ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 1994 թվականի N 319
քաղ. Երևան
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական վիճակի բարելավման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին, ձեռնարկություններին, հիմնարկներին, կազմակերպություններին (անկախ սեփականության ձևից և կազմակերպական-իրավական տեսակից)` ապահովել զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների աշխատունակ գործազուրկ անդամների աշխատանքի ընդունումը նախապատվության կարգով:
2. Սահմանել, որ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող 5 և ավելի տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող պայմանագրային զինծառայողների բնակելի տարածությունները հատկացվում են առաջնահերթության կարգով:
3. Պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներին` 2 և ավելի տարվա զինվորական ստաժ ունեցող պայմանագրային զինծառայողներին բնակելի տան շինարարության համար կամ տնամերձ հողամասերը հատկացնել արտահերթ:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 1994 թվականի ընդունելության քննությունների կանոնները հաստատելու մասին» N 271 որոշմամբ հաստատված կանոններում կատարել հետևյալ լրացումները`
ա) 6-րդ կետը «հաջորդականությամբ» բառից հետո լրացնել «իսկ միավորների գումարի, այդ թվում նաև բուհերի կողմից հաստատված հաջորդականությամբ առաջին առարկայի գնահատականի հավասարության դեպքում առավելությունը տրվում է սահմանված կարգով պահեստազոր արձակված ժամկետային զինծառայողներին` զորամասի հրամանատարության կողմից տրված դրական բնութագիր-երաշխավորագրի առկայության դեպքում» բառերով.
բ) 8-րդ կետի «ա» ենթակետը «հակացուցված չէ» բառերից հետո լրացնել «իսկ 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամ դարձած զինծառայողները ներկայացնում են նաև հրամանատարության կողմից տրված դրական բնութագիր-երաշխավորագիր» բառերը.
գ) 8-րդ կետի «բ» ենթակետը «տրված» բառից հետո լրացնել «դրական բնութագիր-երաշխավորագրի հիման վրա» բառերով և հանել «վկայականների» բառը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած, այդ պատճառով հաշմանդամ դարձած զինծառայողների և ազատամարտիկների, զոհվածների ընտանիքների սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների մասին» N 450 որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը «պարագաների» բառից հետո լրացնել «արտահերթ և» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 26-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակների նշանակման կարգի և նրանց սոցիալական ապահովության ու արտոնությունների մասին» N 277 որոշման 8-դ կետը «անհրաժեշտ» բառից հետո լրացնել «և արտահերթ» բառերով:
7. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական վարչության բարձրագույն ուսումնական հաստատությունների գիտական աստիճան ունեցող զինծառայողների վարձատրությունը կատարվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |