ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
1949 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 1-ԻՆ ԺՆԵՎՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ` ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ` ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ ԹԻՎ 97 ՎԵՐԱՆԱՅՎԱԾ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Քաղ. Երևան |
8 հուլիսի 2005 թ. |
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,
մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետ Գ. Եգանյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,
դռնբաց նիստում քննեց «1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ընդունված` Աշխատանքի միջազգային կազմակերպության` Զբաղվածության համար միգրացիայի մասին թիվ 97 վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:
Լսելով սույն գործով զեկուցողի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցչի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
1. Քննության առարկա կոնվենցիան ընդունվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից 1949 թվականի հուլիսի 1-ին` Ժնևում:
Կոնվենցիայի նպատակը «Զբաղվածության համար միգրացիայի մասին» 1939 թվականի կոնվենցիայի վերանայումը, միգրանտ աշխատողներին աջակցելը և, մասնավորապես, նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար անվճար ծառայության ստեղծումն է:
Կոնվենցիան բաղկացած է երեք հավելվածներից. «Հավելված 1. Կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների մասին համաձայնությունների շրջանցմամբ հավաքագրված միգրանտ աշխատողների հավաքագրումը, աշխատանքի տեղավորումը և աշխատանքային պայմանները», «Հավելված 2. Կառավարության հովանավորությամբ կնքվող խմբային տեղափոխությունների մասին համաձայնությունների շրջանակներում հավաքագրված միգրանտ աշխատողների հավաքագրումը, աշխատանքի տեղավորումը և աշխատանքային պայմանները», «Հավելված 3. Միգրանտ աշխատողների անձնական ունեցվածքի, աշխատանքային գործիքների և սարքավորումների ներկրումը»:
2. Կոնվենցիայի 15 հոդվածի 1-ին կետին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի վերաբերյալ արել է հայտարարություն, որի համաձայն. «Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կիրառել Կոնվենցիայի և դրա բոլոր Հավելվածների դրույթները առանց փոփոխությունների Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»:
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ կոնվենցիայի 15 հոդվածի 2-րդ կետի ուժով կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայտարարության մեջ նշված պարտականությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը:
3. Կոնվենցիայի 11 հոդվածի դրույթներին համապատասխան կոնվենցիան տարածվում է այն անձանց վրա, որոնք գաղթում են մի երկրից մեկ այլ երկիր` զբաղվածության նպատակով, ինչպես նաև այն անձանց վրա, որոնք օրինականորեն համարվում են միգրանտ աշխատողներ:
4. Քննության առարկա կոնվենցիայով Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ պետություններն ստանձնում են, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
- աջակցել միգրանտ աշխատողներին և, մասնավորապես, նրանց ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու համար ստեղծել համապատասխան և անվճար ծառայություն,
- ներպետական նորմատիվ ակտերի թույլատրելի սահմաններում ձեռնարկել արտագաղթի և ներգաղթի վերաբերյալ ապակողմնորոշիչ քարոզչության դեմ ուղղված բոլոր համապատասխան քայլերը,
- իրենց իրավասության սահմաններում ստեղծել բժշկական համապատասխան ծառայություններ, որոնք պատասխանատու են անհրաժեշտության դեպքում` ինչպես մեկնելիս, այնպես էլ ժամանելիս միգրանտ աշխատողների և նրանց միանալու կամ ուղեկցելու թույլտվություն ստացած ընտանիքների անդամների առողջական վիճակի բավարար լինելը հաստատելու համար,
- առանց խտրականության, իրենց տարածքներում օրինականորեն գտնվող ներգաղթածներին տրամադրել իրենց քաղաքացիներին տրամադրվող վերաբերմունքից ոչ պակաս բարերար վերաբերմունք,
- մշտապես բնակվելու թույլտվություն ունեցող միգրանտ աշխատողին և նրան ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ունեցող` նրա ընտանիքի անդամներին հետ չուղարկել իրենց ծագման երկիր կամ այն երկիր, որտեղից նրանք արտագաղթել են, այն պատճառով, որ տվյալ միգրանտն ի վիճակի չէ շարունակելու իր աշխատանքը հիվանդության կամ իր ժամանումից հետո ստացած վնասվածքի պատճառով,
- պատասխանատվության ենթարկել գաղտնի կամ անօրինական ներգաղթին աջակցող անձանց,
- փախստական կամ տեղահանված անձ հանդիսացող միգրանտ աշխատողի` որևէ աշխատանքի համար ավելորդ դառնալու դեպքում երաշխավորել իրենց իրավասու իշխանությունների կողմից բոլոր ջանքերի գործադրումը` միգրանտին հարմար զբաղվածություն գտնելու, ինչպես նաև նրա ապրուստն ապահովելու համար` մինչև վերջինիս կողմից որևէ զբաղվածություն գտնելը կամ այլ վայր տեղափոխվելը,
- որպես ներգաղթի երկրներ` հավաքագրված միգրանտներին և նրանց ուղեկցելու կամ միանալու թույլտվություն ստացած ընտանիքների անդամներին պատկանող անձնական ունեցվածքը, ձեռքի շարժական գործիքները և շարժական այնպիսի սարքավորումները, որոնք սովորաբար օգտագործվում են աշխատողների հիմնական մասնագիտության համար, ազատել մաքսային տուրքերից:
5. Կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները բխում են «Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից և ՀՀ Սահմանադրությանը համապատասխան (4, 25, 29, 30, 31, 32, 33, 38, 39, 43 հոդվածներ) կոչված են ապահովելու պայմանավորվող պետությունների միջև հարաբերությունների զարգացումը` ՀՀ Սահմանադրության 9 հոդվածով նախատեսված արտաքին քաղաքականության սկզբունքներին համահունչ:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. 1949 թվականի հուլիսի 1-ին Ժնևում ընդունված` Աշխատանքի միջազգային կազմակերպության` Զբաղվածության համար միգրացիայի մասին թիվ 97 վերանայված կոնվենցիայում (կից հայտարարությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
|