Գլխավոր տեղեկություն
Համար
N 605
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.10.1991-13.09.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
ՀՀ նախարարների խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
11.10.1991
Ստորագրող մարմին
ՀՀ նախարարների խորհրդի նախագահի պաշտոնակատար ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.10.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.10.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հոկտեմբերի 1991 թվականի N 605

քաղ. Երևան

 

ԽՍՀՄ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը որոշում է`

1. ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի` որպես Հայաստանի Հանրապետության տարածքում սոցիալական ապահովության ֆինանսների կառավարման տնտհաշվարկային, ինքնածախսածածկման և ինքնակառավարման հիմունքներով գործող պետական մարմնի և ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի Հայաստանի հանրապետական բաժանմունքի լիիրավ իրավահաջորդի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդի կանոնադրությունը (կցվում է):

3. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդը ինքնուրույն ֆինանսաբանկային համակարգ է, որի դրամական միջոցները չեն մտնում հանրապետության պետական բյուջե:

4. Կենսաթոշակային ֆոնդն ազատել ֆինանսահաշվարկային գործառնությունների համար նախատեսված բանկային մարմիններ մուծվող վճարներից:

5. Պետական բյուջեի հետ կենսաթոշակային ֆոնդի փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ:

Ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից իրենց տրամադրության տակ մնացող շահույթի հաշվին կենսաթոշակային ֆոնդին փոխանցված գումարները դիտվում են որպես բարեգործական նպատակներով կատարված ծախսեր:

6. Սահմանել, որ կենսաթոշակային ֆոնդի կառուցվածքը, կենտրոնական և տեղական մարմինների ապարատների աշխատողների թվաքանակը, ծախսերի նախահաշիվը, աշխատանքի վարձատրության կարգը հաստատում է ֆոնդի նախագահությունը: Կենսաթոշակային ֆոնդի նախագահությանը թույլատրել ստացված եկամուտների մինչև 0,5 տոկոսը օգտագործել համակարգի ծառայությունների պահպանման և զարգացման համար:

7. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Մինիստրների խորհրդի և Արհեստակցական միությունների հայկական հանրապետական խորհրդի 1990 թվականի նոյեմբերի 28-ի «ԽՍՀՄ կենսաթոշակային ֆոնդի հայկական հանրապետական բաժանմունքի կազմակերպման մասին» N 550 որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի նախագահԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴի ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Հ. ՀԱԿՈԲՅԱՆ