, Վճիռների և որոշումների մասին զեկույցներ 1997-II):
Ազատությունից զրկելու հարցը քննարկելիս հատկապես կարևոր է, որ պահպանվի իրավական որոշակիության ընդհանուր սկզբունքը: Հետևաբար, էապես կարևոր է, որ ներպետական իրավունքով ճշգրիտ կերպով սահմանված լինեն ազատությունից զրկելու պայմանները, և օրենքն ինքնին կանխատեսելի լինի կիրառության առումով, որպեսզի համապատասխանի Կոնվենցիայով սահմանված «օրինականության» չափորոշչին, համաձայն որի պահանջվում է, որ ցանկացած օրենք լինի բավարար չափով ճշգրիտ, որպեսզի ցանկացած անձ, անհրաժեշտության դեպքում համապատասխան խորհրդատվությամբ, հնարավորություն ունենա կանխատեսելու համապատասխան գործողության հավանական հետևանքներն այնքանով, որքանով դա ողջամտորեն հնարավոր է տվյալ հանգամանքներում (տե՛ս Սթիլը և այլք ընդդեմ Միացյալ Թագավորության [Steel and Others y. the United Kingdom], 1998 թվականի սեպտեմբերի 23, § 54, Զեկույցներ 1998-VII):
Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ նշվել է, որ դիմումատուն պաշտոնապես ձերբակալվել է 2005 թվականի հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21:50-ին: Ներպետական իրավունքի համաձայն ձերբակալումը չի կարող տևել 72 ժամից ավելի, և ձերբակալվածը պետք է ազատ արձակվի, եթե լրացել է այդ առավելագույն ժամկետը, և դատարանը նրան կալանավորելու մասին որոշում չի կայացրել (ՔԴՕ-ի 129-րդ հոդվածի 2-րդ մաս և 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ): 2005 թվականի հոկտեմբերի 10-ին՝ մոտավորապես ժամը 20:20-ին, դիմումատուի կարճաժամկետ ձերբակալման ժամկետը լրանալուց մեկուկես ժամ առաջ, դիմումատուին ներկայացրել են դատավորի մոտ, որը կոչված է եղել որոշելու նրա կալանավորման հարցը: Այս դատական նիստը տևել է մինչև հաջորդ օրն առավոտյան ժամը 05:05-ը, երբ դատավորը որոշել է բավարարել քննիչի միջնորդությունը և կալանավորել դիմումատուին:
Կողմերը համաձայնել են, որ դիմումատուին չի թույլատրվել ազատ տեղաշարժվել դատական նիստի ընդմիջումների ժամանակ՝ նույնիսկ 2005 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 21:50-ից հետո, երբ նա տեսականորեն ազատության մեջ է գտնվել: Կառավարությունը ձգտել է արդարացնել այդ իրավիճակը՝ հղում կատարելով ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետին, որով սահմանվում է, որ մեղադրյալը պարտավոր է մինչև ընդմիջում հայտարարելն առանց նախագահողի թույլտվության չլքել դատական նիստերի դահլիճը, ինչպես նաև պնդել է, որ դիմումատուն այդ ժամանակահատվածում ազատությունից զրկված չի եղել:
Այնուամենայնիվ, մենք չենք կարող համաձայնել Կառավարության փաստարկների հետ: Դրանցում տարբերակում է կատարվում մեղադրյալի՝ որոշակի գործողություններ կատարելու՝ այս դեպքում դատական նիստին ներկա գտնվելու պարտավորության, և անձի ազատությունը ֆիզիկապես սահմանափակելու միջև: Այս գործում, ոստիկանության չորս ծառայողներ դիմումատուին ֆիզիկապես թույլ չեն տվել լքել որոշակի սահմանափակ տարածք՝ չնայած այն հանգամանքին, որ դատական նիստի մյուս մասնակիցներին թույլատրվել է ազատորեն տեղաշարժվել ընդմիջումների ժամանակ, և այն հանգամանքին, որ ըստ ներպետական իրավունքի նա այլևս ձերբակալված չի եղել և դեռևս կալանավորված էլ չի եղել: Հետևաբար մենք եզրակացնում ենք, որ դիմումատուն զրկված է եղել ազատությունից դատական նիստի ընթացքում 2005 թվականի հոկտեմբերի 10-ի ժամը 21:50-ից, մինչև 2005 թվականի հոկտեմբերի 11-ի ժամը 05:05-ը: Մնում է որոշել, թե արդյոք ազատությունից զրկելու այս դեպքն իրավական հիմք է ունեցել:
Կառավարությունը հիմնվել է ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի վրա: Այնուամենայնիվ, այդ հոդվածում ոչինչ ուղղակիորեն թույլ չի տալիս սահմանափակել անձի ազատությունը: Ավելին, այդ հոդվածում խոսվում է դատական նիստերի դահլիճը չլքելու պահանջի մասին, մինչդեռ դիմումատուի գործում վերջինս այլևս չի գտնվել դատավորի՝ ակնհայտորեն որպես դատական նիստերի դահլիճ ծառայող աշխատասենյակում, երբ նրան թույլ չեն տվել ազատ տեղաշարժվել դատական նիստի ընդմիջումների ժամանակ: Ոչ պակաս կարևոր է նաև այն, որ չի կարելի անտեսել այն հանգամանքը, որ 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետով մեղադրյալին թույլատրվում է լքել դատական նիստերի դահլիճն ընդմիջման ժամանակ: Սա հստակորեն թույլ է տալիս ենթադրել, որ ավելի շատ այդ դրույթի նպատակն է ապահովել դատական նիստերի դահլիճում կարգուկանոնը և դատավարության բնականոն ընթացքը, քան ազատությունից զրկելու հետ կապված հարցերի հետ առնչվելը: ՔԴՕ-ի 73-րդ հոդվածի 5-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ միևնույն պարտավորությունը սահմանված է պաշտպանի նկատմամբ (տե՛ս վճռի 51-րդ պարբերությունը), մի փաստ, որով նույնպես հստակ մատնանշվում է, որ այս պահանջը ոչ մի առնչություն չունի ազատությունից զրկելու հետ կապված հարցերի հետ:
Մեղադրյալի հայեցողությանն է թողնված որոշելու՝ ազատության մեջ գտնվելու ընթացքում կատարել այդ պարտավորությունը, թե կրել հավանական պատժամիջոցներ: Այսպիսով, մենք եզրակացնում ենք, որ 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը չէր կարող ծառայել որպես վերոնշյալ ժամանակահատվածում դիմումատուին ազատությունից զրկելու բավականաչափ հստակ և կանխատեսելի իրավական հիմք:
Վերջապես, կարելի է ընդունել, որ դատական նիստերի որոշակի ձգձգումները պայմանավորված են եղել գործում ներգրավված փաստաբանների թվով և նրանց կողմից ներկայացված բազմաթիվ միջնորդություններով և առարկություններով: Այնուամենայնիվ, Կառավարությունը բացատրություն չի տրամադրել այն մասին, թե ինչու են դիմումատուին ներկայացրել դատավորի մոտ՝ ձերբակալման եռօրյա ժամկետը լրանալուց ընդամենը մեկ և կես ժամ առաջ: Գործի նյութերում ոչինչ հնարավորություն չի տալիս ենթադրելու, որ 2010 թվականի հոկտեմբերի 8-ի և դիմումատուին դատավորի մոտ ներկայացնելու պահի, այն է՝ 2010 թվականի հոկտեմբերի 10-ի, միջև ընկած ժամանակահատվածում իրականացվել է որևէ քննչական գործողություն: Այս առումով պետք է վերահաստատել, որ Պայմանավորվող պետությունների հայեցողությունն է իրենց իրավական համակարգը կազմակերպել այնպես, որ իրավապահ մարմինները կարողանան կատարել իրենց՝ ազատությունից չարդարացված ձևով զրկելուց (տվյալ գործում՝ 72 ժամը գերազանցող ժամկետով արգելանքից) խուսափելու պարտավորությունը (տե՛ս Շուխարդին ընդդեմ Ռուսաստանի [Shukhardin v. Russia],թիվ 65734/01, § 93, 2007 թվականի հունիսի 28, Մատյուշն ընդդեմ Ռուսաստանի [Matyush v. Russia], թիվ 14850/03, § 73, 2008 թվականի դեկտեմբերի 9, և Ասատրյանն ընդդեմ Հայաստանի [Asatryan v. Armenia],թիվ 24173/06, § 45, 2010 թվական փետրվարի 9): Այսպիսով, մեր կարծիքով, 2005 թվականի հոկտեմբերի 10-ի՝ ժամը 21:50-ի, և 2005 թվականի հոկտեմբերի 11-ի՝ ժամը 05:05-ի, միջև ընկած ժամանակահատվածում դիմումատուին ազատությունից զրկելը չի ունեցել պատշաճ իրավական հիմքեր:
Մեր համոզմամբ օրենքով սահմանված՝ ձերբակալման 72 ժամ տևողությամբ ժամանակահատվածը չպետք է որևէ հանգամանքներում երկարաձգվեր (տե՛ս Սոլաևն ընդդեմ Ադրբեջանի [Solayev v. Azerbaijan], թիվ 40900/05, §§ 44-48, 2010 թվականի նոյեմբերի 9, և Ֆարհադ Ալիևն ընդդեմ Ադրբեջանի [Farhad Aliyev v. Azerbaijan], թիվ 37138/06, §§ 166-169, 2010 թվականի նոյեմբերի 9), երբ դատարանը գտել էր, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, քանի որ դիմումատուի նախնական կալանքը գերազանցել է ներպետական իրավունքով թույլատրված առավելագույն 48 ժամը): Այն փաստը, որ դիմումատուին ներկայացրել են դատավորի մոտ 72 ժամվա ընթացքում, և դատական նիստի տևողությունը գերազանցել է 72 ժամը, մեր կարծիքով, չի փոխում այն ենթադրությունը, որ նա զրկված է եղել ազատությունից դատարանի տարածքում, քանի դեռ դատարանը որոշում է կայացրել խափանման միջոց կիրառելու մասին, և որ ազատությունից զրկելը օրինական չի եղել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի իմաստով: Կալանավորման առավելագույն ժամկետն օրենքով սահմանված և վերջնական լինելու դեպքում, կալանավորման համար պատասխանատու մարմինները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցներն՝ ապահովելու համար, որ թույլատրված ժամկետը չգերազանցվի (տե՛ս, Կ. -Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի [K.-F. v. Germany], 1997 թվականի նոյեմբերի 27, § 72, Զեկույցներ 1997-VII): Հետևաբար, նշանակություն չի ունեցել այն հանգամանքը, թե արդյոք այդ ձգձգումը վերագրելի է եղել դատավորին (տե՛ս վճռի 86-րդ պարբերությունը), քանի որ ՔԴՕ-ի 129-րդ և 130-րդ հոդվածների պահանջը պարզ է՝ ձերբակալման ժամկետը չպետք է գերազանցի 72 ժամը՝ հաշվված անձին արգելանքի տակ վերցնելու պահից: Ավելին, ՔԴՕ-ի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ ձերբակալվածը պետք է ազատ արձակվի, եթե Օրենսգրքով սահմանված ձերբակալման առավելագույն ժամկետը լրացել է (տե՛ս 55-րդ պարբերությունը):
Հետևաբար, ՔԴՕ-ի 65-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետը ցանկացած այնպիսի դրույթի բացակայության պայմաններում, որով կկարգավորվի այն առավելագույն ժամանակահատվածը, որի ընթացքում դատավորը պարտավոր է որոշում կայացնել կալանավորման կամ ազատ արձակելու վերաբերյալ, չի նախատեսել դիմումատուին ազատությունից զրկելու որևէ հստակ իրավական հիմք և նրան անորոշ իրավական դրության մեջ է դրել: Այնուամենայնիվ, հաշվի առնելով ՔԴՕ-ի 132-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պարզ և հստակ ձևակերպումը՝ դիմումատուն, դատարանի կողմից համապատասխան որոշման բացակայության պայմաններում, պետք է ազատ արձակվեր 72 ժամը լրանալուց հետո:Հաշվի առնելով 5-րդ հոդվածի շրջանակներում պաշտպանվող իրավունքների կարևորությունը՝ պահանջվում է, որ օրենսդրությամբ հստակ սահմանվի ժամկետ, որի ընթացքում դատավորները կլուծեն մինչդատական կալանավորման հարցը, որը չպետք է գերազանցի ձերբակալման մեջ գտնվելու առավելագույն ժամկետը՝ 72 ժամը՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտումից խուսափելու համար:Վերոնշյալ պատճառների հիման վրա մեզ այլ բան չի մնում, քան եզրակացնել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում: Սա հանգեցնում է նաև մեր այն համոզմունքին, որ 5-րդ հոդվածի 5-րդ կետի իմաստով բողոքը պետք է հայտարարվեր ընդունելի, և պետք է արձանագրվեր խախտում: