ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 ապրիլի 1994 թվականի N 193
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով տեղեկատվական և համակարգչային ցանցերի կարևորությունը Հայաստանի Հանրապետության արտաքին տնտեսական ու մշակութային կապերի զարգացման, բանկային համակարգի, նախարարությունների, պետական վարչությունների և գերատեսչությունների գործունեության բարելավման գործում և ընդունելով Հայաստանի Հանրապետության կապի նախարարության առաջարկությունը իր համակարգում տվյալների փոխանցման ազգային ցանցի ստեղծման և շահագործման մասին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1. Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական և համակարգչային ցանցերի ստեղծման և շահագործման աշխատանքների կոորդինացումը դնել Հայաստանի Հանրապետության կապի նախարարության վրա:
2. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու մասին» N 161 որոշմամբ հաստատված կարգի Հայաստանի Հանրապետության տարածքում պետական լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների N 2 ցանկի կապի նախարարության մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները լրացնել «տեղեկատվական և համակարգչային ցանցերի, այդ ոլորտում տեխնիկական և ծրագրային համակարգերի ստեղծում և շահագործում» տեսակներով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |