Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-71
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.11.1997-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՍԴՏ 1998/2
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.11.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.11.1997

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ԳԼԽԱՎՈՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ՆԱՎԹԻ ԵՎ ՆԱՎԹԱՄԹԵՐՔԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՎԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան

25 նոյեմբերի 1997 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարար Գ. Մարտիրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան` նշված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ:

Լսելով գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Հ. Նազարյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Գ. Մարտիրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագիրն ստորագրվել է 1996 թվականի ապրիլի 12-ին` Մոսկվայում, որի նպատակն է ապահովել համաձայնագրի մասնակից պետությունների միջև նավթի և նավթամթերքի ազատ տարանցման հնարավորությունը և այդ ուղղությամբ համաձայնեցված միջոցառումների իրականացումը:

Կողմերի գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցումն իրականացվելու է երկկողմ և բազմակողմ արձանագրություններին համապատասխան` տարանցման ծավալների և Ժամանակացույցերի համաձայնեցմամբ: Ըստ համաձայնագրի, նավթի տարանցման հաշվարկներն իրականացվելու են Կողմերի միջև համաձայնեցված սակագներով` Կողմերի տնտեսավորող սուբյեկտների միջև կնքված պայմանագրի հիման վրա: Վթարային իրավիճակներ առաջանալու դեպքում Կողմերը պարտավորվում են հետևանքների վերացման գործում միմյանց օգնություն ցուցաբերել:

Համաձայնագիրը պարունակում է նաև դրույթներ` համաձայնագրի դրույթների մեկնաբանման և կիրառման վերաբերյալ առաջացած վեճերի լուծման, համաձայնագրին միանալու և դրանից դուրս գալու կարգի մասին:

Հայաստանի Հանրապետության կառավարության անունից համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության վարչապետն ստորագրել է վերապահումով, որը վերաբերում է համաձայնագրի ստորագրման պահից այն ժամանակավորապես կիրառելու դրույթին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Գլխավոր խողովակաշարերով նավթի և նավթամթերքի տարանցման բնագավառում համաձայնեցված քաղաքականության անցկացման մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
սահմանադրական դատարանի
նախագահ

Գ. Հարությունյան


25 նոյեմբերի 1997 թվականի
ՍԴՈ-71