ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 դեկտեմբերի 1993 թվականի N 610
քաղ. Երևան
ՄԱՆՐԷՆԵՐԻ ԱՎԱՆԴԱԴՐՄԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1993 թվականի հուլիսի 20-ի «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման, և ելնելով հանրապետությունում գիտաարտադրական նշանակություն ունեցող մանրէների պահպանման և օգտագործման համար միասնական պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը` ստեղծել մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոն (ՄԱՀԿ)` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միկրոբիոլոգիայի ինստիտուտի մանրէների հավաքածուի և տվյալների բանկի հիման վրա:
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում գրանցել գիտական և արդյունաբերական նշանակություն ունեցող մանրէների շտամները:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությանը` մանրէների վերաբերյալ հայտերը քննարկման ընդունել միայն մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնում շտամների ավանդադրումից հետո:
4. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային, Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարարությանը`
ա) մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել հանրապետությունում մանրէների հավաքածուների գործունեությունը կարգավորող կանոնակարգը.
բ) մեկամսյա ժամկետում հաստատել մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի կանոնադրությունը:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնին գործունեության ապահովման համար, 1993 թվականին հատկացնել 4,8 մլն ռուբլի` 1993 թվականի հանրապետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Հ. ԲԱԳՐԱՏյան |
Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|